Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս, այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելի հստակեցնելով, թե ինչ նկատի ունի Երևանը, երբ խոսում է Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի մետր տարածքային ամբողջականության մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 86, 6 հազար քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը․ Փաշինյան«Հայաստանի այսօրվա կառավարություն ինչ ասի-չասի, Հայաստանի Հանրապետության բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Եվ ես ասել եմ և ավելի եմ կոնկրետացրել, և ավելի կոնկրետ դժվար եմ պատկերացնում կարող եմ ասել։ 86,6 հազար [քառակուսի] կիլոմետր տարածքային ամբողջականությունը Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ճանաչել և, մեր ընկալմամբ, Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի Հանրապետության 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը», - այսօր հրավիրած ասուլիսում նշեց Փաշինյանը։
Միաժամանակ սակայն, ըստ Փաշինյանի, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ - Բաքու երկխոսության միջոցով։ Թե արդյո՞ք Բաքուն համաձայն է, վարչապետը չմանրամասնեց. - «Կարևոր ենք համարում այդ բանակցությունների միջազգային երաշխիքների ստեղծումը։ Նկատի ունենք, օրինակ, որ կարող է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը ուղղակի մոռացության մատնվել, և Ադրբեջանը շարունակի ուժային լծակի գործադրմամբ Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականությունը։ Եվ մենք կարևոր ենք համարում, որ լինեն երաշխիքներ, որ այդ քաղաքականությունը չի շարունակվելու»։
1975 թվականի քարտեզները, որոնց հիմքով կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ներառում են նաև անկլավները
Փաշինյանն այսօր նաև փակագծեր բացեց։1975 թվականի քարտեզները, որոնց հիմքով կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ներառում են նաև անկլավները։ Դրանք փոխանակելու հարցում, սակայն, միանշանակ դիրքորոշում Երևանը չունի։ Ավելի վաղ Հայաստանի իշխանությունները հայտարարում էին, թե անկլավների փոխանակման իրավական հիմքեր չկան. - «29 հազար 800-ի մեջ մտնում է նաև Արծվաշենը։ 86 հազար 600-ի մեջ էդ հաշվարկներով մտնում են նաև անկլավները։ Մենք էլի ասում ենք՝ սա քաղաքական որոշում ա, բայց հարցի իրավական մասը դեռ պետք ա դիտարկել և նայել»։
Մասնավորապես, ըստ վարչապետի, քննարկվում են մի քանի տարբերակներ։ Օրինակ, ամեն ինչ թողնել ինչպես կա, բայց պահպանել երկու պետություններին հասանելիք քառակուսի կիլոմետր տարածքը. - «Ենթադրենք, չափել, օրինակ, Արծվաշենի տարածքը ինչքան ա, մյուսների տարածքը ինչքան ա, և ըստ այդմ էնպես անել, որ ամեն ինչ լինի հավասարության սկզբունքի հիման վրա։ Մյուս տարբերակն էն ա, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո համապատասխան Արծվաշենը վերադառնա Հայաստանի ինքնիշխանության ներքո, էն մյուս տարածքները վերադառնան [Ադրբեջանին], որոնք դե յուրե կհիմնավորվեն, որովհետև էս նրբությունը միշտ պետք ա հաշվի առնել, որովհետև էդ իրավական մասերը մինչև վերջ ուսումնասիրված չեն։ Քաղաքական առումով այդպիսին է դիրքորոշումը»։
Չնայած Վաշինգտոնի կոչին՝ զորքերը երկկողմանի հետ քաշել, Ադրբեջանը, ըստ Փաշինյանի, մտադիր չէ դա անել։ Միացյալ Նահանգների պետքարտուղարը գաղտնազերծել էր, որ այս հարցը քննարկվել է վաշինգտոնյան բանակցություններում. - «Պիտի գոհունակությամբ արձանագրեմ, որ մենք այս խնդիրը տեսնում ենք նաև արդեն ձևակերպված միջազգային հանրության կողմից, ինչը բավական կարևոր է և ողջունելի։ Գոնե այս պահի դրությամբ ես Ադրբեջանի դիրքորոշման տեղաշարժ չեմ կարող արձանագրել՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ կոնկրետ սահմանային անվտանգության ապահովումը բանակցային գործընթացի կարևորագույն մաս է։ Ոչ մի գաղտնիք չկա նրանում, որ Ադրբեջանը շարունակում է վարել ռազմական ճնշման քաղաքականություն»։
Հայաստանը խաղաղության պայմանագրի նոր տարբերակ է ուղարկել Բաքու
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ինտենսիվ բանակցություններ են ընթանում․ ՓաշինյանԻսկ բանակցությունները, ըստ վարչապետի, ինտենսիվ են։ Վաշինգտոնյան հանդիպումից հետո հայկական կողմը խաղաղության պայմանագրի նոր տարբերակն է ուղարկել Բաքու, հիմա սպասում են պատասխանի։
Ավելի մոտ է ճանապարհային ենթակառուցվածքների վերաբացումը, մասնավորապես Մոսկվան ու Բրյուսելը հաղորդել են դեպի Նախիջևան երկաթուղու մոտալուտ գործարկման հնարավորության մասին։ Փաշինյանը սակայն, այսօր չասաց, թե ավտոճանապարհի ճակատագիրն ինչ է լինելու, Զանգեզուրի միջանցքի պահանջը դեռ ուժի մե՞ջ է. - «Մոսկվայի հանդիպումը հինգշաբթի օրն է։ Որ մինչև հինգշաբթի օրը մենք իրատեսական է խաղաղության պայմանագիր ստորագրել, չեմ կարծում։ Եթե կոմունիկացիաների բացման վերաբերյալ կհաջողվի գալ ընդհանուր հայտարարի, դուք գիտեք մեր մոտեցումները և սկզբունքները, բացառել չեմ կարող»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական կողմի առաջարկով Մոսկվայում նախատեսված է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումՀայաստան - ԵՄ, Հայաստան - ԱՄՆ հարաբերությունների օրակարգում Ռուսաստանին դուրս մղելու օրակարգ չկա
Փաշինյանը համաձայն չէ, թե Արևմուտքի նպատակն է Ռուսաստանին քշել այս տարածաշրջանից. - «Էսօր մեր գերեվարված հայրենակիցների իննսուն տոկոսը գերեվարվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո և խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում։ Արևմուտքը ի՞նչ կապ ունի էստեղ։ Հայաստանի և Եվրամիության, Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունների օրակարգում Ռուսաստանի Դաշնության դուրս մղելու օրակարգ պարզապես չկա, գոյություն չունի։ Այլ հարց, որ մենք նաև արևմտյան մեր գործընկերների հետ սկսել ենք քննարկել նաև անվտանգային ոլորտին վերաբերվող հարցեր»։
Բրյուսելյան բանակցություններից հետո հաղորդվեց նաև, որ ձերբակալվածների փոխանակման պայմանավորվածություն կա։ Եվրոպական խորհրդի նախագահը ընդգծել էր, որ հատկապես մոլորված զինվորիների վերադարձը պետք է արագ ընթացակարգով լինի։ Վարչապետը, սակայն, այսօր ասաց, որ մոլորված ադրբեջանցիներ Հայաստանում չկան, վերջին երկուսը հատուկ են հատել սահմանը, նրանցից մեկը մարդասպանության համար է մեղադրվում, ուստի պետք է իրավական գործընթաց լինի, և վճռից հետո միայն հնարավոր է քննարկել նրանց արտահանձնամն հարցը։