Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների Եվրոպական խորհրդի նախագահ միջնորդությամբ բրյուսելյան հանդիպումից հետո և Քիշնևում Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ ծրագրված հունիսմեկյան հանդիպումից առաջ ևս մեկ բանակցություն է նախատեսվում Մոսկվայում, այսօր տեղեկացրեց վարչապետը՝ չբացահայտելով դրա օրակարգը։
«Ռուսական կողմից ստացել ենք արդեն առաջարկ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ բաձրագույն մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնել Մոսկվայում՝ մայիսի 25-ին, և մենք ընդունել ենք այդ առաջարկը: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում է նախատեսվում հունիսի 1-ին Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակում», - ասաց նա:
Հաջորդ շաբաթ Մոսկվայում Պուտինի միջնորդությամբ կայանալիք հանդիպման մասին առայժմ չեն հայտնել պաշտոնական Մոսկվան ու Բաքուն։
Արևմուտքի միջնորդությամբ կա հնգակողմ հանդիպման ևս մի պայմանավորվածություն՝ հոկտեմբերին Գրանադայում, այսօր տեղեկացրեց Փաշինյանը։ Իսկ մայիսի 25-ին նախատեսված մոսկովյան եռակողմ հանդիպումից առաջ՝ վաղը, Ռուսաստանի մայրաքաղաքում բանակցելու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն արդեն Մոսկվայում են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրյուսելում գոհ են Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցություններից․ մանրամասներ Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջԿարևոր քայլ տարածաշրջանում կայունության հաստատման համար՝ ըստ Փաշինյանի
Ինչ է քննարկվել բրյուսելյան հանդիպման ընթացքում, և ինչ օրակարգ է սպասվում Մոսկվայում. այսօր Փաշինյանը կառավարության նիստին կրկին խոսեց բրյուսելյան հանդիպման գլխավոր թեմաների մասին՝ երկու երկրները նորից ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։
«Մայիսի 14-ին մենք, ըստ էության, կատարեցինք ևս մի քայլ, և ինչպես նշված է Եվրոպական խորհրդի նախագահի՝ մայիսի 14-ի հանդիպմանը հետևած հայտարարության մեջ, արձանագրեցինք, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր, իսկ Հայաստանը՝ Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը», - նշեց նա:
Սա Փաշինյանը համարում է կարևոր քայլ տարածաշրջանում կայունության հաստատման համար, բայց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու Փաշինյանի հայտարարության ֆոնին՝ իշխող ուժից որևէ ներկայացուցիչ վերջին օրերին ուղիղ չի ասել, որ Հայաստանը Այրցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, բայց և չեն հերքել։
Խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին՝ Փաշինյանն այսօր ընդգծեց՝ Բրյուսելում քննարկել են նաև Արցախում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության հարցը. - «Ուզում եմ հատուկ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ Եվրոպական խորհրդի նախագահի՝ մայիսի 14-ի եռակողմ հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության կարևորությունը` միջազգային հանրության հետ համագործակցված: Սա մի գործընթաց է, որն էական է Ադրբեջանի հետ հարաբերությունների իրական և համապարփակ կարգավորման և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման համար»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ժողովուրդը ոտքի կկանգնի և թույլ չի տա, որ Փաշինյանն անի այն, ինչ իր խելքին փչում է». ընդդիմադիր պատգամավորՄիմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելուց ու Բաքվի և Ստեփանակերտի միջև հնարավոր երկկխոսության հարցերից բացի, Փաշինյանը և Ալիևը Միշելի միջնորդությամբ քննարկել են նաև երկաթուղու վերականգնման, գերիների և այլ պահվող անձանց հետագա ազատ արձակման հարցը, այսօր տեղեկացրեց վարչապետը՝ հավելելով, որ հատկապես գերիների թեման շատ զգայուն է, հետևաբար խուսափեց մանրամասներ հաղորդելուց։ Եվրոպական խորհրդի նախագահը, մինչդեռ, բանակցություններից հետո տեղեկացրել էր, որ առաջիկայում ձերբակալվածներ ազատ կարձակվեն։ Բանակցություններից չորս օր անց, սակայն, որևէ տեղաշարժ չկա։
Արդյոք այս նույն օրակարգի շուրջ քննարկումները կշարունակվե՞ն Մոսկվայում. իշխանություններ չեն հստակեցնում, բայց պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ անկախ հարթակներից ու միջնորդներից՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խոսակցության օրակարգը նույնն է։ Կարելի է ենթադրել, որ մոսկովյան հանդիպման ընթացքում անդրադարձ կլինի նաև Լաչինի միջանցքի արգելափակմանը, որը հայկական կողմի գնահատականով՝ նաև Ռուսաստանի նախագահի ստորագրությամբ կնքված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է։