«Ռուս բարեկամներ, ձեռքերդ հեռու մեր պետությունից»
Գալիք կիրակի օրը՝ մայիսի 14-ին, Թուրքիան նախագահ և խորհրդարան է ընտրելու: Պայքարն օրըստօրե թեժանում է, հարցումների արդյունքները վկայում են, որ ընդդիմադիր թեկնածու, Ժողովրդահանրապետական կուսակցության լիդեր Քեմալ Քըլըչդարօղլուի վարկանիշը որոշակիորեն բարձրացել է:
Նախկինում երկրորդ փուլի անխուսափելիությունը կանխատեսող փորձագետներից շատերը հիմա չեն բացառում, որ պայքարը գուցե կավարտվի հենց մայիսի 14-ին: Մինչդեռ, Քըլըչդարօղլուն «Թվիթեր»-ում տեղադրած գրառմամբ աննախադեպ նախազգուշացում է հասցեագրել Մոսկվային:
«Հարգելի ռուս բարեկամներ, դուք եք մոնտաժների, դավադրությունների, Deep Fake բովանդակության և ձայնագրությունների հետևում, որոնք բացահայտվեցին այս երկրում: Եթե ցանկանում եք շարունակել մեր բարեկամությունը մայիսի 15-ից հետո, ձեր ձեռքերը հեռու պահեք մեր պետությունից։ Ինչպես և նախկինում՝ մենք մնում ենք համագործակցության և բարեկամության կողմնակից», - նշել է նա:
Այդ հայտարարությամբ Քըլըչդարօղլուն հանդես է եկել այն բանից հետո, երբ Էրդողանը մայիսի 7-ի հանրահավաքում ցուցադրել է տեսահոլովակ այն մասին, թե ինչպես է Քըլըչդարօղլուն աջակիցներին հորդորում քվեարկել, ապա կադրում հայտնվում է Քրդական աշխատավորական կուսակցության ղեկավարներից մեկը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քըլըչդարօղլուն Մոսկվային մեղադրում է Թուրքիայի նախընտրական գործընթացներին միջամտելու համարԳործող նախագահն այդպես փորձել է ընտրազանգվածին հուշել, թե Քըլըչդարօղլուի հաղթանակը հավասարազոր է ահաբեկիչների հաղթանակին:
«Գերմանիայի ձայն» ռադիոկայանի մասնագետներն ապացուցել են, որ դա մոնտաժված տեսագրություն է, որի կադրերը վերցված են տարբեր ժամանակներում և վայրերում արված նկարահանումներից: Դա էլ զայրացրել է ընդդիմադիր վեց կուսակցությունների թեկնածու Քըլըչդարօղլուին:
«Ամերիկան ուզում է տապալել մեր նախագահին»
Էրդողանի թիմն էլ պնդում դավադրությունների մասին: Այդ արշավում առաջատարներից է ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն է, որ հայրենասիրական երգերով ու կարգախոսներով համեմված նախընտրական հավաքներում մարդկանց համոզում է, թե Միացյալ Նահանգները ցանկանում է տապալել Էրդողանին, և թուրքերը պարտավոր են միահամուռ «ոչ» ասել Արևմուտքի ճնշումներին:
Սոյլուի պնդմամբ, այդ չար գործողությունների թիկունքում Ամերիկան է և անձամբ նախագահ Ջո Բայդենը:
«Նա մտածեց, որ եթե չի կարողացել մեր նախագահին գահընկեց անել հեղաշրջման միջոցով, ուրեմն պետք է դա անի ընտրություններին միջամտելով, նրանք են ուզում տապալել մեր նախագահին»,- ասել է Սոյլուն՝ որևէ կոնկրետ ապացույց չներկայացնելով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանի թիմում պնդում են, որ Արևմուտքը երկրում «քաղաքական հեղաշրջում» է ծրագրելԷրդողանը փորձում է վարկաբեկել Քըլըչդարօղլուին
Թուրքիան երկու տասնամյակ ղեկավարող Էրդողանը հիմնական մրցակցին վարկաբեկելու համար չի խորշում ոչ մի միջոցից: Վերջին հանրահավաքներից մեկում նա Քըլըչդարօղլուին անվանել է «հարբեցող»։
«Պարոն Քեմալը շատ է խմում, նա կարող է մի կուժ գարեջուր կուլ տալ, բայց դրանից ավելի լավը չի դառնա, մեր ազգը չի կարող նախագահի աթոռը վստահել հարբեցողին, գինեմոլին», - ասել է Էրդողանը:
Նույն հավաքում գործող նախագահն իր հիմնական մրցակցին նսեմացնելու մեկ ուրիշ հնարքի է դիմել:
«Այդ Ժողորդահանրապետականը ԼԳԲՏ-ի աջակից չէ՞, նրանց դաշինքի մնացած անդամները երբևէ «ոչ» ասե՞լ են ԼԳԲՏ-ին: Մեր կուսակցությունը՝ «Արդարություն և զրագացումը», երբեք ԼԳԲՏ-ի կողմնակից չի եղել և չի լինի»,- ասել է Էրդողանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ուրիշ Էրդողան չկա». ստամբուլյան ցույցին մասնակցել է Թուրքիայի գործող նախագահի 1,7 մլն աջակիցՔըլըչդարօղլուն ասում է, որ կան միջամտության մասին վկայող փաստեր
Փորձառու Քըլըչդարօղլուն էլ անպատասխան չի թողնում Էրդողանի հարձակումները և պնդում է, որ կա ռուսների կողմից թուրքական ընտրություններին միջամտելու հանգամանք: Reuters լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում նա ասել է, որ եթե չունենար փաստեր՝ այդպիսի գրառում «Թվիթեր»-ում չէր տեղադրի: Նա անընդունելի է համարում միջամտությունը դրսից:
«Ես ուզում էի, որ ամբողջ աշխարհը դա իմանա, և այդ նպատակով բացահայտ այդ մասին գրեցի «Թվիթեր»-ում»,- ասել է Քըլըչդարօղլուն:
Ռուսներն, ինչպես միշտ, հերքում են ընտրություններին միջամտելու մեղադրանքը
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը շատ է կարևորում Թուրքիայի հետ հարաբերություններն, Թուրքիան համարում է գործընկեր:
«Ընտրություններին միջամտելու մասին տեղեկություն պարոն Քըլըչդարօղլուին կարող էին միայն ստախոսները փոոխանցել», - ասել է Պեսկովը:
«Ամո՛թ քեզ, պարոն Քեմալ»
Գործող նախագահ Էրդողանը քննադատել է Քըլըչդարօղլուին ռուսների ենթադրյալ միջամտության վերաբերյալ մեկնաբանությունն հնչեցնելու համար:
«Հիմա էլ պարոն Քեմալը ռուսներից է գանգատվում, թե, իբր, ռոսւներն ուղղորդում են մեր ընտրությունները: Ամո՛թ քեզ, ի՞նչ կասես, եթե ես էլ ասեմ, որ Թուրքիայի ընտրություններին միջամտում են ԱՄՆ, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան», - հայտարարել է նախագահը:
Քըլըչդարօղլուի հնարավոր հաղթանակը լուրջ հետևանքներ կունենա
Վերլուծաբանների համոզմամբ, Քըլըչդարօղլուի հաղթանակի դեպքում թուրք-ամերիկյան և թուրք-եվրոպական հարաբերություններում հնարավոր է բարելավում, իսկ թուրք-ռուսական հարաբերություններում խոշոր համատեղ տնտեսական ծրագրերի սահմանափակում և քաղաքական կապերի որոշակի սառեցում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիայի նախագահության թեկնածու Ինջեն դադարեցնում է նախընտրական պայքարըԹուրքիայում կա ավելի քան 65 միլիոն ընտրող
Մայիսի 14-ին առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է ստանա քվեների կեսը գումարած մեկ ձայն: Թուրքիայում գրանցված է 64 միլիոն ընտրող, ևս 1 միլիոն 600 հազարը բնակվում է արտասահմանում և արդեն քվեարկել է:
Եթե կիրակի օրը հաղթողի անունը հայտնի չդառնա, ապա մայիսի 28-ին տեղի կունենա երկրորդ փուլը, որին կմասնակցեն առաջինում առավել քվեներ ստացած երկու թեկնածուները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այլ երկրներում բնակվող Թուրքիայի քաղաքացիների քվեարկությունն ավարտվել է