Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծանր հիվանդության և անգամ մահվան մասին տեղեկությունները փոքր-ինչ չափազանցված էին։ Դա պարզ դարձավ մի քանի ժամ առաջ՝ Մերսինից ոչ հեռու գտնվող «Ակկույու» ատոմակայանի առաջին էներգաբլոկում միջուկային վառելիքի ներբեռնման հանդիսավոր արարողության ընթացքում։ Ճիշտ է, Թուրքիայի նախագահն, ինչպես և նրա ռուսաստանցի գործընկերը, այս արարողությանը մասնակցում էին տեսակապի միջոցով, այնուհանդերձ ակնհայտ էր՝ Թուրքիայի նախագահը գիտակից վիճակում էր և անգամ ի վիճակի էր հանդես գալ ուղիղ յոթ րոպե տևած ճառով։
«Այսօր մենք այստեղ ենք հավաքվել, որպեսզի հպարտությամբ արձանագրենք՝ Թուրքիան համալրում է միջուկային պետությունների շարքը։ Այսօրվա արարողությունը կարևոր է նաև այն առումով, որ այսօր մեկնարկում է միջուկային վառելիքի ներբեռնման գործընթացը, ինչը «Ակկույու» ատոմակայանի լիարժեք շահագործմանը նախորդող նախավերջին քայլն է», - հայտարարում էր Էրդողանը։
Նկատելի էր, սակայն, որ Թուրքիայի նախագահը զգալիորեն գունատ է և հոգնած տեսք ունի։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անհամեմատ ավելի կայտառ էր, նրա ճառը մոտ երկու անգամ ավելի երկար էր, քան Էրդողանինը։
«Թանկագին բարեկամներ, ցանկանում եմ շնորհավորել ձեզ ռուս-թուրքական հարաբերությունների պատմության մեջ արձանագրված խոշորագույն նախագծերից մեկի կյանքի կոչման ևս մեկ փուլի ավարտի առթիվ։ Սա մի նախագիծ է, որ հիմնված է ոչ միայն փոխադարձ տնտեսական շահավետության, այլև բարիդրացիության, միմյանց շահերի հանդեպ փոխադարձ հարգանքի և դրանք հաշվի առնելու սկզբունքների վրա։ Թուրքիայի նախագահի հետ մենք հենց դրա մասին էինք խոսում քիչ առաջ կայացած հանգամանալի հեռախոսազրույցի ընթացքում», - հայտարարում էր Ռուսաստանի նախագահը։
«Ակկույու» ատոմակայանի փաստացի շահագործման արարողությունը, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մասնակիորեն փարատեց Թուրքիայի նախագահի առողջական վիճակի վերաբերյալ կասկածները։
Էրդողանը ինքնազգացողությունը վատացել էր երեքշաբթի երեկոյան՝ ուղիղ եթերում, որից հետո նրա նախընտրական շտաբը որոշել էր առնվազն մեկ օրով ընդհատել քարզարշավը՝ չեղարկելով այսօր նախատեսված բոլոր նախընտրական հանդիպումները։
Ընտրություններից մոտ երկու շաբաթ առաջ ձեռնարկված այս քայլը, սակայն, բազմաթիվ շահարկումների տեղիք տվեց, որոշ ոչ այնքան հայտնի և վստահելի թվիթերյան օգտատերեր երեկ երեկոյան սկսեցին գրել, թե Էրդողանի մոտ սրտամկանի ինֆարկտ է, նա հոսպիտալացվել է և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Սոցիալական ցանցերում ծագած այս աժիոտաժը Թուրքիայի նախագահի աշխատակազմին ստիպեց խախտել լռությունը՝ կտրականապես հերքելով շրջանառվող լուրերը։
Թուրքիայի նախագահի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթդին Ալթունի արձագանքը թերևս ամենակոշտն էր։ Twitter-ում արված անգլալեզու գրառման մեջ Ալթունը մեջբերում էր սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերից մի քանիսը՝ դրանք ապատեղեկատվություն որակելով:
«Մենք կտրականապես հերքում ենք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առողջական վիճակին վերաբերող անհիմն պնդումները։ Որևէ տեսակի ապատեղեկատվություն չի կարող կասկածի տակ դնել այն իրողությունը, որ թուրք ժողովուրդը աջակցում է իր առաջնորդին, իսկ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա «Արդարություն և Զարգացում» կուսակցությունը պետք է հաղթեն մայիսի 14-ի ընտրություններում», - գրել էր Ալթունը։
Այսօր կեսօրին Էրդողանի ինքնազգացողության մասին պարզաբանումներով հանդես եկավ նաև Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթդին Կոջան՝ Կոնյա քաղաքում կազմակերպված հանրահավաքի ժամանակ։
«Ես այսօր առավոտյան հանդիպել եմ նախագահ Էրդողանի հետ, և նա ձեզ էր հղում իր լավագույն մաղթանքները։ Նրա ինքնազգացողությունը լավ է։ Նրա մոտ ինֆեկցիոն սուր գաստրոէնտերիտ է ախտորոշվել, որի ազդեցությունը նախագահի առողջության վրա զգալիորեն թուլացել է։ Նախագահը նախապես ծրագրված իր հանդիպումների անցկացումը կվերսկսի որքան հնարավոր է շուտ», - հայտարարում էր Թուրքիայի առողջապահության նախարարը։
Նախագահական և խորհրդարանական ընտրություններին մոտ երկու շաբաթ է մնացել և քարոզարշավի ամեն մի կորսված օրը հավելյալ առավելություն է տալիս Էրդողանի գլխավոր մրցակցին՝ ընդդիմադիր վեց կուսակցությունների միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին։
Վերջին շաբաթներին անցկացված հարցումների համաձայն՝ ընդդիմության թեկնածուի վարկանիշը Էրդողանինից բարձր է երեքից յոթ տոկոսով, ինչը գրեթե անխուսափելի է դարձնում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։