Մատչելիության հղումներ

Էրդողանի թիմում պնդում են, որ Արևմուտքը երկրում «քաղաքական հեղաշրջում» է ծրագրել


Նախագահական ընտրություններից տասն օր առաջ Էրդողանի թիմը քննադատության սլաքները սկսում է ուղղել դեպի արևմուտք՝ պնդելով, որ Վաշինգտոնի գլխավոր նպատակներից մեկը Թուրքիայում «քաղաքական հեղաշրջման» իրականացումն է։ Այս տերմինի հեղինակային իրավունքը պատկանում է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին, որն այն առաջին անգամ օգտագործեց նախորդ շաբաթավերջին՝ Ստամբուլում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։

«Այն, ինչ տեղի ունեցավ 2016 թվականի հուլիսի 15-ին, դասական հեղաշրջման փորձ էր։ Այն, ինչ կկատարվի մայիսի 14-ին, քաղաքական հեղաշրջում է լինելու։ Այս հանգամանքը գնալով ավելի ու ավելի ցայտուն է դառնում։ 2023 թվականի մայիսի 14-ը կարող է Արևմուտքի կողմից կազմակերպված քաղաքական հեղաշրջման փորձ դառնալ», - հայտարարում էր Թուրքիայի ներքին գործերի նախարարը՝ զուգահեռներ անցկացնելով առաջիկա ընտրությունների և յոթ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների միջև, երբ թուրքական բանակի ստորաբաժանումների մի մասը փորձեց ուժով տապալել Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանությունը։

Այս հայտարարությունից մի քանի օր անց, Սուլեյման Սոյլուն թուրքական ամենահեղինակավոր լրատվական ալիքներից մեկի՝ Haberturk-ի եթերում ոչ միայն վերահաստատեց իր պնդումները, այլև անվանեց իր բնորոշած «քաղաքական հեղաշրջման» գլխավոր հեղինակին։

«Այս մարդն է խոսել քաղաքական հեղաշրջման մասին՝ Բայդենը։ Դա նա էր, որ հայտարարում էր, թե նախագահ Էրդողանին իշխանությունից հեռացնելու համար հարկավոր է աջակցել թուրքական ընդդիմությանը», - նշում էր Սոյլուն՝ անգամ իր հետ ստուդիա բերված համակարգչի էկրանին ցուցադրելով ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի նկարը։

Թուրքիայի ՆԳ նախարարի այս մեղադրանքները վերաբերում են Բայդենի՝ դեռ մինչև նախագահի պաշտոնում ընտրվելը հնչեցրած մի ելույթին, որի ընթացքում այն ժամանակ դեռ ներկուսակցական ընտրությունների փուլում գտնվող դեմոկրատ գործիչը խոսում էր Թուրքիայի և անձամբ նախագահ Էրդողանի հետ հարաբերությունների կտրուկ վերանայման անհրաժեշտության մասին։

«Մենք այժմ պետք է Էրդողանի նկատմամբ միանգամայն այլ մոտեցում որդեգրենք։ Հարկավոր է հստակեցնել, որ ընդդիմության առաջնորդները վայելում են մեր աջակցությունը», - 2019-ի դեկտեմբերին՝ New York Times-ի խմբագրակազմի հետ հանդիպման ժամանակ նշել է Բայդենը։

«Նա պետք է հստակ գին վճարի։ Մենք պետք է ուղղակի շփումների մեջ մտնենք թուրքական վերնախավի որոշ շրջանակների հետ։ Դա այն էր, ինչ ես անում էի նախկինում։ Մենք պետք է քաջալերենք այդ մարդկանց, որպեսզի նրանք Էրդողանին պարտության մատնեն։ Եվ դա պետք է տեղի ունենա ոչ թե հեղաշրջման, այլ ընտրական գործընթացների միջոցով»`-նախագահի պաշտոնում ընտրվելուց մոտ մեկ տարի առաջ հայտարարում էր Բայդենը։

Ուշագրավ է, ի դեպ, որ 2020 թվականի օգոստոսին, երբ Բայդենի այս հայտարարությունները հանրայնացվեցին, նրան ամենախիստ կերպով քննադատողներից մեկը թուրքական ընդդիմության այսօրվա միասնական թեկնածուն էր՝ Քեմալ Քըլըչդարօղլուն։

«Մենք մերժում ենք կայսերական գերիշխանության ստվերն անգամ», - երեք տարի առաջ հայտարարում էր Քըլըչդարօղլուն։

XS
SM
MD
LG