Իրադրությունը սրելու՝ Բաքվի հիմնական նպատակը բանակցային գործընթացում գրանցված առաջընթացը զրոյացնելն է, Բրյուսելում, ապա՝ Քիշնևում նախատեսված հայ-ադրբեջանական բանակցությունները խաթարելը, Սոթքում վաղ առավոտից սկսված սահմանային հրետակոծությունը կառավարության նիստի հենց սկզբում այսպես մեկնաբանեց Հայաստանի վարչապետը։
Սահմանային հերթական լարվածությունը հաջորդում է արտգործնախարարների վաշինգտոնյան քառօրյա բանակցություններին, նախորդում՝ 3 օրից Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպմանը։ Ղեկավարների մակարդակով մեկ այլ քննարկում էլ 20 օրից է ակնկալվում՝ այս անգամ Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի ու Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ։
«Ադրբեջանական կողմի այս գործողությունները սադրիչ են և այլոց շարքում նպատակ ունեն զրոյացնել այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում: Այսօրվա սադրանքը նպատակ ունի նաև խաթարել կիրակի օրը Բրյուսելում եռակողմ ֆորմատով, իսկ հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրյուսելում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները՝ եռակողմ ձևաչափովՎարչապետի այս հայտարարություններին նախորդել էր Արտգործնախարարության կոչը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու և դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու անհիմն փորձերը: Չնայած հենց ինքը՝ Փաշինյանն էր այսօր հայտարարում՝ էսկալացիաները Բաքուն օգտագործում է բացառապես բանակցություններում գրանցված առաջընթացը զրոյացնելու համար, բայց ասաց՝ բրյուսելյան բանակցությունները այս պահին չի չեղարկում:
«Այս պահի դրությամբ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իմ որոշումը չեմ փոխել», - ընդգծեց Հայաստանի կառավարության ղեկավարը:
«Խաղաղության հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի»
Փաշինյանն ամբողջությամբ չբացառեց կիրակի օրը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությունը, բայց և շատ փոքր համարեց դեպքերի նման զարգացումը։
«Ցավոք, նման հնարավորությունը շատ փոքր է, որովհետև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի և դեռ վաղ է այն ստորագրելու մասին խոսել: Մյուս կողմից խնդիր ունենք հնարավորինս արագ հասունացնել այդ փաստաթուղթը և այն պատրաստել ստորագրման», - նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ Ադրբեջանն իր այսօրվա գործողություններով կասկածի տակ է դնում Պրահայում ու Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Առանձնացրեց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առանցքային տարաձայնությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, բայց միայն դա չէ. Նիկոլ Փաշինյան
Վաշինգտոնյան բանակցություններում տարաձայնություններից մեկն էլ, ըստ Փաշինյանի, հենց այդ հարցի շուրջ է եղել: «Ազատության» հետ զրույցում վարչապետն ասել էր՝ խաղաղության պայմանագրի նախագծում դեռևս չեն կարողացել համաձայնության հասնել այն ձևակերպումների շուրջ, որոնք վստահություն կտան, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կմ տարածքը։
«Հարցը, որը ծագում է այս համատեքստում, հետևյալն է՝ եթե Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչո՞ւ է կրակում մեր երկրի ինքնիշխան տարածքի վրա», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Բանակցությունների այլընտրանքը պատերազմն է, ուստի պետք է գնալ»
Ընդդիմադիր Դաշնակցությունից, պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասում է՝ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է, ուստի պետք է գնալ։
«Բայց եթե բանակցողն ազգային շահերով չի առաջնորդվում, ակնկալել, որ հաջողություններ կլինեն, շատ իրատեսական չեմ համարում: Եթե Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում է՝ Ադրբեջան, ասա, որն է քո պատկերացմամբ Հայաստանի Հանրապետության սահմանը, ադրբեջանցի բռնակալն էլ չի մերժել իր գործընկերոջ՝ նիկոլ Փաշինյանի առաջարկությունը. ինքն է գծել Հայաստանի Հանրապետության այն սահմանը, որն ինքը հասկանում է, ու այդ սահմանի մեջ ակներևաբար Սյունիքը չի մտնում, ակներևաբար սահմանային որոշ հատվածներ Ադրբեջանը փորձել է յուրացնել», - նշեց Խաչատրյանը:
Ընդդիմադիր պատգամավորը չի հասկանում նաև բանակցություններում առաջընթացի մասին՝ Փաշինյանի հայտարարությունը։ Կարծում է՝ վաշինգտոնյան բանակցություններից հետո կողմերի տարածած հայտարարությունը ձախողման մասին էր. մի շարք առանցքային հարցերի վերաբերյալ դիրքորոշումները, այդ հայտարարության համաձայն, մնացել են տարամետ, իսկ առաջընթացը խաղաղության համաձայնագրի նախագծի «որոշ հոդվածների շուրջ» ունեցած փոխըմբռնմանն էր վերաբերում։
«Ունեցել են ընդամենը հոդվածների շուրջ փոխըմբռնման առաջընթաց, փոխըմբռնում չեն ունեցել», - ասաց Արթուր Խաչատրյանը:
Կիրակնօրյա բանակցություններին մասնակցությունը հաստատելու՝ վարչապետ Փաշինյանի այսօրվա հայտարարությունից հետո Բաքվից հայտնեցին՝ Իլհամ Ալիևը մայիսի 14-ին կմեկնի Բրյուսել։ Բայց հունիսի 1-ի հանդիպման վերաբերյալ դեռ վերջնական որոշում չունեն, թեև հնգակողմ այդ հանդիպման վերաբերյալ Եվրոպական խորհուրդն էր պաշտոնական տեղեկություն տարածել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիան հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկխոսություն կանցկացնեն Քիշնևում. ԿոլոննաԱդրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն ասել է՝ Բաքուն համաձայնություն է տվել Քիշնևում Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ հայ-ադրբեջանական ոչ պաշտոնական հանդիպմանը, պայմանով, որ այն չի փոխարինելու բրյուսելյան ձևաչափին:
«Սակայն վերջնական որոշում քիշնևյան հանդիպման մասին չկա, քանի որ դրա մանրամասները դեռ հայտնի չեն», - ասել է Հաջիզադեն:
Անցած դեկտեմբերին բրյուսելյան քառակողմ մի հանդիպում Ալիևը չեղարկեց՝ դեմ լինելով Ֆրանսիայի նախագահի մասնակցությանը։ Բաքուն պնդում էին՝ հակաադրբեջանական դիրքորոշում ունեցող Փարիզը չի կարող չեզոք միջնորդ լինել։ Ինչպես ադրբեջանական աղբյուրներն էին հաղորդել՝ Մակրոնի միջնորդությանն այս անգամ համաձայնել են պայմանով, որ Շոլցը ևս կմիանա քիշնևյան բանակցություններին։ Բայց թե դրանից հետո էլ հանդիպման ի՞նչ մանրամասներ են հիմա ուզում ճշտել Բաքվում, չեն մասնավորեցրել։