Մատչելիության հղումներ

Բնակիչները մնացել են իրենց բնակավայրերում և շարունակում են գյուղաշխատանքները. մարզպետ


Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, արխիվ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, արխիվ

Սոթքում ռազմական ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում: Գյուղ մտնել «Ազատության» նկարահանող թիմին չի հաջողվում:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն է այսօր եղել Սոթք գյուղում, ըստ նրա, գյուղում իրավիճակը հարաբերական կայուն է:

«Առավոտյան ժամը 6:00-ից սկսած ադրբեջանական կողմը եղել է սանձարձակ, հրետանային և ականանետային միջոցներ է կիրառել Սոթք բնակավայրի վերին հատվածում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Բնակավայրերին որպես այդպիսին վնաս չի հասցվել, բայց միջդիրքային կրակոցներ են եղել», - ասաց Սարգսյանը:

Կարեն Սարգսյանն ասաց, որ չորս վիրավորներից երկուսի վիճակը բավարար է, երկուսինը՝ միջին ծանրության, որոնք տեղափոխվել են Երևան:

«Շտապօգնության աշխատակիցների հետ կապված Պաշտպանության նախարարությունը կհայտնի, բայց այդ պահին շտապօգնությունը փորձում էր մոտենալ մեր վիրավորներին տեղահանելու և տեղափոխելու հոսպիտալ, որոնք որ իրենք թույլ չեն տվել», - նշեց նա:

Մարզպետը հերքեց որոշ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունը, թե բնակավայրերում տարհանում է իրականացվել:

«Ունեցել ենք քննարկում, նաև վիճակի և այդ պահի դրությամբ մեր ունեցածի գնահատում, ինչի արդյունքում որոշում չի կայացվել տարհանում իրականացնելու, և բնակիչները մնացել են իրենց բնակավայրերում և շարունակում են գյուղատնտեսական աշխատանքներ կազմակերպել, որևէ խուճապային կամ այլ տրամադրության չկա բնակիչների մոտ», - ասաց Սարգսյանը:

Գեղարքունիքի մարզպետը նշեց, որ ելնելով իրավիճակից՝ Սոթքի հանքի տնօրինությունը որոշում է կայացրել, որ հանքը չաշխատի:

«Ազատության» հարցին՝ «շաբաթներ առաջ հանքի ուղղությամբ էին կրակոցներ եղել, և բաց հատվածում աշխատանքները դադարեցվել էին: Մինչև այս պահը աշխատանքները դադարեցվա՞ծ են եղել, թե՞ շարունակվել են», մարզպետը պատասխանեց. - «Փորձ եղել է շարունակել բաց հանքում աշխատանքներ իրականացնել, բայց ադրբեջանական կողմը միշտ սադրանքների է դիմել վերջին ժամանակներում, ինչի արդյունքում աշխատակիցների անվտանգության խնդիրները հաշվի առնելով չեն շարունակվել բաց հանքում աշխատանքները»:

Այսօր առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 6-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային և ականանետային կրակ են բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ, հայկական Զինված ուժերը պատասխան գործողություններ են ձեռնարկել: Հայկական կողմը հաղորդել է իր չորս վիրավորների, ադրբեջանական կողմը՝ մեկ զոհի և մեկ վիրավորի մասին:

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ ժամը 10-ից սկսած լարվածությունն առաջնագծում նվազել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է:

Պաշտոնական Բաքուն իր հերթին հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտման մեջ:

XS
SM
MD
LG