Տարածաշրջանային հետազոտությունների տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը համաձայն չէ անցած շաբաթ Վաշինգտոնի Արլինգթոն արվարձանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի քառօրյա բանակցություններից հետո Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի բարձրաձայնած «լավատեսական, վարդագույն սցենարին»: «Հուսամ՝ սխալվում եմ», - հավելեց Կիրակոսյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման եթերում:
Պետքարտուղարը հինգշաբթի օրը հայտարարել է, որ երկկողմ և եռակողմ քննարկումների ինտենսիվ և կառուցողական շարքից հետո կողմերը զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման գործում: «Երկուսն էլ անկեղծ հանձնառություն դրսևորեցին հարաբերությունների կարգավորման և երկու երկրների միջև երկարատև հակամարտությունը դադարեցնելու հարցում», - ասել է Բլինքենը՝ նշելով, որ լավատես է՝ համաձայնագրի կայացումը մոտ է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղության համաձայնագիրն իսկապես հասանելի է. Բլինքենը՝ արլինգթոնյան բանակցությունների մասին
«Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ պետքարտուղարը հակված է պնդելու, որ շատ ավելի առաջընթաց է ձեռք բերվել, քան մենք սպասում էինք», - մանրամասնեց Կիրակոսյանը:
Այդուհանդերձ, նա համաձայն է պետքարտուղարի լավատեսությանը այն առումով, որ «ինքնին նույնիսկ նշանակալի է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները չորս օր շարունակ անցկացրեցին բանակցելով»: «Սա աննախադեպ է Քի Ուեսթից հետո: Այսինքն՝ սա շատ ավելին է, քան մեկօրյա կամ կեսօրյա հանդիպում», - նշեց Կիրակոսյանը:
«Այսպիսով, ես պնդում եմ, որ որոշ աստիճանի առաջընթաց կա, սակայն թերահավատ եմ, քանի որ Ադրբեջանը շարունակաբար հիասթափեցրել է: Ու երբ նրանք վերադառնում են նման հանդիպումներից հետո, տեղի է ունենում էսկալացիա, որը հակված է տապալելու ցանկացած առաջընթաց», - ընդգծեց Տարածաշրջանային հետազոտությունների տնօրենը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նախարարները «ունեցել են փոխըմբռնման առաջընթաց», բայց «մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»
«Կիրակնօրյա վերլուծականի» մայիսի 7-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.