Չնայած Բաքվի ռազմատենչ սպառնալիքներին, Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակին, Արցախի շրջափակմանը՝ Երևանը պատրաստ է խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ, այսօր Պրահայում հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ չեխ պաշտոնակցի հետ ասուլիսում․ նա մի քանի անգամ հատուկ շեշտեց՝ ոչ թե «չնայած այդ իրավիճակին», այլ «հենց այդ իրավիճակով» պայմանավորված է Երևանը խաղաղության անհրաժեշտություն տեսնում և պատրաստ է կառուցողական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։
«Մի կողմից կարելի է ասել, թե այս պայմաններում ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն, բայց մյուս կողմից՝ դրանից ելնելով՝ կարելի է ընդգծել, որ խաղաղությունն անհրաժեշտ է», - նշել է Փաշինյանը:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների արդեն մի քանի օր Վաշինգտոնում շարունակվող բանակցությունների ֆոնին Հայաստանի վարչապետը հայտարարեց՝ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է լարված մնալ։ Միաժամանակ մի քանի անգամ ընդգծեց՝ թեև Ադրբեջանի իշխանությունների քայլերը չեն նպաստում լարվածության թուլացմանը, հայկական կողմն անկեղծ է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հարցում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ-ադրբեջանական բանակցություններում ԱՄՆ-ը առաջընթաց է տեսնում«Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը և դրան նախորդած միջանցքի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի փետրվարին կայացրած միջանկյալ որոշման կոպիտ խախտում են», - հայտարարեց Փաշինյանը հավելելով՝ «այս համատեքստում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք խմբի առաքումը համարում ենք անհրաժեշտ։ Միևնույն ժամանակ, ի հեճուկս բոլոր դժվարությունների, Հայաստանի կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգ»:
«Չեխիայի և ԵՄ անդամ պետությունների միասնական նպատակն է հասնել տարածաշրջանում կայունության»
Միջազգային հանրությանը մաս կազմող Եվրամիության անդամ Չեխիայի վարչապետը Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով ստեղծված հումանիտար ճգնաժամին անդրադառնալով՝ միայն դաշինքի հայտարարությանը հղում արեց, ասաց՝ Պրահան կիսում է Բրյուսելի դիրքորոշումը, սակայն անձամբ հրաժարվեց Եվրամիության դիվանագիտական գերատեսչության օրինակով ուղիղ կոչ անել Բաքվին ապաշրջափակել Արցախը Հայաստանին կապող միջանցքը։
«Մենք համաձայն ենք Եվրամիության դիրքորոշման հետ այդ հարցում։ Մենք հավատացած ենք, որ պետք է հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկվեն, որպեսզի խաղաղություն և կայունություն հաստատվի ԼՂ-ում և ամբողջ Կովկասի տարածաշրջանում», - նշեց Չեխիայի կառավարության ղեկավարը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում զորքերը հետ քաշել 1991-ի սահմանային գծիցԼրագրողի հարցին՝ արդյոք Չեխիան դիտարկո՞ւմ է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հնարավորությունը՝ հաշվի առնելով Բաքվի գործողությունների հետևանքվ ստեղծված հումանիտար ճգնաժամը և այլ պայմանավորվածությունների խախտումը, վարչապետ Ֆիալան խուսափեց ուղիղ պատասխանից։ Պատճառաբանեց, թե խախտումների մասին խոսելը չէր նպաստի իրավիճակին, միաժամանակ պնդեց՝ պետք է ջանքերն ուղղել կայուն խաղաղության հաստատմանը, որը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար։
«Չեխիայի և ԵՄ անդամ պետությունների միասնական նպատակն է հասնել տարածաշրջանում կայունության, տևական խաղաղության, որը նշանակում է նաև երաշխավորել Հայաստանի իրավունքները, երաշխավորել հայերի իրավունքները. դա կարևոր հանգամանք է: Մենք կարևորում ենք այն հանգամանքը, որ կնքվի խաղաղության պայմանագիր, որը ընդունելի կլինի բոլոր կողմերի համար։ Եվ վարչապետի հետ մեր քննարկմանը ես հասկացա, որ Հայաստանը հետաքրքրված է տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմամբ», - ընդգծեց Ֆիալան։
Հայաստանի և Չեխիայի վարչապետերը քննարկել են նաև երկկողմ կապերը խորացնելուն ուղղված քայլեր
Բացի անվտանգային խնդիրներից, Բաքու-Երևան հարաբերությունների կարգավորման գործընթացից, Հայաստանի և Չեխիայի վարչապետերը, ինչպես տեղեկացրին՝ երկկողմ կապերը խորացնելուն ուղղված քայլերն են քննարկել։
Պետեր Ֆիալան հայտարարեց, որ հարաբերությունները Հայաստանի հետ ավելի խորացնելու ցանկություն ունեն, նման հնարավորություններ են տեսնում տնտեսության, գիտության, հետազոտությունների և կրթության ոլորտներում։ Երեք տասնամյակ առաջ դիվանագիտական հարաբերություններ հաստատած երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը թեև վերջին տարիներին ակտիվացել է, ցուցանիշներն այդուհանդերձ տպավորիչ չեն․ վերջին մի քանի տարվա կտրվածքով խոսքը մի քանի տասնյակ միլիոն դոլարի մասին է։
Չեխիայի վարչապետը առանձնացրեց նաև միջուկային էներգետիկայի ոլորտում հետագա համագործակցությունը, նշեց, որ չեխ գիտնականները արդեն ներգրավված են Մեծամորի ատոմակայանի անվտանգության բարելավման աշխատանքներին, մասնակցում են ընթացիկ վերանորոգումներին։
«Կա ծրագիր, հնարավոր է, որ արտադրվեն փոքր օդանավեր Ստեփանավան քաղաքում», - ասաց Ֆիալան։
Փաշինյանը Պրահայում է երկօրյա այցով։ Սա նրա առաջին պաշտոնական այցն է Չեխիայի Հանրապետություն։ Հայաստանի վարչապետը մինչ այդ՝ անցած հոկտեմբերին Պրահայում մասնակցել էր Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովին։ Հենց այդ միջոցառման շրջանակներում Բաքուն և Երևանը հատուկ հայտարարությամբ արձանագրեցին, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հանձնառություն հայտնելով ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Խորհրդային Միության փլուզումից հետո Ալմա Աթայում 1991-ին ստորագրված հռչակագրին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քառակողմ հանդիպման հայտարարությունում երկու կարևոր արձանագրում կաՆաև Պրահայում էր կայացվել Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելություն տեղակայելու որոշումը, ի դեպ, այդ առաքելության կազմում, նաև չեխ մասնագետներ են ներգրավված։
Այսօր Չեխիայի առաջնորդն ընդգծեց, որ Պրահան այսուհետ էլ պատրաստ է մասնակցել աշխատանքների, որոնք կնպաստեն լարվածության թուլացմանը: