Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետեր տեղադրելով Բաքուն ապահովում է իր ինքնիշխան իրավունքն ու երկրի տարածքային ամբողջականությունը, հայտարարել են Ադրբեջանի իշխանությունները Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կալոնայի հետ հանդիպումներում:
Ֆրանսիական դիվանագիտության ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ Բաքու է մեկնում՝ Ալիևի վարչակազմի հետ քննարկելու Լաչինի ապաշրջափակման հարցը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիայի ԱԳ նախարարը ապրիլի 26-28-ը կայցելի Ադրբեջան, Հայաստան և ՎրաստանՉնայած Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի պնդումներին և մեղադրանքներին, թե Հայաստանը Լաչինի միջանցքով զենք է տեղափոխում Լեռնային Ղարաբաղ, Բաքվում ասուլիսի ժամանակ ֆրանսիացի պաշտոնյան հստակ հայտարարեց՝ ճանապարհը պետք է բացվի, կա ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի համապատասխան որոշում, և Բաքուն պետք է հաշվի նստի այդ հարցով Վաշինգտոնի և Փարիզի դիրքորոշումների հետ:
«Լաչինի միջանցքի հարցում մեր տեսակետը տարբերվում է, ինչո՞ւ՝ շատ պարզ պատճառով, քանի որ կա իրավական փաստաթուղթ՝ դատարանի վճիռ, և Ադրբեջանը պետք է հարգի միջազգային իրավունքը», - հայտարարեց Կալոնան՝ հատուկ ընդգծելով Փարիզի ափսոսանքը Լաչինի միջանցքում Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ։ Նա նաև համոզմունք հայտնեց, թե միջանցքով ազատ տեղաշարժը կնպաստի փոխադարձ վստահությանը։
«Լաչինի միջանցքը բաց է և կշարունակի բաց մնալ», - արձագանքելով ֆրանսիացի պաշտոնակցի հորդորներին՝ պնդեց Բայրամովը։
Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով՝ Բաքուն Երևանին առաջարկել է զուգահեռ հսկողություն իրականացնել սահմանին՝ Լաչինի ճանապարհի մուտքի մոտ, բայց հայկական կողմը մերժել է․ - «Ադրբեջանական կողմի առաջարկներից մեկը Լաչինի ճանապարհին թափանցիկ վերահսկողության ռեժիմի ներդրումն էր։ Սակայն Հայաստանը հրաժարվել է զուգահեռ վերահսկողության առաջարկից։ Այդ պատճառով Լաչինի ճանապարհին թափանցիկ հսկողություն ապահովելու նպատակով Ադրբեջանը ապրիլի 23-ին քայլեր է ձեռնարկել մուտքի վերահսկման գործառույթներն իրականացնելու ուղղությամբ»։
Հայկական կողմը Բաքվի այս պնդումներին առայժմ չի արձագանքել:
Կալոնայի այցը Բաքու տեղի է ունենում ֆրանս - ադրբեջանական լարված հարաբերությունների ֆոնին։ Անցած ամիսներին պաշտոնական Բաքուն բազմիցս կոշտ քննադատություն է հնչեցրել Ֆրանսիայի իշխանությունների հասցնեին, այդ թվում՝ ֆրանսիական խորհրդարանի երկու պալատների կողմից Հայաստանին աջակցող և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ առաջարկող բանաձևեր ընդունելու համար։
Բաքուն Փարիզին մեղադրեց հայամետ դիրքորոշման, հայ - ադրբեջանական խաղաղ գործընթացը վնասելու համար, պնդելով, թե այդ քայլերը ցույց են տալիս Ֆրանսիայի «կողմնակալ քաղաքական դիրքորոշումը, որը չի կարող հանդես գալ չեզոք և արդար միջնորդի դերում»։
Ադրբեջանի նախագահն անձամբ էր նույնաբովանդակ մեղադրանքներ հնչեցրել Եվրամիության առաջատար երկրի հասցեին, մերժել Փարիզի միջնորդական դերը հայ - ադրբեջանական բանակցային գործընթացում՝ չեղարկելով Բրյուսելում անցած դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը՝ Էմանյուել Մակրոնի մասնակցության պատճառով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի վարչապետի հետ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա․ ԱլիևԱյսօր էլ Բայրամովը չթաքցրեց Ֆրանսիայի նկատմամբ դժգոհությունը, ասաց, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Փարիզը տարիներ շարունակ անտեսել է Բաքվի կոչերը և չի դատապարտել հայկական կողմի քայլերը, այլ փոխարենը հայտարարել է, որ պետք է շարժվել դեպի խաղաղություն։
Ադրբեջանական կողմն այսօր էլ է ձգտում խաղաղության, հավաստիացրեց Բայրամովը և կրկին Երևանին մեղադրեց ապակառուցողական քաղաքականություն վարելու համար։ Ադրբեջանի արտգործնախարարը միաժամանակ տեղեկացրեց, թե ակնկալվում է, որ առաջիկայում Հայաստանը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ՝ Բաքվի հետ քննարկելու խաղաղության պայմանագիրը։ Ակնկալվող բանակցությունների վերսկսման ժամկետների, ձևաչափի մասին Բայրամովը մանրամասներ չհայտնեց։
Նույն րոպեներին Մոսկվայում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղեկացրել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մասնակցությամբ հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել, ժամկետների մասին խոստացել է հայտնել ավելի ուշ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից «Ազատության» հարցին ի պատասխան հաստատեցին, որ եռակողմ հանդիպման պայմանավորվածություն արդեն կա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ ԱԳՆ-ը հաստատում է՝ կա Լավրով-Միրզոյան-Բայրամով հանդիպման պայմանավորվածություն