«Դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք». արդեն այսպիսի եռազելու ցուցանակ է տեղադրվել Հակարիի կամրջի վրա։ Ադրբեջանական կողմն ավարտին է հասցնում երկու օր առաջ տեղադրված անցակետի ձևավորումը:
Այսօր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ դրանով առաջին 5 հայ ուղևորներն են տուն՝ Արցախ վերադարձել։
«Ամենափիս րոպեն էր... արդեն իրենց դրոշը ծածանվում ա։ Մի հատ մեծ պաստառ, վրան գրված է «Բարի գալուստ Ադրբեջանի Հանրապետություն»։ Արդեն էտի որ տեսավ, Մարալը՝ իմ աղջիկը սկսավ լացել։ Ասեց՝ մամ, էս մեր հողն ա, ինչի՞ համար տենց են անում», - «Ազատությանը» պատմեց Մեծ Շեն համայնքի բնակիչ Սևան Մանջիկյանը։
Սիրիահայ Մանջիկյանը Մեծ Շենի բուժքույրն է։ Կիրակի առավոտյան իր ու հարևանի երկու երեխաների հետ հարևան Սյունիքի Տեղ գյուղ էր եկել ՝ գնումների։ Վերադարձին կամրջով արդեն անցնել չեն կարողացել. - «Ժամը 12-ն էր, հասանք մոստը, ռուսները չթողեցին, որ անցնինք։ Իմ համար կասկածելի պահը որն էր, որ մոստի վրա հլա որ թուրք չկար, միայն ռուսներն էին»։
Մանջիկյանը երեք անչափահաս երեխաների հետ Գորիսի հյուրանոցում է գիշերել, փոքրը ՝ հարևանուհու դուստրը ընդամենը երեք տարեկան է. - «Էսօր առավոտվանից արդեն ինքը լացում էր, մամային էր ուզում, ախպերներին էր ուզում։ Ինչ արեցինք, չկարողացանք հանգստացնել»։
Ի վերջո մոտ երկու ժամ առաջ տուն են հասել խաղաղապահների մեքենայով։ Անցակետում, Սևանի տպավորությամբ, արդեն ամեն ինչ պատրաստ էր երթևեկությունը վերահսկելու համար, իրենց սակայն չեն կանգնեցրել. - «Ոչ մի բան չստուգեցին, բայց ես հոգեպես պատրաստվել էի, որ հանկարծ եթե մոտենան ստուգելու, ես իրանց լեզվով մի քանի բառ ասելու էի։ Չմոտեցան։ Երկու կողմում իրենք շարված էին, զինվորները։ Էդ ռուսական ավտոյով մենք անցանք»։
Շուշիի շրջանի գյուղերը երրորդ օրն է ադրբեջանական օղակի մեջ են։ Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող, Լիսագոր գյուղերում 350 արցախցի է ապրում։
«Եթե էսպես շարունակվի, ապա մի երկու-երեք օր հետո արդեն սննդի խնդիր ա ըլներու։ Որովհետև գյուղերի մեծ մասը հաց են ներկրում Գորիսից։ Դժվարը հիվանդների մոմենտն ա, շտապօգնության մոմենտն ա։ Եթե հանկարծ ինչ-որ ծանր հիվանդ ըլնի, տեղափոխման հարց լինի, արդեն մեծ խնդրի առջև ենք կանգնելու, որովհետև և' դեպի Գորիս ա փակ, և' դեպի Ստեփանակերտ ա փակ», - «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց Շուշիի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անցակետի տեղադրումից հետո Շուշիի շրջանի 4 համայնքներ մնացել են լիակատար շրջափակման մեջՀակարիի կամրջով այս չորս գյուղերի բնակիչները դեպի Հայաստան՝ Գորիս էին գալիս, քանի որ ավելի քան 4 ամիս զրկված էին Ստեփանակերտի հետ կապից՝ Քարին Տակի մոտ էլ ադրբեջանցի իրենց բնապահպան անվանողներն են։ 110 ընտանիք մնացել է ադրբեջանական երկու անցակետերի միջև։
Շուշիի վարչակազմի ղեկավարի խոսքով, ադրբեջանցիների նպատակը մեկն է. - «Որպեսզի հսկեն մեր անցուդարձը, մուտք ու ելքը Հայաստանի Հանրապետություն։ Արդեն իրենք ազատ են իրենց գործողություններում, ամեն ինչ հնարավոր է։ Կարող ա պատահի իրենց ցուցակներում էնպիսի մարդիկ լինեն ընդգրկված, որոնք իրենց համար անցանկալի են, կարան ամեն միջոցի դիմեն։ Որովհետև թուրքից ամեն ինչ սպասելի ա»։
Եղցահողցի Կարեն Այդինյանը ևս անհնար է համարում, որ իրենք ադրբեջանական անցակետով սկսեն երթևեկել։ Ենթադրում է, որ ամեն անգամ մի տհաճ խոսքուզրույց կլինի՝ անկանխատեսելի հետևանքներով. - «Դա հնարավոր բան չի, որ թուրքը մեր պասպորտը նայի»։
Շուշիի շրջանի գյուղերում ասում են, որ սննդի, դեղորայքի սուր խնդիրներ առայժմ չկան։ «Ով ինչ ունի, կիսվում-յոլ ենք գնում», - ասում է Այդինյանը։ Նրա այս պահի հոգսը իր 70 սոված խոզերն են. - «Կերի մոմենտն ա... ոչ էն կողմ ենք կարում գնանք, ոչ էս կողմն ենք կարում գանք»։
Նույն խնդիրը մյուս համայնքներում է։ Սևան Մանջիկյանն ասում է, որ հարևաններով գրաֆիկ են կազմում, թե ով որ օրը իր անասունը մորթի։
Կամրջի փակումն է'լ ավելի է սրել սննդի, վառելիքի ճգնաժամը չորս ամսից ավելի պաշարման մեջ գտնվող Արցախում։ Մինչև կիրակի ռուս խաղաղապահները միջանցքով հումանիտար բեռ էին հասցնում արցախցիներին, Կարմիր խաչը ծանր հիվանդներին էր կարողանում Հայաստան տեղափոխել, նաև ադրբեջանական անցակետի տարբեր կողմերում հայտնված ընտանքիների էր միավորում։
«Վերջին անգամ ապրիլի 22-ին ենք ունեցել շարժ Լաչինի միջանցքով ընտանիքների վերամիավորման համար։ Այս քանի օրերին շարժ չի եղել, այսինքն՝ պլանավորած ոչ մի գործընթաց չունեինք», - փոխանցեց ԿԽՄԿ արցախյան առաքելության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանը։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեից տեղեկացնում են, որ կողմերի հետ երկխոսության մեջ են։
Ինչ է լինելու այս ամենի վերջը։ Քեսաբից ընտանիքի հետ Մեծ Շենում հաստատված 47-ամյա բուժքույրը այսօր գյուղ էր վերադարձել իր քրոնիկ հիվանդների դեղերի պաշարով։ Ասում է՝ քանի մեծշենցիներն այստեղ են, ես էլ եմ այստեղ. - «Ես չեմ կարա էսքան մարդ թողեմ ու գնամ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները շարունակվում են