Արցախը Հայաստանին կապող մայրուղու վրա Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո Արցախի Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ, հայտարարել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ նշելով, որ բնակիչները կտրվել են ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ Հայաստան մեկնելու հնարավորությունից:
Պետնախարարի փոխանցմամբ, մինչև անցկետի տեղադրումը և ճանապարհը փակելը Մեծ Շեն համայնքից երեք անչափահաս երեխա, որոնցից մեկը երեք տարեկան, մեկնել էին Գորիս և այժմ նրանք չեն կարողանում վերադառնալ ծնողների մոտ: Նույնպիսի իրավիճակ կա նաև Լիսագոր համայնքում՝ համայնքի մի քանի բնակիչներ մնացել են Հայաստանում։
Հիշյալ համայնքներից շտապ օգնության մեքենաների շարժը դեպի Հայաստան և քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար Ներսիսյանը դիմել է ռուսական խաղաղապահ ուժերին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը կդիմի ՄԱԿ-ի Արդարադատության դատարան՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ դնելու հարցովԱդրբեջանն ապրիլի 23-ից փակել է Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Բաքվից հայտնել են, թե տեղում նոր անցակետ են տեղադրել՝ պարզաբանելով՝ «անվտանգության նկատառումներից ելնելով»։
Ադրբեջանի արտգործնախարարությունը մեղադրել է հայկական կողմին Լաչինի ճանապարհի անօրինական օգտագործման մեջ, նշելով, որ այն օգտագործվել է «զենքի և զինամթերքի տեղափոխումը, բնական ռեսուրսների և մշակութային պաշարների ապօրինի արտահանումը, ականների տեղադրումը» կազմակերպելու համար։
Պաշտոնական Ստեփանակերտը Բաքվի այս գործողությունները 2020թ. եռակողմ հայտարարության դրույթների հերթական կոպտագույն խախտում է համարել՝ նշելով՝ Ադրբեջանը սա անում է՝ զուգահեռաբար շարունակելով ապատեղեկատվություն տալ Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք երկրներն առանձին-առանձին մտահոգություն են հայտնել Հայաստանն Արցախին կապող ճանապարհին անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշման կապակցությամբ, ընդգծելով, որ դա խաթարում է խաղաղության գործընթացը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մինսկի խմբի երկրները մտահոգություն են հայտնել անցակետ տեղադրելու Բաքվի որոշման կապակցությամբ