Իշխանությունները չեն ընդունում խորհրդարանական ընդդիմության քննադատությունը, թե Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու կանաչ լույսը Երևանն է վառել, երբ անցած շաբաթ Ազգային ժողովում վարչապետը հայտարարեց, թե Հայաստանն ամբողջությամբ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ խաղաղությունը հնարավոր է, եթե Հայաստանն իր տարածք է ճանաչում 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը։
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագրից» Սարգիս Խանդանյանն ասում է՝ ընդհակառակը, վարչապետի ելույթը կառուցողական էր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական կողմը, ըստ Արցախի, փակել է Հակարիի կամուրջը. Բաքուն հաղորդում է անցակետի տեղադրման մասին«Ակնհայտ է դառնում, որ Հայաստանը Հայաստանի և Ադրբեջանի մեջ կոնստրուկտիվ կողմ է, և դա կարծես թե տեսանելի է դառնում նաև միջազգային գործընկերների համար և դրա ապացույցն է, օրինակ, Պետդեպարտամենտի կամ Ֆրանսիայի արտգործնախարարության կողմից շատ արագ և հասցեական գնահատականները ստեղծված իրավիճակից հետո, և Հայաստանը չի կարող հետ կանգնել իր հանձն առած խաղաղության գործընթացից, տարածաշրջանում կայունություն հաստատելու իր նպատակից», - ասաց Խանդանյանը։
Մինչդեռ Բաքուն ևս երեկ վկայակոչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին Երևանի հայտարարությունները։ Ադրբեջանի արտգործնախարարությունը հիշեցրել էր Պրահայի և Սոչիի պայմանավորվածություններն՝ օրինական որակելով անցակետի տեղադրումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մինսկի խմբի երկրները մտահոգություն են հայտնել անցակետ տեղադրելու Բաքվի որոշման կապակցությամբ«Մշտապես Հայաստանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն և պետք է հասցեագրվեն միջազգային տեսանելիության պայմաններում, ուստի Բաքվի նման ձևակերպումը մանիպուլատիվ է և վերջին հայտարարությունը և՛ս Ազգային ժողովում վարչապետ Փաշինյանի հաջորդել է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման մասին խոսակցությամբ», - ասաց իշխանական պատգամավորը։
Ստեղծված իրավիճակից Երևանը շարունակում է ելք տեսնել միայն դիվանագիտական, քաղաքական ճանապարհով՝ լրացուցիչ ջանքեր ակնկալելով Ռուսաստանից, թեև ռուս խաղաղապահների միջնորդությամբ անցած չորս ամիսների բանակցությունները ոչ միայն արդյունք չտվեցին, այլև վատթարացրին իրավիճակը։
«Եթե նկատի ունեք ուժային սցենարը, ես կարծում եմ դա անհեռանկար սցենար է, որովհետև Հայաստանն այդ եղանակով չի պատկերացնում հարցերի լուծումը», - եզրափակեց Խանդանյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի ԱԳՆ․ «Միակողմանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ անընդունելի են»