33 հայ քաղաքացի դեռ ադրբեջանական գերության մեջ է

Ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ Ադրբեջանը մինչև օրս շարունակում է 33 գերեվարված հայ քաղաքացու պահել անազատության մեջ։ Այդ մասին ասված է Հայաստանի կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցում։

2022-ի ընթացքում, ըստ կառավարության, հաջողվել է ապահովել 31 գերեվարված հայ քաղաքացու վերադարձը:

Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները 2020-ի նոյեմբերի 9-ին համատեղ հայտարարություն ստորագրեցին։ Հայտարարության 8-րդ կետում նշվում է, որ «կատարվում է ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում», սակայն մինչ օրս Ադրբեջանը չի վերադարձրել բոլոր գերիներին։ Ադրբեջանական բանտերում, պահվող հայ գերիների մեծ մասն արդեն դատապարտվել է տարբեր մեղադրանքներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև ահաբեկչություն: Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։

Այսօր հրապարակված զեկույցում Հայաստանի կառավարությունը նշում է, որ Երևանը բոլոր միջազգային ատյաններում, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, Արդարադատության միջազգային դատարանում, հետապնդում է գերեվարված քաղաքացիների և նրանց վերադարձի խնդիրը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի դատարանը մասամբ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը, միաձայն մերժեց Ադրբեջանինը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կյանքի կոչելու համար պետք է առավելագույն ճնշում գործադրվի Ադրբեջանի վրա. Եղիշե Կիրակոսյան

«Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում կարևոր է մնում նաև անհետ կորած անձանց հարցը: Հայկական կողմից 975 քաղաքացու գտնվելու վայրն անհայտ է համարվում, որոնցից 777-ը՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի, 196-ը՝ 44-օրյա պատերազմի, 2-ը՝ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով», - ասված է զեկույցում:

Ըստ Երևանի՝ 2022-ին Հայաստանն Ադրբեջանին է վերադարձրել ենթադրաբար անհետ կորած համարվող ադրբեջանցիների 35 ոսկոր և մարմինների գտնվելու հնարավոր վայրերի երեք քարտեզ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ