Մատչելիության հղումներ

ՌԴ դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ, ԱՄՆ դեսպանը՝ Սյունիքի


Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն աշխատանքային այցով այսօր Գեղարքունիքի մարզում էր։

Ըստ մարզպետարանի ֆեյսբուքյան էջի՝ մարզպետ Կարեն Սարգսյանը դեսպանին է ներկայացրել 2022-ի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից մարզի սահմանամերձ բնակավայրերի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքները, այդ բնակավայրերում ստեղծված իրավիճակը և դրանց հաղթահարման նպատակով ձեռնարկվող քայլերը։

2022-ի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական զինուժը Հայաստանի տարածքում առաջացել է մի քանի ուղղություններով։ Պաշտոնական տվյալներով՝ Բաքվի վերահսկողության տակ է անցել 140 քառակուսի կիլոմետր տարածք։ Ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 224-ն է, Ադրբեջանը հայտնել է իր 80 զոհի մասին։ Մարտերից հետո Բաքուն հայկական կողմին է վերադարձրել 157 զինծառայողի մարմին, հայրենադարձվել է 17 գերի:

Երեկ էլ առաջին անգամ Սյունիքի մարզ է այցելել Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինը։

Ըստ մարզպետարանի ֆեյսբուքյան էջի՝ դեսպանը զրուցել է քաղաքացիների հետ, վերջիններս Քվինին պատմել են հատկապես 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայից հետո ապագայի հանդեպ ունեցած անվտանգային մտահոգությունների մասին։ Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրել է 44-օրյա ու 2022-ի սեպտեմբերի պատերազմներից հետո մարզում ստեղծված իրավիճակը։

Ղուկասյանն ու Քվինը քննարկել են նաև Սյունիքում վերաբնակեցված արցախցիների, մարզի սահմանային բնակավայրերում պատերազմից հետո ապրողների խնդիրները, սոցիալական, անվտանգային, տնտեսական հարցեր։

ԱՄՆ դեսպանը նախօրեին էլ այցելել էր Լաչինի միջանցքի սկզբնամաս, կրկնել Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կոչը։

XS
SM
MD
LG