Հայաստանը հաստատում է իր պատրաստակամությունը նպաստելու և աջակցելու Սիրիայի վերականգնման գործընթացներին, այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ ազգային տոնի առթիվ:
«Դարերի խորքից եկող և պատմական փորձություններով ամրացած հայ սիրիական բարեկամությունն այն հենքն է, որի վրա շարունակում են զարգանալ երկու երկրների եղբայրական հարաբերությունները: Համոզված եմ, որ Սիրիան բավարար ուժ և տոկունություն ունի՝ հաղթահարելու ավերիչ երկրաշարժի հետևանքները և երկրի առջև ծառացած այլ մարտահրավերներ», - իր ուղերձում ասել է Փաշինյանը՝ մաղթելով քաջառողջություն և հաջողություն, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:
Փետրվարի 6-ին Թուրքիայում՝ Սիրիայի սահմանի մերձակայքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով, ըստ վերջին տվյալների, երկու երկրներում զոհվել է, համապատասխանաբար, 46 հազար և 8,5 հազար մարդ:
Երկրաշարժից օրեր անց Հայաստանը մարդասիրական օգնություն ուղարկեց թե՛ Թուրքիա, թե՛ Սիրիա, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ օրերի տարբերությամբ եղավ նախ Թուրքիայում, ապա Սիրիայում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հնարավորության չափով պետք է Երևանը հաղորդակցության մեջ լինի և՛ Սիրիայի, և՛ Թուրքիայի կառավարությունների հետ՝ հասկանալու համար, թե հնարավորության սահմաններում Հայաստանն ինչ աջակցություն կարող է ցուցաբերել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա. ԱԳՆ խոսնակ