«Զատիկ»-ի սաները դիտորդական խմբին մտահոգիչ պատմություններ են պատմել

Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության շուրջօրյա կենտրոնը, ապրիլ, 2023թ.

Ինքնավնասման փորձեր` երեխաների մոտ, ինքնասպանության մտքեր՝ անչափահաս հղիի մոտ, կապտուկներ՝ մյուս երեխաների մարմնին. դիտորդներն ահազանգում են՝ Երևանի «Զատիկ» աջակցության շուրջօրյա կենտրոնի երեխաներն իրենց մտահոգիչ պատմություններ են պատմել։

«Ինչպես կարևոր է այս ենթադրյալ դեպքերը՝ լույս սփռվի սրանց վրա, այնպես էլ, իհարկե, մեղավորները, առնվազն՝ կարողությունները զարգանան այն մարդկանց, ովքեր չունեն համապատասխան կարողություններ և ովքեր կարող են և մեղավոր են եղել այս իրավիճակի համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց դիտորդական խմբի անդամ Հայկ Մկրտչյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից արձագանքում են՝ խնդիրներ կան, բայց դժվարին պայմաններում հայտնված երեխաները հաճախ նաև վառ երևակայություն են ունենում:

«Ուսումնասիրության պահին հատ-հատ բոլոր երեխաներին դիտարկել ենք՝ կապտուկներ չկային: Տարիքային, տարիքից ելնելով՝ երեխաները նաև կապտուկներ ձեռք են բերում խաղալուց, այլ հարաբերություններում, այսինքն՝ դա դեռ չի ենթադրում, որ բոլորը կարող են լինել ծեծի կամ ֆիզիկական բռնության հետևանք», - «Ազատության» հետ զրույցում ասաց նախարարության մոնիտորինգի և գնահատման բաժնի պետ Արթուր Եղիազարյանը, ով գերատեսչության ստուգող խմբի հետ օրեր է անցկացրել կենտրոնում:

Երեխաները դիտորդներին պատմել են իրենց առողջության, կրթության և ժամանցի ապահովման, սեռական դաստիարակության, հիգիենայի վերաբերյալ մի շարք խնդիրների մասին, և ոչ միայն։ Օրինակ՝ նշել են, որ բոլոր աղջիկներին մեկ սափրիչ է տրամադրվում, և այլն։

Դիտորդները նշում են, որ կենտրոնի աղջիկների շրջանում տարածված են ինքնավնասման կամ դրան նմանվող փորձերը։ Ըստ զեկույցի հեղինակներիի՝ դա հաստատվել է և՛ աշխատողների, և՛ երեխաների հետ զրույցներում։ Դաստակին քերծվածքներ անելը, փոքր վնասվածքների դեպքում վիրակապելն աշխատողները դիտել են որպես ուշադրություն գրավելու փորձ։

Երեխաների, այդ թվում՝ անչափահաս հղիի դեպքում ինքնավնասումների, ինքնասպանության փորձ անելու ցանկության մասին, ըստ դիտորդների, իրենց հայտնել են տարբեր աշխատողներ։ Հայկ Մկրտչյանն ասաց՝ առավել մտահոգիչ է այն, երբ իր իսկ անդրավարտիքն իջեցնող երեխային աշխատակիցները հոգեբուժարան են ուղարկել: «Հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու, վարքի դժվարություններ ունեցող երեխաների հետ աշխատելու կարողությունները, մեր գնահատմամբ, շատ ցածր մակարդակի վրա են», - նշեց դիտորդական խմբի անդամը:

Կապտուկներով երեխաները տարբեր պատճառներ են նշել

Իրենց հանդիպած կապտուկներով երեխաները տարբեր պատճառներ են նշել՝ կենցաղային վեճերից մինչև ծեծ պահակի կողմից, ասաց Մկրտչյանը: Խմբի անդամներին հատկապես տարօրինակ է թվացել այն, որ երեխաները հաճախ նաև իրենցից մեծ այլ երեխայի անուն են տվել՝ ասելով, թե նա է իրենց բոլորին ծեծում։

«Բոլորը մեկ անուն էին տալիս, որ «այդ տղան մեզ ոտքով է հարվածել, ձեռքով է հարվածել, շալվարն է իջեցրել, դրա համար իրեն տարել են հոգեբուժարան», և այլն, և այլն: Գուցեև դա որևէ բան թաքցնելու ակնկալիք ուներ: Իրենց մտածելով՝ եթե երեխան ունի մտավոր խնդիր, ապա այդ դեպքում ո՞ւմ պատժես», - նշեց Հայկ Մկրտչյանը:

«Եթե երեխաներին չվախեցնեն, ամեն մի երեխա՝ նույնիսկ ամենափոքրը, էնքան բան կարող է պատմել.... Ոչ մի բան չեն տալիս, երեխա կա՝
կոշիկ չունի, անգամ նորմալ շոր չունի», - սա երեխաներից մեկի խոսքն է՝ ուղղված դիտորդական խմբի անդամներին։

«Մեզ հետ զրույցում խոսում էին այն մասին, որ կենտրոնի ղեկավարության հետ չեն կարող կիսվել, հանկարծ չլինի, որ իրենք «գործ տվող» են, հանկարծ չլինի, որ ոստիկանական ուժեր գան կենտրոն, և այլն: Այսինքն, այստեղ բավականին շատ հարցեր կար ավելի խորքային ուսումնասիրություններ կատարելու համար», - ասաց Մկրտչյանը:

«Ենթադրյալ դեպքերը պետք է ստուգվեն»

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող այս շուրջօրյա կենտրոնում 30-ից ավելի երեխաներ են ապրում։ Դիտորդական խմբի 3-4 ժամվա ուսումնասիրություններից հետո նախարարության խումբն է ստուգումների գնացել՝ 4-5 օրով։

Գերատեսչության հավասար հնարավորությունների վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանն ասաց՝ դիտորդների ներկայացրած ենթադրյալ դեպքերը պետք է ստուգվեն, և իրենք արդեն դիմել են իրավապահներին։ Չբացառեց, որ կենտրոնում խնդիրներ կան ու կլինեն, բայց հիշեցրեց՝ դժվարին պայմաններում հայտնված երեխաներն են այդ կենտրոնում շուրջօրյա խնամք ստանում, նրանցից ոմանք արդեն մինչև կենտրոն գալը ենթարկվել են սեռական ու ֆիզիկական բռնությունների:

«Այնտեղ երեխաներ են հայտնվում, որոնք արդեն իսկ ունեն որոշակի խնդիրներ: Օրինակ՝ եթե խոսում ենք հղի անչափահաս աղջկա մասին, ապա պետք է հստակ ֆիքսել, որ երեխան արդեն այնտեղ հայտնվել է հղի վիճակում: Սրանք իրավական գնահատականի կարիք ունեցող երևույթներ են: Եթե խոսքը սեռական բռնության մասին է՝ կա՛մ սեռական բռնության հակելը, կա՛մ ինչ-որ ձևով սեռականացված վարք դրսևորելը, որը խախտում է դիմացի երեխայի իրավունքները, կամ անձնակազմի անգործության կամ ինչ-որ գործողությունների հետևանքով է դա առաջացել, դա, էլի եմ ասում, իրավական գնահատման կարիք ունի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իրենց ուսումնասիրող խումբը աշխատողների կողմից նման խնդիր չի արձանագրել:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մոնիտորինգի և գնահատման բաժնի պետ Արթուր Եղիազարյանն ասում է՝ զեկույցում նշված դեպքերում, երբ երեխային հոգեբուժարան են ուղարկել, որոշումը կայացրել է շտապօգնությունը, բայց որ երեխաների ժամանցի ապահովման խնդիր կա՝ իրենք էլ են դա արձանագրել: Իսկ կապտուկներով երեխաների, ասաց, չեն տեսել, միայն մեկ երեխայի ձեռքին են վնասվածք տեսել, դրանով իրավապահները կզբաղվեն, ընդգծեց:

«Պետությունը ամեն ինչ անում է, որպեսզի նման իրավիճակում հայտնված երեխաներին համայնքը, այլ մարմիններ բերեն այդտեղ: Երբ որ միայն բացասականից են խոսում, մարդկանց մոտ կարող է սխալ տպավորություն ստեղծվել հաստատության ընդհանրապես վերաբերյալ, և այդ վստահության չլինելով՝ շատ երեխաներ մնան դրսում», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Եղիազարյանը:

Երեխաները նաև դպրոցներից են բողոքել

47-էջանոց զեկույցի վերջում նախարարությունն առանձին-առանձին մեկնաբանություններ է թողել։ Դիտորդական խմբի անդամներից Հայկ Մկրտչյանն ասաց՝ երեխաները նաև դպրոցներից են բողոքել, որ այնտեղ իրենց ասում են՝ «մանկատան երեխա», մանկատան սաներին հաճախ իրար կողքի են նստեցնում՝ առանձնացնելով մյուսներից։ Ասաց՝ նաև կենտրոնի մասնագետներն են նեղսրտել, որ քիչ են, ցածր աշխատավարձ են ստանում և շատ ծանրաբեռնված են աշխատում։

Վերապատրաստումների ու աշխատակիցների պայմանների բարելավումը նույնպես կարևորեց «Զատիկ»-ում դիտորդական խմբի ներկակայացուցիչը։

Ամբողջ օրվա ընթացքում «Ազատություն»-ը չկարողացավ կապ հաստատել կենտրոնի տնօրենի պաշտոնակատարի հետ։ Գլխավոր դատախազությունից փոխանցեցին՝ քրեական վարույթ հարուցելու հարցն ուղարկել են Քննչական կոմիտե, այստեղից էլ փոխանցեցին՝ դեռ չեն ստացել: