Մատչելիության հղումներ

Մանկատան նախկին սան Մհեր Ավագումյանը կշարունակի ապրել ավտոլվացման կետում


Մանկատան նախկին սան Մհեր Ավագումյանը կշարունակի ապրել ավտոլվացման կետում։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունում նրան ընդունել ու բացատրել են, թե ինչու չի կարող ներառվել մանկատան շրջանավարտների բնակարանային ծրագրում։ Մհերը հանդիպումից հետո հուսով էր՝ մի քիչ էլ դիմանա, իր հարցն էլ կլուծվի։

«Տիկին Անդրեասյանը ասաց, որ «Մհեր ջան, նենց ա, որ Ձեր հարցը լուծելի ա, մենք մեր նամակով, դիմումով Ձեզ չենք մերժում, ընդամենը ժամանակի հարց ա, առաջնահերթ ով կետերին համապատասխանում ա իրանց հարցը կլուծվի, ընթացքի մեջ ա, մինչև ամառ, իմ կարծիքով, քո նման արդեն մի 30 հոգի էլ կան», - նշեց Ավագումյանը։

13 տարի ավտոլվացման կետում ապրող Մհերի պատմությանն անդրադարձել էինք այս շաբաթ։ Տղան 2010-ին մանկատան շրջանավարտների բնակարանային ծրագրով տուն էր ստացել Աբովյան քաղաքում, բայց քանի որ աշխատանքը մայրաքաղաքում էր, այնտեղ հասնել չէր կարողացել։ Հրաժարվել էր բնակարանից՝ հաջորդ ծրագրում ընդգրկվելու հույսով։ Դատարանի վճռով այդ բնակարանը հատկացվել էր մեկ այլ մանկատան սանի։ Հաջորդ ծրագիրն արդեն սկսվել է, տղայի անունը ցուցակում չկա

«2003-2013 թվականի հերթացուցակն է, որը ստացել ենք համապատասխան այն կազմակերպությունից, որը զբաղվում էր մանկատան շրջանավարտների աջակցության ծրագրով։ Տվյալները այստեղ չկան», - ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը։

Սոցապ նախարարության սոցիալական աջակցության վարչության պետն ասում է՝ եթե անունը ցուցակում գտնվեր էլ, միևնույնն է, նա բնակարան ստացել է ու դատարանով զրկվել դրանից. «Նրա պայմանագիրը խզվել է դատարանի վճիռով՝ այնտեղ չբնակվելու հիմնավորմամբ»։

Ի դեպ, բնակարանից 3 անգամ հրաժարվելու և հետո նոր ծրագրում ընգրկվելու իրավունք Մհերը ուներ։ Սոցաջակցության վարչության պետը բոլոր հարցերին ի պատասխան շարում է այն չափորոշիչները, ըստ որոնց պետք է այս նոր բնակարանային ծրագրով շուրջ 300 մանկատան շրջանավարտներ տուն ստանան, ի դեպ 86 հոգի արդեն 6 միլիոն 300 հազար դրամանոց հավաստագիրը ստացել են։ Արդյո՞ք ծրագիրը անօթևան, անտուն, փողոցում, կամ ավտոլվացման կետում ապրող մանկատան սաների համար չէ։

«Չափորոշիչին համապատասխանո՞ւմ է տվյալ անձը, ընտանիքը, այո, թե ոչ հարցի պատասխանն ինքն արդեն իսկ կարիքների գնահատման մի փուլն է», - ասաց Մինասյանը։

Պարտադիր չափորոշիչներից է նաև այն, որ շահառուի 18-ը պետք է մանկատանը լրացած լինի։ Հայտնի է, որ մանկատների որոշմամբ, շատ հաճախ սաները գիշերօթիկներ կամ ուսումնարաններ են գնացել, խոսքն առանց ծնողական խնամքի երեխաների մասին է, բայց միևնույնն է. եթե նրանց 18-ը մանկատանը չի լրացել, զրկվում են բնակարանային հավաստագրից։

Գավառի մանկատան նախկին սան Արմեն Վարդանյանը, որ հիմա Կապանում է ապրում, մի քանի օր առաջ բողոքի նամակ է փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դրանից առաջ էլ լսել էր սոցապի մերժումը։

«Սոցապ նախարարությունն ինձ պատասխանեց, որ «դու չկաս հերթի մեջ, քանի որ դու չես համարվում մանկատան սան», - նշեց Վարդանյանը։

Ասում է՝ մանկատունն է իրեն Նուբարաշենի հատուկ դպրոց ուղարկել, այդ ամբողջ ընթացքում իր կարգավիճակը չի փոխվել, ծնողներ չեն հայտնվել, ինչո՞ւ է նախարարությունը հայտարարում նոր ծրագրի մասին, որը ամբողջական չէ:

«Ես սպասում եմ՝ տեսնեմ վարչապետն ինչ պատասխան պիտի բան անի, քանի որ Սյունիքի մարզպետին էլ են ես դիմել, ասել ա՝ «կգաս թղթերով, տենանք՝ ինչով կարանք օգնենք», - ասաց Արմեն Վարդանյանը։

Սոցիալական աջակցության վարչության պետը շեշտում է՝ այս ծրագրի ավարտին կքննարկեն դուրս մնացածների խնդիրը. «Սա սկսել ենք հստակ, առավել վաղ հաշվառվածները կդիմեն, կստանան և հետո կտեսնենք խնդրահարույց դեպքերը, ինչ լուծում կառաջարկեն կառավարությանը, և խնդիրը պիտի լուծվի, բնականաբար, միայն կառավարության որոշմամբ»։

Նախարարությունից համոզում են՝ բոլոր խնդրահարույց դեպքերը կքննարկեն և լուծում կտան, եթե հնարավոր լինի։

Ավտոլվացման կետի բնակիչ Մհեր Ավագումյանը խոստմանը շատ է հավատում, ասաց՝ սպասելու է առանց տրտնջալու։

«Չեմ ուզում սենց անհատական խղճուկ տպավորություն, տեսարան թողնեմ մարդկանց մոտ, ուղղակի դժվար ա, էդքան բան։ Խոնավ պայմաններում ես հիմա չգիտեմ կարող է հազար հատ խնդիրներ լինեն խոնավության հետ կապված։ Տարիների ընթացքում չեմ էլ ստուգվել, բժիշկի սաղ կյանքս չեմ էլ գնացել, որ մի հատ հասկանամ խնդիր ունեմ-չունեմ, բայց ամեն դեպքում խոնավ տեղը ապրելը շատ դժվար ա», - նշեց Ավագումյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG