Մատչելիության հղումներ

Մանկան տան 64 փոքրիկների մեծ մասը հաշմանդամություն ունի. ծնողները հաճախ որդեգրման թույլտվություն չեն տալիս


Արցախի փողոցի շենքերից մեկում լքված նորածին աղջնակը շարունակում է մնալ «Մուրացան» համալսարանական կլինիկայում։ Նա դեռևս որևէ կարգավիճակ չունի: Մայրը չի գտնվում, հիվանդանոցում կմնա այնքան, մինչև նրա փաստաթղթերը պատրաստ կլինեն մանկատուն տեղափոխելու համար։

Երևանի մանկան տունն առանց ծնողական խնամքի կամ դժվար վիճակում հայտնված փոքրիկների կեցավայրն է։ «Ինչ տնօրեն եմ՝ ընկեցիկներ չենք ունեցել», - ասում է նախորդ տարվա հոկտեմբերից մանկան տունը ղեկավարող Լիդա Ջուլիկյանը. «Ընկեցիկ երեխա դեռ չենք ընդունել: Հիմնականում հիվանդանոցից, ծննդատնից միանգամից եկող երեխաներն են արդեն, որոնք կա՛մ առանց ծնողական խնամքի մնացած են համարվում, կա՛մ արդեն իսկ որդեգրման տեղեկանքով: Լինում են դեպքեր, ցավոք սրտի, որ հենց ծնողն է երեխայի հետ մոտենում մանկան տուն»:

Այստեղ խնամվող 64 փոքրիկների մեծ մասը հաշմանդամություն ունի, դաունի համախտանիշով բալիկներն են շատ: Նրանք մանկան տուն գալիս են հենց ծննդատնից, այսինքն` լքվում են ծնվելուն պես: Մանկան տան տնօրենն ասում է՝ մեծ նշանակություն ունի, թե ծննդատանն ինչ է ասվում սթրեսի մեջ գտնվող ծնողին, վերջիններս հաճախ երեխայից հրաժարվում են, բայց որդեգրման թույլտվություն չեն տալիս, այսինքն` ո՛չ տուն են տանում, ո՛չ էլ թողնում են` մեկ ուրիշը տուն տանի. «Օրինակ` երեխայի մոտ դաունի սինդրոմ է, սպասում են, որ տեսնեն` ինչպիսի զարգացում ունի: Միգուցե, չի քայլում, շատ ժամանակ ինձ այդպիսի հարց էլ են տալիս դաունի սինդրոմ ունեցող երեխաների ծնողները` կքայլի՞, թե՞ չի քայլի, կկարողանա՞ ինքնուրույն ուտել, թե՞ ոչ: Ըստ երևույթին, հիմնականում սպասում են դրան, որ տեսնեն` ինչքան ինքնուրույն ու ինչ տիպի խնամքի մասին է հետո խոսքը գնալու»:

Վերջերս լքված փոքրիկներից մեկը պարզապես տեսողություն չունի, ակնագնդերը չկան, բայց ինքը շատ լավ զարգացող ու առողջ տղա է: Հիմա ծնողների հետ աշխատում ենք, գուցե միտքները փոխեն, մանկան տանը հույսը չեն կորցնում: Արդեն 23 փոքրիկի կարողացել են տուն ուղարկել հենց ծնողների հետ աշխատանքի շնորհիվ. «Տենդենցը նվազման արդեն իսկ երևում է, որովհետև երեխաներին ավելի շատ ուղղորդում ենք աջակցման կենտրոններ, որտեղ ավելի շատ ընտանիքների հզորացման ծրագրեր են իրականացվում, ծնողավարման հմտություններն են ուժեղացնում, մասնագիտություններ են ձեռք բերում ծնողներն այդ ընթացքում տարբեր ծրագրերով, և փորձում ենք հնարավորինս շուտ վերադարձնել կենսբանական ընտանիք»:

Մանկան տանը նկատել են՝ երեխաներին այցելում են այն ծնողները, որ երկմտանքի մեջ են, հետևում են փոքրիկի առողջական վիճակի փոփոխություններին, բայց չեն այցելում շատերը: Այս դեպքում գործին դատարանն է խառնվում. «Ունենք այս պահին երեք երեխայի գործ, որ մեկ տարի շարունակ ծնողը չի այցելել երեխային, և օրենքը ասում է հենց դա, որ երբ մայրը մեկ տարի շարունակ չի այցելում, երեխայի ճակատագրով, առօրյայով չի հետաքրքրվում, ապա գործը մտնում է դատարան ծնողին անհայտ բացակայող ճանաչելու և որդեգրման համակարգում ընդգրկվելու համար»:

Նախորդ տարի այս մանկատնից 11 երեխա է որդեգրվել, նրանցից մեկին՝ դաունի համախտանիշով փոքրիկին օտարերկրացի է որդեգրել: Այս պահին էլ դաունի համախտանիշով երկու փոքրիկներ որդեգրման գործընթացում են: Նրանց ապագա ծնողները Միացյալ Նահանգներից ու Շվեյցարիայից են: Երեխա երազող հայաստանցիները ծանր հաշմանդամությամբ փոքրիկների չեն որդեգրում։

Մանկան տան տնօրենը նկատում է՝ շատ բան ծնողի ցանկությունից ու տրամադրվածությունից է կախված. Գյումրիում զույգ նորածիններին պոլիէթիլենային տոպրակով գիշերօթիկի բակում թողած կնոջ համար Սոցապնախարարությունը զանազան սոցիալական առաջարկներ ուներ, բայց այդ նորածիններն այժմ մանկան տանն են` մի քանի տարեկան ժիր ու առողջ զույգ տղաներ: Նրանց տուն տանող չկա, և որդեգրության թույլտվություն տվող չկա:

«Բազմաթիվ ծրագրերով նյութական և ոչ նյութական միջոցներով փորձեցին օգնել, բայց պատճառները միայն ծնողը կիմանա, թե ինչի վերջնական որոշում չկայացրեց երեխային տանելու: Այո, կա նաև մենթալիտետի խնդիր` ամուսնացած չի, առանց ամուսնական կապի երեխա է ունեցել: Ամեն դեպքում աշխատանքները տվյալ ընտանիքների հետ շարունակվում են», - մանրամասնում է Լիդա Ջուլիկյանը:

Մանկան տան երեխաները աստիճանաբար հարմարվում են ընտանիքի այս ձևին. «Չեն էլ պատկերացնում, որ կա ընտանիքի այլ մոդել, իրենց համար գիտեն` այդպես է` մաման պետք է շաբաթը մեկ-երկու անգամ այցելի, իրենց տեսնի»:
Սոցապնախարարության տվյալով` այս պահին Հայաստանի մանկատներում 584 երեխա է խնամվում, նրանցից 481-ը հաշմանդամություն ունեն:

XS
SM
MD
LG