Մատչելիության հղումներ

Արցախի փողոցում գտնված աղջնակը շուտով անուն, ծննդական կունենա և կտեղափոխվի մանկատուն


«Ընկեցիկ աղջիկ» գրառման տակ հանգիստ քնած է 9 օր առաջ Արցախի փողոցի շենքերից մեկում լքված նորածինը։ Նա դեռևս «Մուրացան» համալսարանական կլինիկայի նորածնային վերակենդանացման բաժանմունքում է, բայց բժիշկ Դավիթ Լոռենցն ասում է, որ առողջական խնդիրներ արդեն չունի։

«Թթվածին կախյալ է եղել։ Ներկա պահին ինքնուրույն շնչում է, առողջական խնդիրներ չունենք։ Բոլոր հետազոտություններ որ արել ենք, նորմայի սահմանում են։ Սպասում ենք բալիկի փաստաթղթերին», - «Ազատությանն» ասաց Լոռենցը։

Նորածնին հուլիսի 13-ին իր դռան դիմաց արկղի մեջ հայտնաբերել էր Անահիտ Ավետիսյանը՝ Արցախի փողոցի 8/4 շենքի մի բնակչուհի։ Փոքրիկն անխնամ, հետծննդյան բարդություններով էր ու ինչպես հետո հիվանդանոցում պարզվեց՝ արդեն ինֆեկցիայով։

Ոստիկանությունը դեռ որոնում է մորը։ Պարզ չէ, թե ով է ծննդաբերելուց ժամեր անց երեխային թողել օտար հասցեում։ Փոքրիկով հիվանդանոցում էլ միայն օտարներն են հետաքրքվել։

«Ազգաբնակչությունն է միայն հետաքրքրվում, հարազատներից մարդ չի եկել։ Մարդիկ կան, գալիս ասում են՝ պատրաստ ենք տանենք, մեր տներում պահենք», - փոխանցեց բժիշկը։

Փոքրիկ աղջիկն այս ուշադրությանը պատասխանել է անթերի առողջությամբ։ Սա «Մուրացանի» բժիշկներին ամենաշատն է ուրախացնում։ Քաշն արդեն 2 կիլոգրամ 760 գրամ է, ուտում է, կերածը մարսում, հազվադեպ անհանգստացնում։

Առաջիկա օրերին փոքրիկը կտեղափոխվի մանկան տուն։ Սոցապ նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Կարինե Բադալյանի տեղեկացմամբ, մի քանի ամիս կտևի մինչև աղջնակը որդեգրման ենթակա երեխաների բազա մտնի՝ եթե իհարեկ մայրիկը չհայտնվի. - «Մանկան տանը կխնամվի, մինչև այլ ընտանիքի մոտ տարբերակ նախատեսվի երեխայի համար, կամ էլ որդեգրվի։ Առայժմ որդեգրման մասին չենք խոսում, քանի դեռ երեխայի կենսաբանական ծնողների վերաբերյալ որևէ ինֆորմացիա չունենք, երեխայի ընկեցիկությունը դեռևս հաստատված չէ։ Մոտ չորս ամիս դեռևս կձգվի այդ պրոցեսը»։

Կարինե Բադալյանը շեշտում է, թե լավ տարբերակը կլինի այն, որ երեխան մինչև որդեգրումը խնամվի ու սիրվի խնամակալ կամ խնամատար ընտանիքում։

Այս ամսվա սկզբին Գյումրիում մի ցանկապատի տակ նորածին տղայի էին գտել, նա արդեն անուն ունի՝ Արեն, ծննդյան վկայական և արդեն մեծանում է խնամակալ ընտանիքում։ Մինչև պարզվի փոքրիկը կարող է որդեգրվել թե ոչ։ Գյումրիի նորածնի ծնողներն էլ են որոնվում։

Սոցապ նախարարության տվյալով, այս պահին որդեգրման ենթակա երեխաների բազայում 260 երեխա կա, 154 քաղաքացի էլ երեխա որդեգրելու ցանկություն ունի։

Բայց այս տարի որդեգրումների թիվը, Բադալյանի փոխանցմամբ, շատ փոքր է. - «Հունվարից մինչև հիմա 7 որդեգրում է եղել։ Ճիշտն ասած, որդեգրման դատական պրոցեսի ընթացքում ունենք էլի որդեգրվող երեխաներ։ Ճշգրիտ կլինի տարեվերջին»։

Համեմատության համար նշենք, որ տասը տարի առաջ ՝ 2011 ին հայաստանում որդեգրվել է 124 երեխա, նրանցից 59-ին որդեգրել ու արտերկիր են տարել, ըստ փաստաթղթերի՝ հիմանակնում հաշմանդամություն ունեցող երեխաների։ Այս տարի որդեգրված 7 երեխաներից մեկն է արտերկիր գնացել, փոքրիկը կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում ուներ։

Արդյո՞ք որդեգրման թվերի այս անկումը կապ ունի Հայաստանում երկու տարի առաջ պայթած սկանդալի հետ, երբ պարզվեց արտերկիր որդեգրման են տրվել իրականում առողջ երեխաներ, մինչդեռ տեղացիները տարիներով զրկված են եղել այդպիսի հնարավորությունից։ Քրեական պատմությունները մի քանիսն էին, մեղադրանքներ կային նաև Մանկան տան, ծննդատան տնօրեններին, թե նրանք երեխայի կենսաբանական ծնողին հորդորել են հրաժարվել սեփական երեխայից։ Որդեգրումների քրեական այս պատմություններն առայժմ հանգուցալլուծված չեն։

Սոցապ նախարարության ներկայացուցչի կարծիքով, օտարերկրյա որդեգրումների նվազումը նաև քովիդի հետ է կապված։

Այս պահին Հայաստանի մանկատներում 584 երեխա է խնամվում, նրանցից 481-ը հաշմանդամություն ունեն։ Որպես կանոն, առողջական խնդիր ունեցող փոքրիկներին որդեգրում են միայն օտարերկրացիները, իսկ հայերը գերադասում են կատարյալ առողջ նորածինների։ Արցախի փողոցում գտնված փոքրիկը հենց այդպիսն է, նա նաև սև խիտ մազեր ունի ու ճերմակ մաշկ։ Աղջնակը որդեգրել ցանկացողների պակաս չի ունենա և շուտով կունենա անուն-ազգանուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG