65 կողմ, 0 դեմ ձայնով Ազգային ժողովն այսօր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից։
Նման միջնորդությամբ երեկ գլխավոր դատախազն էր եկել խորհրդարան․ Աննա Վարդապետյանն առաջարկում էր քրեական հետապնդում հարուցել խուլիգանության և առողջությանը թեթև վնաս պատճառելու հոդվածներով, իսկ սրա համար անհրաժեշտ էր խորհրդարանի համաձայնությունը։
«Հայաստան» խմբակցության պատգամավորը մոտ երկու շաբաթ առաջ Ազգային ժողովում պետաիրավական հանձնաժողովի նիստում բռունցքով հարվածել էր հանձնաժողովի իշխանական նախագահ Վլադիմիր Վարդանյանի հոնքին։ Մհեր Սահակյանին դեպքից հետո խորհրդարանից ոստիկանները բերման ենթարկեցին, նա երեք օրով ձերբակալվեց։
Ընդդիմադիրների պնդմամբ, Մհեր Սահակյանն ինքնապաշտպանվել է։ Սակայն գլխավոր դատախազը երեկ փաստացի հերքեց ինքնապաշտպանության վարկածը. - «Մեղադրական կողմի դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ պաշտպանությունը բացակայել է»։
Մհեր Սահակյանը երեկ խորհրդարանում պնդեց՝ ինքնապաշտպանության է դիմել, մինչդեռ իրեն խուլիգանություն են վերագրում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատգամավոր Մհեր Սահակյանին անձեռնմխելիություն զրկելու միջնորդության քննարկումը հետաձգվեց