Գլխավոր դատախազն այսօր Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացրեց։ Աննա Վարդապետյանն առաջարկում է քրեական հետապնդում հարուցել խուլիգանության և առողջությանը թեթև վնաս պատճառելու հոդվածներով, իսկ սրա համար անհրաժեշտ է խորհրդարանի համաձայնությունը։
«Հայաստան» խմբակցության պատգամավորը մոտ երկու շաբաթ առաջ Ազգային ժողովում պետաիրավական հանձնաժողովի նիստում բռունցքով հարվածել էր հանձնաժողովի իշխանական նախագահ Վլադիմիր Վարդանյանի հոնքին։ Մհեր Սահակյանին դեպքից հետո խորհրդարանից ոստիկանները բերման ենթարկեցին, նա երեք օրով ձերբակալվեց։ Բռնությամբ ավարտված նիստը փակ էր, լրագրողներ չկային: Կողմերն իրենց վարկածներն ունեն։
Իշխանականները իրենց ցուցմունքներում նկարագրել են, թե թեժ բանավեճի ժամանակ Մհեր Սահակյանն է մոտեցել ու հարվածել Վլադիմիր Վարդանյանին։ Ընդդիմադիրներն էլ՝ թե Վլադիմիր Վարդանյանն է տեղից վեր կացել, քայլել իրենց թիմակցի ուղղությամբ, Սահակյանն էլ հարվածել է։
Գլխավոր դատախազն այսօր որոշ մանրամասներ ներկայացրեց. - «Հարվածի տեղակայման մասին, անկախ վերբալ ապացույցներից, վկայում են արյան հետքերի տեղակայումը, որը, եթե չեմ սխալվում, հենց հիմա էլ կա նիստերի դահլիճում։ Էս առումով մենք դեպքի վայրի զննությունը որպես մաքսիմալ օբյեկտիվ ապացույց ենք դիտարկել, նաև ներգրավել ենք պարոն Վարդանյանին, որպեսզի պարոն Վարդանյանը կարողանա ցույց տալ, թե ով որտեղ է գտնվել»։
Գլխավոր դատախազը փաստացի հերքեց ինքնապաշտպանության վարկածը. - «Մեղադրական կողմի դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ պաշտպանությունը բացակայել է»։
Այս պատմության գլխավոր հերոսը՝ Մհեր Սահակյանն այսօր խորհրդարանում էլ պնդեց՝ ինքնապաշտպանության է դիմել, մինչդեռ իրեն խուլիգանություն են վերագրում. - «Տպավորություն է, որ մեղադրանքը կազմելիս Դուք, տիկին գլխավոր դատախազ, ընթերցել եք բացառապես Վլադիմիր Վարդանյանի ցուցմունքը... Անկհայտ է դարձել խուլիգանության հանցակազմ կիրառելու Ձեր, վարույթ իրականացնող մարմնի ու քաղաքական իշխանության ձգտումը։ Սկզբում խուլիգանության երրորդ մաս, որն աբսուրդ էր, այժմ խուլիգանության առաջին մաս, որն իրականության հետ որևէ աղերս չունի»։
Մհեր Սահակյան ամբիոնից խոսեց երկկակի ստանդարտներից՝ թվարկելով, թե ինչ միջադեպերի մասնակիցներ են եղել իշխող խմբակցության պատգամավորները, սակայն իրավապահ մարմինները այսպիսի շտապողություն չեն դրսևորել. - «Տիկին Վարդապետյան, Դուք կատա՞կ եք անում։ ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա, իշխող խմբակցության քարտուղարը սպառնում է լեզու և ականջ կտրել ոչ ավել, ոչ պակաս Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին... Դուք խուլիգանության հատկանիշներ չեք տեսնում, բայց իմ արարքի մեջ եք տեսնո՞ւմ, ով ընդամենը պահանջել է հարգալից վերաբերմունք»։
Կարմիր թելին նման այս թեման էր պտտվում էր ընդդիմադիրների ելույթներում։
«Չե՞ք կարծում, որ այս նույն դիսպոզիցիան տարածվում է նաև Ազգային ժողովի նախագահ պարոն Սիմոնյանի և Մարդու իրավունքների հանձնաժողովում պարոն Հովհաննիսյանի վարքագծի նկատմամբ։ Եվ արդյո՞ք պատրաստվում եք այս հարցերով ևս միջնորդություն ներկայացնել Ազգային ժողով», - գլխավոր դատախազին հարցեր ուղղեց Աղվան Վարդանյանը («Հայաստան»)։
«Ձեր կարծիքը կամ խորհուրդն էի ուզում լսել, թե ո՞րն է այն սահմանը, որտեղ մարդը կարող է դիմացինի եկող շարժումը դիտարկել որպես ռիսկ, իսկ որ դեպքում դա չի կարող դիտարկել որպես ռիսկ», - իր հերթին հարցրեց նույն խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը։
Աննա Վարդապետյանը մեկ պատասխան ուներ. - «Ես էստեղ չեմ գալիս որպես ինքնանպատակ։ Ես էստեղ գալիս եմ այն ժամանակ, երբ որ դատախազից ստանում եմ միջնորդություն, որ քննությունը արդեն հասել է էն փուլին, երբ մեզ անհրաժեշտ է արդեն անձի ներգրավվածություն։ Ասեմ, որ մենք հանցագործության մասին հաղորդում ստացել ենք Իրազեկ քաղաքացիների միավորումից ինչպես պարոն Սիմոնյանի հետ կապված դրվագով, այնպես էլ պարոն Հովհաննիսյանի հետ կապված դրվագով, դրանք ուղարկվել են ըստ ենթակայության քննչական մարմնին»։
Սահակյանն ասաց, որ նույնպես կողմ կքվեարկի իրեն անձեռնմխելիություն զրկելու միջնորդությանը՝ հանուն իրականության բացահայտման։
Ի՞նչ հետևանքներ կունենա այս գործընթացը, եթե իշխանականները կանաչ լույս վառեն դատախազի միջնորդության համար։ Աննա Վարդապետյանն ասաց՝ անազատության մասին խոսք չկա, մեղքն ապացուցվելու դեպքում սպառնում է հանրային աշխատանք, տուգանք։
Խորհրդարանն այսօր պետք է արտահերթ նիստում շարունակեր հարցի քննարկումը։ Սակայն նիստը վարող փոխխոսնակ Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ սահմանին հանգիստ չէ, ուստի վաղը կշարունակեն։