Մատչելիության հղումներ

«Հայաստան» խմբակցության պատգամավորը ձերբակալվեց իշխանականին հարվածելու համար 


Վլադիմիր Վարդանյանը և Մհեր Սահակյանը
Վլադիմիր Վարդանյանը և Մհեր Սահակյանը

Անվտանգության աշխատակիցների, ոստիկանների խումբը Ազգային ժողովից բերման ենթարկեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին։ Նա այսօր Պետաիրավական հանձնաժողովի փակ նիստում բռունցքով հարվածել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հոնքին։ Ըստ ընդդիմադիրների՝ դրանից առաջ իշխանական ու «Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև քաղաքական քննարկումը թեժ լեզվակռվի է վերածվել։

Միջադեպ ԱԺ-ում՝ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև․ դաշնակցական պատգամավորը բերման է ենթարկվել
please wait

No media source currently available

0:00 0:02:22 0:00

Վլադիմիր Վարդանյանը պնդում է, թե Սահակյանը հարձակվել է իր վրա, երբ փորձել է լռեցնել նիստի մասնակիցներին

«Իմ իրավաչափ պահանջին, որ եկեք վերադառնանք քննարկման փուլ, պարոն Սահակյանը ասաց, որ դուք չեք կարող մեզ վրա ձայն բարձրացնեք, ասացի՝ ես նիստը վարում եմ և շարունակում եմ վարել, չեք կարա, մոտեցավ ինձ, որովհետև կանգնել էինք արդեն, և առանց որևէ բան անելու հարձակվեց վրաս։ Հարձակվելուց հետո դիմեց փախուստի», - պատմեց նա։

Այս մեկ հարվածով միջադեպն ավարտվել է։ Վնասվել է Վարդանյանի հոնքը։ Մհեր Սահակյանը հեռացել է աշխատասենյակից։ Իշխանականները անվտանգության աշխատակիցներ, իրավապահաներ ու շտապ օգնություն են կանչել։

Նիստը փակ էր, քննարկմանը մասնակցում էին ընդդիմադիր «Հայաստան» ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների պատգամավորները։ Լրագրողները իրադարձությունների զարգացմանը հետևում էին միջանցքում, երբ իրավապահներն ու ՔՊ-ականները՝ Ազգային ժողովի խոսնակի գլխավորությամբ ելումուտ էին անում Վարդանյանի աշխատասենյակում։

«Հայաստան» խմբակցության անդամները դաշնակցական Մհեր Սահակյանի հետևից շտապեցին ոստիկանության Արաբկիրի բաժին։ Այստեղ էին հավաքվել նաև այլ դաշնակցականները։ Արծվիկ Մինասյանը, որ նիստին ներկա է եղել, հաստատեց՝ հարվածողը իրենց թիմակից Սահակյանն է եղել, իր հերթին մեղադրեց Վլադիմիր Վարդանյանին, թե նա է սկսել գոռգոռալ ու քայլել Մհեր Սահակյանի ուղղությամբ, Սահակյանն էլ ինքնապաշտպանվել է։

«Վլադիմիր Վարդանյանը ձայնը բարձրացնելով սկսեց գոռգոռալ, որին արձագանքեց նաև Սահակյանը, պահանջեց, որ չգոռգոռա, Վլադիմիր Վարդանյանը մի պահ պռեց, հետո բարձր տոնով, նորից գոռգոռալով, թե լավ եմ անում, ում վրա ասես, կգոռամ, երբ ասես ՝ կգոռամ, Մհերը ասաց՝ չես կարող, Վլադիմիր Վարդանյանը դուրս եկավ նստած տեղից, քայլ արեց դեպի Մհերը, և տեղի ունեցավ այդ հարվածը», - ասաց Մինասյանը։

Քննչական կոմիտեն տուժող ճանաչեց իշխանական պատգամավորին, իսկ ընդդիմադիր Սահակյանին ձերբակալեց։ Պատգամավորն անձեռնմխելի է, բայց Սահմանադրությամբ կարող է ազատազրկվել, երբ բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Իսկ անձեռնմխելիությունից զրկելու, մեղադրանք առաջադրելու, կալանավորելու համար Ազգային ժողովի թույլտվությունն է անհրաժեշտ։ Արդյոք բանը կհասնի կալանքին, սա էլ կորոշվի 72 ժամվա ընթացքում։

«Օրենսդրությունը, այդուհանդերձ, թույլ տալիս է ազատությունից զրկել, բայց արդեն շարունակվելու համար, օրինակ, եթե վարույթի իրականացումը չենք բացառում, ամենևին չենք բացառում այն պայմաններում, երբ մենք շատ լավ գիտենք, թե «Քաղաքացիական պայմանագիրը» ինչպիսի ազդեցություն ունի իրավապահ համակարգի վրա։ Ամենևին չենք բացառում, որ նրանք նաև կալանավորման հարց կբարձրացնեն», - ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Քրեական գործը հարուցվել է խուլիգանության հոդվածով։ Եթե արարքը կատարվել է մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված առարկայի գործադրմամբ, նախատեսված է ազատազրկում՝ չորսից ութ տարի: Երկրորդ հոդվածը ֆիզիկական ներգործության մասին է, պատժվում է տուգանքով կամ առավելագույնը երկու ամսվա ազատազրկմամբ։

«Պատրանքներ չունենք, «Քաղաքացիական պայմանագիրը» ինչպիսի քաղաքական որոշում կկայացնի, որովհետև մենք վստահ ենք, որ սա իրավական ընթացակարգ չի լինելու», - հավելեց փաստաբանը։

Իսկ ինչի՞ց է պայթել սկանդալը, ի՞նչ է ասել իշխանական Վարդանյանը, որ Մհեր Սահակյանի նյարդերը չեն դիմացել։ Ըստ Արծվիկ Մինասյանի՝ քննարկումը թեժացել է, երբ հասել են Հռոմի կանոնադրությանը միանալու հարցին։ Ընդդիմադիրները պնդել են, թե հայ-ռուսական հարաբերությունների տեսանկյունից վավերացումը ճիշտ չէ, բանը հասել է նախկիններ-ներկաներ բանավեճին։

«Այդ խոսակցության ընթացքում Վլադիմիր Վարդանյանը սկսեց ձայնը բարձրացնել և գոռգոռալ, որ դուք եք Մասիս սարը թողել այն կողմ և այլն», - ասաց Արծվիկ Մինասյանը։

Վլադիմիր Վարդանյանը «Նաիրի» բժշկական կենտրոնից խորհրդարան վերադարձավ՝ հոնքին բժշկական կպչուն ժապավեն։ Նա տուժող է ճանաչվել։ Թեև քննչականը նշել է, թե Մհեր Սահակյանը ինչ-որ առարկայով է հարվածել, Վարդանյանը չի հիշում, դատաբժշկական փորձաքննությանը կմասնակցի վաղը։

«Բավականին զգալի կտրվածք է, երկու կար են դրել, հարվածելը բավականին ծանր հարված էր», - ասաց նա։

Ընդդիմադիրները չեն բացառում, որ իշխող ուժը ընդդիմադիր գործչին պատժելու համար նաև կալանքին հասնի։ Հարվածելու համար պատգամավորին կայծակնային ազատազրկելու որոշումն աննախադեպ էր։ Մեկ տարի առաջ նիստերի դահլիճում ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը ոտքով հարվածեց նախկին պատգամավոր Վահե Հակոբյանին, ՔՊ-ական հարվածներ էլի եղան, ավելի վաղ նույն իշխող խմբակցությունից Սասուն Միքայելյանը ապտակեց Էդմոն Մարուքյանին, բայց ոչ մեկը չպատժվեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG