Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազը ընդդիմադիր պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն կներկայացնի


Վլադիմիր Վարդանյան և Մհեր Սահակյան
Վլադիմիր Վարդանյան և Մհեր Սահակյան

Վաղը Գլխավոր դատախազը Ազգային ժողով կգնա ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու, նրան մեղադրանք առաջադրելու հարցով։ Քրեական վարույթ սկսելու միջնորդությունն արդեն ներկայացրել է Ազգային ժողով։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը 11 օր առաջ Ազգային ժողովում պետաիրավական հանձնաժողովի նիստում բռունցքով հարվածել էր հանձնաժողովի իշխանական նախագահ Վլադիմիր Վարդանյանի հոնքին, երբ կողմերի բանավեճը թեժացել էր։ Նիստը փակ էր. լրագրողներ չկային: Սահակյանին դեպքից հետո խորհրդարանից ոստիկանները բերման ենթարկեցին։

Նա երեք օրով ձերբակալվեց, իսկ քրեական հետապնդում սկսելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի համաձայնությունը։ Իշխող խմբակցության ձայները բավարար են Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու համար։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ու պատգամավորները խուսափում են կոնկրետ պատասխանել, թե ինչ դիրքորոշում ունեն այդ հարցում։

«Ես վկայի կարգավիճակ ունեմ, հետևաբեր չեմ ուզում ավելի մանրամասն ասել։ Վաղը կգա գլխավոր դատախազը, մանրամասները ինքը կներկայացնի», - ասաց Արփի Դավոյանը։

Գլխավոր դատախազն առաջարկում է քրեական հետապնդում հարուցել խուլիգանության և առողջությանը թեթև վնաս պատճառելու հոդվածներով։ Այս հոդվածներով պատիժը տուգանքն է, կամ առավելագույնը երկու տարվա ազատազրկումը։

«Եթե վարույթ իրականացնող մարմինը կգնահատի, որ ես անցել եմ էդ սահմանը, պատրաստ եմ պատասխան տալ», - անցած շաբաթ ասել էր Մհեր Սահակյանը։

Եթե Ազգային ժողովը Սահակյանին անձեռնմխելություն զրկելու համաձայնություն տա, նրան կկարողանան մեղադրանք առաջադրել։ Գլխավոր դատախազը կալանքի միջնորդություն չի ներկայացրել։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության համար անսպասելի չէր դատախազի որոշումը։ «Իրավական սոուսով քաղաքական գործընթաց», - բնորոշեց Արծվիկ Մինասյանը։

Հարցին, թե ինչն է քաղաքական, երբ Սահակյանն ու թիմակիցները ընդունում են բռնության փաստը, Մինասյանը պատասխանեց. - «Էն, որ ընդիմադիր գործչի մասով արագընթաց կարգով իրականացնում են, իսկ իշխանական գործիչների մասով ոչ մի բան չեն անում»։

Ինչո՞ւ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին առնչվող դեպքով նույն արագությամբ գործընթաց չսկսեցին, երբ քաղաքացին ահազանգել էր, որ թքել է իր դեմքին, հարցնում է ընդդիմադիր պատգամավորը։ Կամ մեկ տարի առաջ բոլորի աչքի առաջ իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նիստերի դահլիճում ոտքով հարվածեց պատգամավոր Վահե Հակոբյանին, հիշեցնում է «Հայաստան» խմբակցության քարտուղարը. - «Ակնհայտ երկակի ստանդարտների կիրառմամբ փորձում են կեղծ մեղադրանքի միջոցով կերտեն ընդդիմադիրների խուլիգանական կերպար»։

«Որևէ համեմատական երկու դեպքերի հետ չեմ կարող դնել, որովհետև Վահագն Ալեքսանյանը ինքը պարզաբանել է», - ասաց իշխանական պատգամավոր Արփի Դավոյանը։

Քրեական գործը դեպքից հետո հարուցվել էր խուլիգանության հոդվածի ծանր կետով, որ եթե արարքը կատարվել է մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված առարկայի գործադրմամբ, չորսից ութ տարվա ազատազրկում է նախատեսվում: Իսկ գլխավոր դատախազի միջնորդությունում նույն հոդվածի մեղմ կետով են նախատեսում քրեական հետապնդումը։ Սա նշանակում է, որ հերքվել է առարկայով հարվածելու վարկածը, շեշտեց Մինասյանը։

Բռնությամբ ավարտված նիստին մասնակցած իշխանականները իրենց ցուցմունքներում նկարագրել են, թե թեժ բանավեճի ժամանակ Մհեր Սահակյանն է մոտեցել ու հարվածել Վլադիմիր Վարդանյանին։ Ընդդիմադիրներն էլ՝ թե Վլադիմիր Վարդանյանն է տեղից վեր կացել, քայլել իրենց թիմակցի ուղղությմաբ, Սահակյանն էլ հարվածել է։

XS
SM
MD
LG