Ըստ քաղաքական մեկնաբանի՝ վարչապետը պետք է հստակեցնի, թե ինչ բարելավման մասին է խոսքը Տեղ-Կոռնիձոր հատվածում

Հանրությունը և քաղաքական ուժերը պետք է պահանջեն մանրամասնել, թե ինչ բարելավման մասին է խոսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Տեղ-Կոռնիձոր ճանապարհի գործարկումից հետո առաջացած խնդիրներին, կարծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:

Մարտի 30-ին Բաքուն հայտարարեց, թե Լաչինի նոր ճանապարհի շահագործման հետ կապված ադրբեջանական զինուժը վերահսկողության տակ է վերցրել մի շարք բարձունքներ։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը նախ հայտարարեց, որ ադրբեջանական ուժերը այդ հատվածի առնվազն 5 կետերում սահմանից 100-ից 300 մետր առաջ են տեղակայվել, ապա մեկ այլ հայտարարությամբ տեղեկացրեց, որ սահմանի ճշգրտման աշխատանքների արդյունքում այդ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է՝ առանց հստակեցնելու, թե ինչի մասին է խոսքը։

Մինչ Տեղի բնակիչներն ահազանգում են, որ ադրբեջանցիները ամրանում են իրենց դաշտերում, երեկ կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դարձյալ առանց մանրամասներ ներկայացնելու, կրկնեց՝ իրավիճակի որոշ բարելավում կա:

Ադրբեջանցիները խրամատներ են փորում Տեղ գյուղի հատվածում, 30-ը մարտի, 2023թ․

«Այս ընթացքում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել և իրավիճակը որոշակի բարելավվել է, մասնավորապես, 12 կմ-ից 7 կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են», - նշեց Փաշինյանը։

Հակոբ Բադալյանն ասում է՝ հստակ չէ, թե այդ ինչ բարելավման մասին է խոսքը:

«Հայտնի չէ, թե էդ բարելավումն ինչպիսի մետրերով է չափվում, ինչպիսի դիրքերով է չափվում, էս տեսանկյունից իհարկե ակնհայտ է, համենայն դեպս, դա դարձյալ դատելով Հայաստանի վարչապետի հայտարարությունից, որ պրոցեսը շարունակվում է, և ես կարող եմ ենթադրել նաև, որ այս պրոցեսը ներկայիս փուլում մաս է կազմում ավելի լայն համատեքստում տեղի ունեցող քննարկումների կապված ընդհանրապես ռեգիոնալ հաղորդումների ապաշրջափակման էդ հայտնի օրակարգի հետ։ Ինչու եմ այդ ենթադրությունն անում, որովհետև հատկանշական էր, որ Տեղ-Կոռնիձորի հատվածում նոր իրավիճակի ֆոնին Հայաստան այցելեց Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը հանդիպեց նաև Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ մենք գիտենք, որ Օվերչուկը հայ-ադրբեջանական-ռուսական եռակողմ աշխատանքային խմբի Ռուսաստանի ներկայացուցիչն է փոխվարչապետերի մակարդակով, որը 2021 թվականի հունվարի 11-ից ի վեր զբաղվում է ռեգիոնալ հաղորդակցության ուղիների հարցերով», - ասաց Բադալյանը։

Օվերչուկ-Փաշինյան հանդիպում Երևանում, 4-ը ապրիլի, 2023թ․

Քաղաքական մեկնաբանի համոզմամբ՝ հանրությանն այս իրավիճակը պետք է մտահոգի և անորոշ հարցերի վերաբերյալ պետք է հարցադրումներ ուղղվեն պատասխանատու կառույցներին։

«Իհարկե, հանրությունը կարող է պոստ ֆակտում առերեսվել անցանկալի իրողությունների հետ, և դրանից հետո արդեն առաջանում է հարց՝ ի՞նչ անել։ Մենք մի քանի օրինակներ ունեցել ենք էս տեսանկյունից, սակայն, մեծ հաշվով, այլ ճանապարհ կարծես թե չկա, քան բոլոր մտահոգությունները արտահայտել, պատկան մարմիններին առաջադրվող հարցադրումների տեսքով։ Այստեղ պետք է նաև շատ նախանձախնդիր լինեն քաղաքական ուժերը՝ հանրային տրամադրությունները և հարցերը բարձրաձայնելու և շատ հստակ ներկայացնելու առումով։ Կարևոր է որպեսզի քաղաքական ուժերը խնդիրներ օրակարգում պահեն շատ սառը հանգիստ, հանդաարտ և շատ կոնկրետ ու առարկայական հարցադրումներով։ Իսկ մենք Հայաստանում ունենք ցանկալի մի չակերտավոր ավանդույթ, երբ ամեն ինչ բերվում է զգայականության դաշտ, զգայականության մակարդակում ամենակոշտ և ամենածայրահեղ արտահայտություններն արվում են իշխանության հասցեին, բայց դրանց քաղաքական էֆեկտիվությունը բացարձակապես զրո է, կամ գրեթե զրո է, և սա ևս խնդիր է արտաքին մարտահրավերներին զուգահեռ», - եզրափակեց Բադալյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տեղի հողատարածքներում ադրբեջանական ու հայկական կողմերը շինաշխատանք են կատարում գրեթե հարևանությամբ