Մատչելիության հղումներ

Ընդդիմությունն իշխանությանն է մեղադրում Ադրբեջանի ԶՈՒ-ի հերթական առաջխաղացումը չկանխելու համար


Խորհրդարանական ընդդիմությունն իշխանությանն է մեղադրում Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինուժի հերթական առաջխաղացումը չկանխելու համար։

«Ակնհայտ է, որ սա բացթողում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների թե՛ պետական, թե՛ ռազմական կառավարման ոլորտներում», - ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ երեկոյան հայտնեց, որ Հայաստան-Արցախ նոր՝ Կոռնիձոր-Տեղ ճանապարհի գործարկումից հետո ադրբեջանական ուժերը այդ հատվածի առնվազն 5 կետերում սահմանից 100-ից 300 մետր առաջ են տեղակայվել։ Մինչդեռ ԱԱԾ-ի հաղորդագրությունից ժամեր առաջ կառավարության նիստում անդրադառնալով բարձունքներ գրավելու Բաքվի պնդումներին՝ վարչապետը պնդել էր, թե փոփոխություններ չեն եղել։

«Ադրբեջանական լրահոսում հայտնվեցին տեղեկություններ, որոնք փորձ են անում տեղի ունեցածը ներկայացնել որպես մի հերթական բլոքբաստեր», - ասել էր Նիկոլ Փաշինյանը. - «Հայկական դիրքերի որևէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել այն տարբերությամբ, որ մենք մտադիր ենք խնդրո առարկա հատվածի պահպանությունը ի տարբերություն նախկինի իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով»։

«Եթե 44-օրյա պատերազմից հետո Արցախից մուտքը Հայաստանի Հանրապետությունով Տեղ գյուղից էր, և բնականաբար այնտեղ հինգ կիլոմետրանոց միջանցքային տրամաբանության ներքո ճակատ էր ձևավորված՝ բուֆերային զոնա, որտեղ ադրբեջանական կողմը դիրքեր չուներ, և բնականաբար այնտեղ նաև հայկական կողմը դիրքեր չուներ, ապա Կոռնիձորով այդ ճանապարհի փոփոխության պայմաններում Ադրբեջանը այդ ժամկետից երկու-երեք օր առաջ փաստացի եկել է և մեկնարկային առումով առավելություններ ստանալով` դիրքավորվում է», - ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Ազգային անվտանգության ծառայությունը երեկվա հաղորդագրության մեջ նշել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև օրերս ձեռք բերված պայմանավորվածությամբ երկու երկրների սահմանապահները պետք է տեղակայվեին սահմանի երկու կողմերում: Թե ինչ պայմանավորվածության մասին է խոսքը, գերատեսչությունից չեն պարզաբանել, միայն շեշտել են, թե այդ հատվածում Հայաստանի բանակը դիրքեր չի ունեցել. «Տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ»:

Մինչ իշխանությունները չեն պարզաբանում՝ ինչ պայմանավորվածության մասին է խոսքը, ընդդիմությունից քննադատում են՝ ինչ վստահություն է ունեցել իշխանությունը, որ Բաքուն կարող է պահպանել պայմանավորվածությունը, երբ նույն իշխանությունն է բարձրաձայնել գրեթե բոլոր պարտավորությունների չկատարման մասին ու խոսել միջազգային մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունից։

«Որևէ օբյեկտիվ հիմք Հայաստանի Հանրապետության որևէ իշխանություն չէր կարող ունենալ։ Եթե այս պայմանավորվածությունների հիմքում կա այլ հանգամանք, որի մասին հանրությունը չգիտի, դա հարցի երկրորդ մասն է, բայց օբյեկտիվ առումով որևէ իշխանություն չէր կարող վստահություն ունենալ, որ Ադրբեջանը, այն էլ բանավոր պայմանավորվածությունները կկատարեր», - պնդեց Տիգրան Աբրահամյանը։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անտրամաբանական է համարում ամեն րոպե նոր հարձակման հավանականության սպառնալիքի պայմաններում սահմանի երկայնքով սահմանապահներ տեղակայելու իշխանությունների որոշումը։

«Այն պայմաններում, երբ դու գտնվում ես հակառակորդի հետ պատերազմական իրավիճակում, երկրի պաշտպանության խնդիրը բանակի խնդիրն է, սահմանապահ ծառայությունները իրենց ծառայությունը կարող են իրենց ծառայությունը տանել խաղաղ պայմաններում», - ասաց պաշտպանության նախկին նախարարը։

Սեյրան Օհանյանը շեշտում է՝ սահմանապահները չունեն այդ կարողությունները ադրբեջանական հավանական սադրանքները կանխելու համար։ Պաշտպանության նախին նախարարը համոզված է նաև՝ ինչպես նախորդ դեպքերում, այս դեպքում էլ ադրբեջանցիները հետ չեն քաշվելու իրենց զբաղեցրած հատվածներից. - «Երբ տեսնում ես, որ քո իշխանությունները անընդհատ սխալվում են, անընդհատ թույլ են տալիս հակառակորդին առաջ գալ, սա խոսում է նրա մասին, որ ընդհանուր առմամբ կամ չեն գիտակցում, կամ նման պայմանավորվածություններ ունեն։ Հույս կապել ադրբեջանցիների, թուրք-ադրբեջանական տանդեմի նկատմամբ, որ իրենք բանակցություններով կարող են այսօր հետ քաշվել, չի ստացվելու»։

ԱԱԾ-ն երեկվա հաղորդագրության մեջ նշել էր, որ հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ: Իշխանականներն այսօր չցանկացան մեկնաբանել, թե ինչու չի կանխվել ադրբեջանական նոր առաջխաղացումը, և ինչու սահմանամերձ համայնքների բնակիչները տեղեկացված չեն եղել սպասվող փոփոխությունների մասին։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեկնաբանություն չտվեց, միայն ասաց, որ հիմա դրա ժամանակը չէ։ Իսկ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հավելեց. - «Պաշտոնական հաղորդագրությունը չի ուշանա, համբերեք»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG