Մատչելիության հղումներ

«Հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»․ Փաշինյան


Հայաստանը նախօրեին տեղեկացրել է ադրբեջանական կողմին, որ համաձայն պայմանավորվածության, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող նոր ճանապարհը Կոռնիձորի կամրջից հետո շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով և որ սահմանապահ զորքերն են ստանձնելու այդ ճանապարհի պահպանությունը, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ քիչ առաջ ադրբեջանական լրահոսում հայտնվեցին տեղեկություններ, որոնք փորձ են անում տեղի ունեցածը ներկայացնել որպես «մի հերթական բլոկբաստեր»։

Այս մոտեցումն առնվազն կառուցողական չէ, ասաց գործադիրի ղեկավարը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր ավելի վաղ հայտարարել է, որ ադրբեջանական զինուժը վերահսկողության տակ է վերցրել մի շարք բարձունքներ, հիմնական ու օժանդակ ճանապարհներ և Լաչինի շրջանի Ջաղազուր և Զաբուխ (Աղավնո) գյուղերի միջև ընկած տարածքը։

Հիշեցնելով՝ 2022-ի օգոստոսին Ադրբեջանի և ԼՂ իշխանությունների միջև ձեռք բերված համաձայնությունը, որի արդյունքում Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց նոր ճանապարհի գործարկմամբ՝ Փաշինյանը մանրամասնեց՝ քանի որ Լաչինի միջանցքը Հայաստանի Հանրապետությանը կապող ճանապարհը ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում Հայաստանի տարածք՝ Կոռնիձորի կամրջով, ապա նորից Ադրբեջանի տարածք, ապա նորից Հայաստանի տարածք, հիմա այդ ճանապարհը կանցնի միայն Հայաստանի տարածքով։

«Հայկական դիրքերի որևէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել, այն տարբերությամբ, որ մենք մտադիր ենք խնդրո առարկա պահպանությունն, ի տարբերություն նախկինի, իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով։ Այսինքն՝ փոփոխությունը, որ տեղի է ունենում՝ նույն դիրքերից Հայաստանի պետական սահմանի երկայնքով Պաշտպանության նախարարության ստորաբաժանումները դուրս են գալու, ըստ պլանի, և փոխարենը տեղակայվելու են սահմանապահ զորքերի ստորաբաժանումները։ Մենք այդ առաջարկով հանդես ենք եկել նաև Ադրբեջանին, որպեսզի նույնը տեղի ունենա Ադրբեջանի կողմից։ Հույս ունեմ, որ այս գործընթացը տեղի կունենա առանց սադրանքների», - ասաց Փաշինյան։

«Հայաստանը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի»

Հայաստանը դեպի Լեռնային Ղարաբաղ ռազմական փոխադրումներ չի իրականացնում, Լեռնային Ղարաբաղում բանակ չունի, այսօր մեկ անգամ ևս հայտարարեց Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով Բաքվի պնդումներին։

Շաբաթ օրը Բաքուն հաղորդեց, որ «անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել» Լաչինի ճանապարհից հյուսիս գրունտային ճանապարհի նկատմամբ տեղային վերահսկողության համար՝ բացատրելով, թե Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ռազմական բեռներ ու անձնակազմ է տեղափոխվում։

Այս փաստը ստուգելու համար Փաշինյանը կրկնեց իր նախկին՝ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու առաջարկը՝ շեշտելով այդ առաջարկն Ադրբեջանն ինքն է մերժել 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ։ «Այդ առաջարկը ուժի մեջ է», - ասաց գործադիրի ղեկավարը։

Իսկ, որ Լեռնային Ղարաբաղում գործում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ, դա հանրահայտ փաստ է, ասաց Փաշինյանը՝ ՊԲ գոյությունն ու գործունեությունը պարզաբանելով հետևյալ կերպ՝ «Ադրբեջանը ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում»՝ թվարկելով՝ Լաչինի միջանցքը փակ է արդեն 100 օրից ավելի, ԼՂ գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը դադարեցված են, ԼՂ-ում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիները և տեխնիկան պարբերաբար գնդակոծվում են, Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը շարունակվում է։

Եզրափակելով՝ վարչապետը հայտարարեց՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների Հայաստանի կառավարությունն անհօգնել վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին։

«Մենք հույս ունենք, որ առաջիկայում կոնկրետ տեղաշարժեր կլինեն ինչպես Ստեփանակերտ Բաքու, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան բանակցային ձևաչափերում», - ասաց Փաշինյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG