Մատչելիության հղումներ

Տեղ գյուղի բնակիչները պնդում են՝ ադրբեջանցիները շարունակում են ինժեներական աշխատանքները


Տեղ-Կոռնիձոր հատվածում իրավիճակն էականորեն բարելավվել է, այսօր առավոտյան հայտարարեց Ազգային անվտանգության ծառայությունը։ Երկու օր առաջ ադրբեջանական զինուժը սահմանային հինգ կետերով մինչև 300 մետր առաջացել էր։

«Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ, և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։ Հայտնում ենք, որ ներկայումս աշխատանքները շարունակվում են», - ասված է կառույցի հաղորդագրության մեջ։

«Ի՞նչն է բարելավվել, ես չեմ հասկանում, շատ ուժեղ ինժեներական աշխատանքներ են տանում այս պահին՝ իրենց էքսկավատորներով, տեխնիկայով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Տեղ գյուղի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը, ում տեղեկացմամբ ՝ ադրբեջանական զինուժն արդեն հասցրել է 11 նոր հենակետ տեղակայել Արավուսից մինչև Տեղ՝ հայկական տարածքների վրա։

Գիշերն էլ են աշխատել, ձյունն էլ նրանց չի կանգնեցնում, ասում է Տեղի ավագանու մեկ այլ անդամ՝ Մասիս Զեյնալյանը, ադրբեջանցիները խրամատավորվում են հենց նրա ցորենի դաշտերի վրա. - «Դիրքավորվում են, ոչ մի փոփոխություն չկա, ոչ մի միլիմետր էլ հետ չեն գնացել, երկու-երեք օր առաջվանից ոչ մի փոփոխություն չկա, մարդիկ դիրքավորվում, աշխատում են»։

Տեղի բնակիչներից Արարատի Շեգունցի գարու դաշտում էլ են այժմ ադրբեջանական տրակտորները խրամատ փորում։ «Իմ սեփական դաշտն է՝ փաստաթղթով», շեշտում է Շեգունցը. - «Լրիվ ցանած դաշտեր են, ցորեն, գարի»։

Իրավիճակի բարելավման վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության հայտարարությանը ծանոթ էր, չգիտի, թե ինչի մասին է խոսքը։ Գյուղով հետևում են ադրբեջանական կանգ չառնող շինարարությանը, ինչպես պնդում են, երբևէ Ադրբեջանի հսկողության տակ չեղած հողերում։

«Կանգնած նայում են, ի՞նչ անեն, գյուղացին առանց զենքի ի՞նչ անի։ Ժողովուրդը կարող է հիմա դուրս գային, գնային, բայց պիտի կազմակերպիչ լիներ, որ ժողովուրդ եկեք, թեկուզ անզեն, մոտիկանանք, զոռենք, մի 500 հոգի որ դուրս գար, կարային չէ՞ հանեին դրանց, հիմա սենց ապրելն ո՞ւմ է պետք», - ասում է Արարատ Շեգունցը։

Ադրբեջանցիները 4 օր առաջ Տեղ գյուղի դաշտեր հասան այն բանից հետո, երբ Աղավնոյով Լաչինի նոր միջանցքին միացող ժամանակավոր ճանապարհը փակեցին։ Հայկական կողմն ավարտին էր հասցնում Կոռնիձորի ճանապարհը, վերջնաժամկետն այսօր էր։ Ըստ նույն օր Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության՝ ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ: Ըստ տեղի բնակիչ Արարատ Շեգունցի՝ ռուս խաղաղապահները այդ տեղանքից հեռացել են օր առաջ։

Ինչո՞ւ հայկական կողմից ադրբեջանցիներին ոչ ոք այսպես ասենք՝ չի դիմավորել, հարցնում է նա. - «Եթե էսի տված չէր, խի՞ չէին հինգ օր առաջ, որ հլը ռուսը էնդեղ էր, խի՞ չեն բերել, դիրքերեը դրել, թե՞ հինգ օրով ինչ-որ մի բան էր փոխվում»։

Հարցը մեր կորցրած անձնական հեկտարները չեն, ասում են Տեղի բնակիչները, այլ այն, որ ուզում են գյուղից չհեռանալ, իսկ դրա համար անվտանգություն է պետք, մշակովի հող, արոտավայր։

«Ոչ մի ձևի հնարավոր չէ այնտեղ, մարդ տանի, անասունը պահը, անզեն հովիվը ո՞նց գնա», - նշեց Շեգունցը։

«Արցախցիները փախել են, եկել են, ի՞նչ կյանքով են ապրում, որ մենք փախչենք, փախնենք ո՞ւր, գնանք, թափառական դառնա՞նք, ապրում ենք էլի», - հավելեց Մասիս Զեյնալյանը։

Գորիս- Կոռնիձոր -Բերդաձոր -Ստեփանակերտ միջանցքը, որ եռակողմ հայտարարությունից հետո կառուցեցին Հայաստանն ու Ադրբեջանը, Շուշի -Քարին տակ հատվածում փակ է արդեն 111 օր։ Հայաստանից հնարավոր է հասնել միայն մինչև Շուշիի շրջանի մի քանի գյուղեր։ Ստեփանակերտ հասնում են միայն ռուս խաղաղապահներն ու Կարմիր խաչի մեքենաները։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG