Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը երեկ երեկոյան հայտարարություն ընդունեց՝ փաստելով՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը իրավաչափ չէ։ Հանձնաժողովը միաժամանակ ընդգծում է՝ աշխարհից կտրված Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է հասունանում:
«Երախտիքի խոսք հաղորդել բոլոր նրանց, ովքեր կողմ են քվեարկել այդ հայտարարությանը», - երեկ Ազգային ժողովում ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Պաշտոնական Երևանը կարևորում է այս հայտարարությունը։ Արտաքին գործերի նախարարը միաժամանակ երեկ խորհրդարանում հիշեցրեց՝ ՄԱԿ-ի արդարադատության դատարանը դեռ մեկ ամիս առաջ է ոչ միայն հորդորել, այլև պարտավորեցրել Ադրբեջանին բացել արդեն ավելի քան 100 օր փակ ճանապարհը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի շրջափակման 100-րդ օրն է. «Սպասում էինք՝ մի բան կանեն ու այս դժոխքից մեզ կհանեն»«Միջազգային հանրությունն իսկապես այստեղ անելիք ունի և պետք է շարունակեն էդ քաղաքականությունը և ավելի գործուն միջոցներ կիրառեն։ Գիտեք, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումները բնույթով՝ իրավական առումով, պարտադիր են և չկատարման դեպքում դրանից պետք է ինչ-որ հետևանքներ բխեն, այլապես ընդհանրապես միջազգային հարաբերությունների համակարգը չի աշխատի», - ասաց Միրզոյանը։
Երեկվա հայտարարությամբ, հանձնաժողովը լիովին սատարում է Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի գծով համազեկուցողների 2023 թվականի փետրվարի 24-ի հայտարարությունը, որը կոչ է անում «անհապաղ գործողություններ ձեռնարկել» և «դադարեցնել Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ և ապօրինի արգելափակումը»։
Հանձնաժողովը նաև կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ կատարել Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները։ Դրանք ընդգծէլ էին, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանը պարտավոր է «երաշխավորել Լաչինի միջանցքով երկու ուղղություններով շարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները ենթակա են պարտադիր կատարման․ ԳուտերեշՉնայած միջազգային դատարանների, գերտերությունների հորդորներին՝ Բաքուն դիրքորոշումը չի փոխում։
«Քանակը որակի անցնելու երևույթ է․ տարբեր կառույցների և առաջին հերթին գերտերությունների կողմից, ինչքան շատ լինի ճնշումն, էդքան հավանական է, որ դա արդյունք կտա», - «Ազատությանն» ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը՝ նշելով՝ որքան շատ լինեն այսպիսի հայտարարությունները, այնքան հավանականությունը մեծ է, որ սայլը տեղից կշարժվի։
Հարցին, հնարավո՞ր է արդյոք, որ հայտարարությունները, պարտադիր որոշումներն անտեսելու դեպքում միջազգային համայնքը պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ, միջազգային իրավունքի մասնագետը պատասխանեց՝ այդ հարցը իրավական հարթությունցից դուրս է, իսկ քաղաքագիտական տեսանկյունից՝ քիչ հավանական։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը փաստացի մերժում է Արցախի շրջափակմանը վերջ տալու ԱՄՆ կոչը