«Պե՞տք է արդյոք Ռուսաստանը պաշտպանի Լեռնային Ղարաբաղը նույնիսկ այն դեպքում, երբ Ադրբեջանը ցանկանա խաղաղապահների պատասխանատվության գոտում նոր տարածքներ գրավել». - մոսկովյան "Коммерсантъ"-ի թղթակցի այս հարցը հնչեց նախօրեին՝ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովայի ասուլիսի ժամանակ:
Հստակ պատասխան, սակայն, ռուսական դիվանագիտական գերատեսչության մամուլի քարտուղարն այդպես էլ չտվեց՝ պնդելով, թե ենթադրյալ սցենարների մասին խոսակցությունները վնասից բացի ուրիշ ոչնչի չեն կարող հանգեցնել:
«Կարող ենք մեկնաբանել միայն այն, ինչ տեղի է ունենում: Պատմել, թե սա կամ նա ինչ տեսք կարող է ունենալ, երբ ինչ-որ բան տեղի ունենա, այս դեպքում տեղին չէ, սխալ է և շատ վնասակար: Դա կհանգեցնի տարատեսակ շահարկումների և զրպարտիչ պնդումների ի հայտ գալուն: Կլինի ինչ-որ իրավիճակ, որին հարկավոր կլինի արձագանքել, մենք կարձագանքենք: Այժմ նման մոդելավորմամբ զբաղվելն, ինձ թվում է, ծայրահեղ վտանգավոր է», - հայտարարում էր Զախարովան:
Մեկնաբանելով Հայաստանի վարչապետի երեքշաբթի օրը հնչեցրած այն հայտարարությունը, թե այժմ Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է, Մարիա Զախարովան խորհուրդ տվեց մեկ անգամ էլ ընթերցել երեք երկրների ղեկավարների կողմից ընդունված հայտարարությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը խուսափեց «Արցախի ինքնորոշման իրավունք» ձևակերպումից. Արցախում մտահոգված են«Մեր երկրի բոլոր պարտավորությունները հստակորեն արձանագրված են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Ռուս խաղաղապահներն անում են իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի էսկալացիա թույլ չտան և կայունացնեն իրավիճակը տեղում, դա անում են իրենց պատասխանատվության գոտում: Այստեղ, իհարկե, շատ բան է կախված ներգրավված բոլոր կողմերի գործողություններից ու հայտարարություններից: Այնպես որ, որևէ նոր բան հորինելու կարիք չկա, պարզապես հարկավոր է բացել այդ փաստաթուղթը և նայել՝ ինչ պարտավորություններ է մեր երկիրը ստանձնել և ինչ պարտավորություններ չի ստանձնել», - հայտարարում էր Զախարովան:
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով, ի դեպ, Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները լիովին տեղավորվում են քաղաքական այն կուրսի մեջ, որ որդեգրել է պաշտոնական Երևանը նախորդ տարվա աշնանից:
«Հայաստանի ղեկավարության այս հայտարարությունները մենք դիտարկում ենք որպես այն գծի շարունակություն, որ նրանք որդեգրել էին Եվրամիության հովանու ներքո Պրահայում 2022 թվականի աշնանն անցկացված գագաթնաժողովի ընթացքում: Այնպես որ, Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը երրորդ երկրների վրա բարդելու փորձերը Հայաստանի ղեկավարության խղճին ենք թողնում», - ասաց Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը:
Մարիա Զախարովան արձագանքեց վարչապետ Փաշինյանի մեկ այլ հայտարարության ևս, թե «կան մտահոգություններ, որ ՀԱՊԿ-ը դուրս կգա Հայաստանից»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը դեռ պատասխաններ է ակնկալում ՀԱՊԿ-ից, ընդդիմությունը կարծում է՝ պետք չէր դիմել կառույցին«Չգիտես ինչու ես Բուլգակովին հիշեցի՝ «ով ում վրա էր կանգնած», ու Ստանիսլավսկուն՝ «սիրեք արվեստը ձեր մեջ, և ոչ թե ձեզ արվեստի մեջ»։ Ահա այդ պատճառով ես անմիջապես մտածեցի՝ հարցի այս հատվածը կթողնեմ ձեր հայեցողությանը, փորձեք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը», - հեգնեց Զախարովան՝ հիշեցնելով, որ անցած տարի ՀԱՊԿ-ը Միացյալ շտաբի պետի գլխավորությամբ առաքելություն էր ուղարկել Հայաստան, մոնիտորինգային առաքելություն ծավալելու ծրագիր կար, բայց «հայկական կողմի պահանջների պատճառով, որոնք խնդրահարույց էին դաշինքի մյուս անդամների համար, դիտորդներ ուղարկելու որոշումը չհաջողվեց ընդունել»։
Պաշտոնական Երևանը հրաժարվել էր այդ առաքելությունից, քանի որ ռազմաքաղաքական դաշինքը այդպես էլ հասցեական գնահատական չտվեց Ադրբեջանին՝ անցած տարի Հայաստանի տարածք ներխուժելու համար։ Օրերս էլ Երևանը հրաժարվեց կառույցում գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնից, հունվարին էլ չեղարկվել էին Հայաստանի տարածքում ծրագրված դաշինքի զորավարժությունները։