Մատչելիության հղումներ

Ռուսաստանի բոլոր պարտավորությունները հստակ ձևակերպված են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում. Զախարովա


Ռուսաստանի բոլոր պարտավորությունները հստակ ձևակերպված են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում, այսօրվա ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ արձագանքելով Հայաստանի վարչապետին։

Նիկոլ Փաշինյանն օրերս կայացած ասուլիսում ասել էր, թե ՌԴ Դաշնային խորհրդի կայացրած որոշմամբ արձանագրվել է, որ Ղարաբաղի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, և որ պատերազմից հետո Հայաստանը չի կարող լինել ԼՂ անվտանգության լիարժեք երաշխավոր։

«Այս դեպքում ոչինչ պետք չի հորինել, պետք է պարզապես բացել այդ փաստաթուղթը և տեսնել՝ ինչ պարտականություններ ունի մեր երկիրը, ինչ՝ ոչ, ու վերջ։ Ու ամեն ինչ շատ պարզ կդառնա։ Ռուս խաղաղապահներն անում են իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի էսկալացիա թույլ չտան և կայունացնեն իրավիճակը տեղում, դա անում են իրենց պատասխանատվության գոտում, իհարկե, այս հարցում շատ բան կախված է ներգրավված բոլոր կողմերի գործողություններից ու հայտարարություններից», - ասել է Զախարովան։

Ռուս դիվանագետը նաև ընդգծել է, որ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները պաշտոնական Մոսկվան դիտարկում է որպես «հոկտեմբերին Եվրամիության հովանու ներքո անցկացված Պրահայի գագաթնաժողովում վերցված գծի շարունակություն». - «Այդ պատճառով էլ Հայաստանի ղեկավարության խղճին ենք թողնում Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը երրորդ կողմի վրա բարդելու փորձերը»։

Մարիա Զախարովան արձագանքել է վարչապետ Փաշինյանի մեկ այլ հայտարարության, թե «կան մտահոգություններ, որ ՀԱՊԿ-ը դուրս կգա Հայաստանից»։

«Չգիտես ինչու ես Բուլգակովին հիշեցի՝ «ով ում վրա էր կանգնած» ու Ստանիսլավսկուն՝ «սիրեք արվեստը ձեր մեջ, և ոչ թե ձեզ արվեստի մեջ»։ Ահա այդ պատճառով ես անմիջապես մտածեցի՝ հարցի այս հատվածը կթողնեմ ձեր հայեցողությանը, փորձեք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը», - հեգնել է Զախարովան՝ հիշեցնելով, որ անցած տարի ՀԱՊԿ-ը Միացյալ շտաբի պետի գլխավորությամբ առաքելություն էր ուղարկել Հայաստան, մոնիտորինգային առաքելություն ծավալելու ծրագիր կար, բայց «հայկական կողմի պահանջների պատճառով, որոնք խնդրահարույց էին դաշինքի մյուս անդամների համար, դիտորդներ ուղարկելու որոշումը չհաջողվեց ընդունել»։

Պաշտոնական Երևանը հրաժարվել էր այդ առաքելությունից, քանի որ ռազմաքաղաքական դաշինքը այդպես էլ հասցեական գնահատական չտվեց Ադրբեջանին՝ անցած տարի Հայաստանի տարածք ներխուժելու համար։ Օրերս էլ Երևանը հրաժարվեց կառույցում գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնից, հունվարին էլ չեղարկվել էին Հայաստանի տարածքում ծրագրված դաշինքի զորավարժությունները։

XS
SM
MD
LG