Երևանի ու Բաքվի շփումների բրյուսելյան ձևաչափում ֆունդամենտալ խնդիր կա, երեկ ասուլիսի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այդ ձևաչափում ձեռք բերված «տասնյակ պայմավորվածություններ չեն կատարվել»։
«Բրյուսելը մեզ ցույց տվեց, որ կան բանակցություններ, որ ոչ միայն չեն նվազեցնում էսկալացիայի վտանգն, այլև ավելացնում եմ։ Ես ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել էն փաստին, որ սեպտեմբերի 13-ի լայնածավալ հարձակումն ընդդեմ Հայաստանի Ադրբեջանի կողմից տեղի է ունեցել բրյուսելյան հանդիպումից 13 օր հետո։ Օգոստոսի 31-ին մենք հանդիպել ենք Բրյուսելում, սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը հարձակվել է», - ասաց Փաշինյանը։
Պայմանավորվածությունները վերաբերել են Լեռնային Ղարաբաղին, սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, գերիների ազատ արձակմանը և այլն, թվարկեց վարչապետը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են ԱԳՆ-ների մակարդակով շարունակել բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ Նախկին հանդիպումների փորձը հաշվի առնելով, ըստ Փաշինյանի, «պետք է լինեն երաշխիքներ պայմավորվածությունների կատարման մասին»։Այս ֆոնին մեծ է նաև էսկալացիայի հավանականությունը, հայտարարեց Փաշինյանը։ «Ե՛վ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում», - ասաց գործադիրի ղեկավարը։
Բաքուն, վստահ լինելով իր ռեսուրսային ու քաղաքական առավելության վրա, փորձում է թելադրել իր պայմանները, ինչն առաջացնում է փակուղի բանակցություններում, կարծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
Ըստ նրա՝ Բաքվի այս քաղաքականությունը «չի արժանանում միջազգային դերակատարների հստակ հակադարձմանը», այդ պատճառով է՛լ ավելի է մեծանում լարվածության ռիսկը։
«Նախ սա էր թերևս ասուլիսի գլխավոր ասելիքը, մեծ հաշվով, և երկրորդն՝ էստեղ բավական նրբորեն Նիկոլ Փաշինյանը փորձում էր շոշափել միջազգային դերակատարների պատասխանատվության հարցը, որովհետև մեզանում շատ խոսվում է Ռոսաստանի պատասխանատվության մասին և, բնականաբար, էդ խոսակցությունը միանգամայն արդարացի է և հիմնավոր, բայց այստեղ շատ կարևոր է նաև դնել ընդհանրապես միջազգային հանրության և միջազգային այլ մեխանիզմների պատասխանատվության հարցը», - ասաց Բադալյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ես շատ հստակ ուղերձ եմ հղում Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ այսօր անհապաղ դադարեցնել շրջափակումը». ՌասմուսենՀայաստանն ու Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամ են, սակայն ո՛չ այդ կառույցը, ո՛չ միջազգային մյուս դերակատարները Բաքվի համար չեն սահմանում պատասխանատվություն՝ ուժի կիրառման սկզբունքը խախտելու համար, ասում է Բադալյանը։ Նրա կարծիքով, այս հարցում Երևանը մեծ անելիք ունի։
«Երևանն էս հարցադրումները պետք է անի շատ ավելի հստակ և շատ ավելի կոնկրետ՝ սահմանելով, որ ռեգիոնալ կայունության համար պատասխանատու են բոլոր միջազգային դերակատարները», - ասաց քաղաքական մեկնաբանը։
Փաշինյան-Ալիև նոր հանդիպում բրյուսելյան ձևաչափում առայժմ ծրագրված չէ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արարատ Միրզոյանն առաջիկայում կայցելի Մոսկվա