ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ Հայաստանը դուրս կգա կազմակերպությունից. Փաշինյանը՝ աշնանային հանդիպումից
ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ Հայաստանը դուրս կգա կազմակերպությունից, այսօր դեռ անցյալ տարվա աշնան զրույց բացահայտեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրան այս մասին, իր ներկայացմամբ, ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը Երևանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում։
«Ես ասացի՝ գիտեք՝ կարծում եմ՝ այդ մտավախությունը տեղին չէ, տեղին է ուրիշ մտավախություն, որը առկա է Հայաստանի Հանրապետությունում, մտավախություն կա, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը դուրս կգա Հայաստանի Հանրապետությունից», - այսօրվա ասուլիսին ասաց Նիկոլ Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԱՊԿ առաքելության տեղակայումը ՀՀ-ում տրամաբանական կլինի ՀԱՊԿ-ի միանշանակ գնահատականից հետո․ ԿոնջորյանՕրերս Հայաստանը հրաժարվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից, այս մասին տեղեկացրել էր Արտգործնախարարության խոսնակն առանց որևէ մեկնաբանության։ Ծավալուն ասուլիսի ընթացքում Փաշինյանն ասաց՝ հաճույքով կստանձնեն կազմակերպության քարտուղարի տեղակալի պաշտոնը, եթե չստացվի, որ հանրությանը սխալ ուղերձ են հղում. - «Եթե դա նշանակի Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման ևս մի գործոն ավելացնել: Եթե դա դա չի նշանակելու, մենք նման քայլ անելը իմաստ չենք տեսնում առնվազն մեր ժողովրդի հետ ազնիվ լինելու տրամաբանությունից»:
Դաշինքից իր դժգոհությունների մասին բազմիցս հայտարարած Հայաստանը, այնուամենայնիվ, շարունակում է աշխատել ՀԱԿՊ-ի հետ, ըստ Փաշինյանի, «փորձելով հասկանալ՝ առնվազն ՀՀ տարածքում ՀԱՊԿ-ը գործում է թե ոչ»։ Հարցի պատասխանը փաստորեն Երևանում մինչ օրս չունեն։
Այնուամենայնիվ, Երևանը խնդիրներ չունի նաև ՀԱՊԿ-ն առաջնորդող Մոսկվայի հետ հարաբերություններում, ասուլիսի մեկ այլ հատվածում ասաց վարչապետը. - «Ես ճգնաժամ չեմ տեսնում մեր հարաբերություններում, որովհետև մենք խոսում ենք, մենք քննարկում ենք, իհարկե և մենք ֆիքսում ենք, որ կան խնդիրներ: Այդ խնդիրների մի մասն, իմիջիայլոց, օբյեկտիվ է, և այդ առումով այդ գնահատականը ես չէի կիսի, և մեր հարաբերությունները բնականոն վիճակում են, ինչը չի նշանակում, որ չկան փոխադարձաբար անհանգստություններ:
Եվրամիության առաքելության հետ կապված՝ Եվրամիությունը քաղաքացիական անզեն առաքելություն է ուղարկել Հայաստանի Հանրապետություն: Սրանով ամեն ինչ ասված է»:
Իրական չէ պնդումը, ՀԱԿՊ-ը ինքն է աստիճանաբար հեռանում Հայաստանից. Սեյրան Օհանյան
Իրականությանը չի համապատասխանում պնդումը, որ ՀԱԿՊ-ը ինքն է աստիճանաբար հեռանում Հայաստանից, պնդում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Ես դրա հետ համաձայն չեմ. ՀԱՊԿ-ը բազմակողմ հարաբերությունների հարթակ է, և այդ հարաբերություններում դու Հայաստանի Հանրապետության շահերը պետք է առաջ տանես: Ես կողմնակից չեմ վերջնականապես այն տեսակետին, որ Հայաստանի իշխանություններն այսօր ուզում են ՀԱՊԿ-ից դուրս գալ, բայց կատարած քայլերը լավ տեղ չեն տանում, այսինքն՝ բազմակողմ հարաբերություններում պետք է ամեն ինչ անել, որպեսզի դու այդ հարաբերություններում քո երկրի շահերը կարողանաս առաջ տանել», - «Ազատության» հետ զրույցում ասաց պատգամավորը:
Նախկին պաշտպանության նախարարի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները Փաշինյանի գլխավորությամբ ձախողել են հարաբերությունները և՛ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, և՛ ՀԱՊԿ-ի հետ։ Ռուսաստանի ղեկավարած անվտանգության կազմակերպության հետ հարթ հարաբերություններ ունենալու համար, սակայն, Օհանյանը կարծում է՝ առհասարակ պետք չէր դիմել կազմակերպությանը Ադրբեջանի՝ Հայաստանի սահմանների վրա հարձակումից հետո։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում ԵՄ դիտորդների տեղակայման երկու տարին «կարող է ճակատագրական լինել տարածաշրջանի համար»«Ադրբեջանի հետ եթե խնդիրներ էին առաջանում իմ ղեկավարության ժամանակ, այն ժամանակ էլ էին ասում՝ դիմեք ՀԱՊԿ-ին, ես միշտ դեմ եմ եղել դրան, որովհետև եթե մենք չենք կարողանում Ադրբեջանին դիմակայել, ապա ինչի՞ պետք է մենք, ասենք, թմբկահարենք, որ ունենք հայկական բանակ և այլն: Ոչ մեկը չի գալու, բարձրաձանա մեր սարերը, մեր սարերը պետք է հասու լինեն մեր զինվորին, որի պատրաստության համար մենք պետք է զօր ու գիշեր մտածենք», - ասաց նա:
Երևանը, մինչդեռ, ռազմաքաղաքական դաշինքից նախ քաղաքական գնահատական էր ակնկալում՝ հասկանալու՝ Հայաստանը կազմակերպության պատասխանատվության գոտի՞ է, թե՞ ոչ։
Թեև ՀԱՊԿ-ի մասին փաստաթղթերում այս մասին ոչինչ չկա, այնուամենայնիվ, նախկին պաշտպանության նախարարի կարծիքով՝ իրականում այդ ռազմաքաղաքական դաշինքի նպատակն ավելի լայն է, ոչ թե անդամ երկրների սահմանային անվտանգությամբ զբաղվելը. - «Ավելի գլոբալ հարցերի համար գոյություն ունի, ասենք՝ հարաբերություններ, եթե, օրինակ, խնդիրներ առաջանան Թուրքիայի Հանրապետության հետ»:
Ավելի վաղ իշխանությունները չեղարկել էին նաև ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը Հայաստանում՝ նույն պատճառաբանությամբ, թե չեն հասկանում որտեղով է անցում ՀԱՊԿ-ի համար կարմիր գիծը, օրինակ, Սոթք-Խոզնավար հատվածո՞վ, թե՞ Ջերմուկով։
Հայաստանի կառավարության վերջին արձագանքը տեղին որոշում էր. Կիրակոսյան
«Կարծում եմ՝ Հայաստանի կառավարության վերջին արձագանքը տեղին որոշում էր, և այն արտահայտում է ՀԱՊԿ-ից ավելի մեծ հիասթափություն, կազմակերպության սնանկությունը. որտե՞ղ էր այս դաշինքը, երբ Հայաստանի անվտանգությունը վտանգի տակ էր, հարձակման էր ենթարկվել։ ՀԱՊԿ-ը համարժեք չարձագանքեց», - «Ազատության» հետ զրույցում պնդեց քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Ի տարբերություն Հայաստանի խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների՝ քաղաքագետի կարծիքով՝ այս իրավիճակում ի՞նչ էր մնում Հայաստանին անել, եթե ոչ առնվազն սահմանափակել իր ներդրումը կազմակերպության գործերում։