Երբ Հայաստանը ՀԱՊԿ-ի կողմից կունենա միանշանակ և աներկբա գնահատական, թե որն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում, ՀԱՊԿ-ն ինչպիսին է տեսնում և ճանաչում Հայաստանի Հանրապետության սահմաններն, այդ ժամանակ տրամաբանական կլինի ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելության նաև տեղակայումը, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ նկատելով՝ մինչև այս պահը ՀԱՊԿ-ի կողմից նման արձանագրում չի եղել։
Կոնջորյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․
Կոնջորյան․ - Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին առաջին հերթին հետևյալ պարզաբանման խնդրանքով, առաջարկով, պահանջով․ պետք է նախևառաջ ՀԱՊԿ-ը հայտարարի, թե որն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում, ՀԱՊԿ-ն ինչպիսին է տեսնում և ճանաչում Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության սահմանները, որպեսզի դրանից հետո մենք հասկանանք՝ ՀԱՊԿ-ը որտեղ է տեղակայվելու և ինչն է դիտարկելու։ Այն բանից հետո, երբ որ մենք կունենանք ՀԱՊԿ-ի կողմից նման միանշանակ և աներկբա գնահատական, էդ ժամանակ տրամաբանական կլինի ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելության նաև տեղակայումը։ Խնդիրն այն է, որ մինչև այս պահը ՀԱՊԿ-ի կողմից այդ արձանագրումը չի եղել, իսկ Եվրամիությունը, քառակողմ հանդիպման ժամանակ, շատ հստակ ներկայացրել է իր պատկերացումները Հայաստանի սահմանների շուրջ և պատկերացրել ու նշել է, թե ինքը որտեղ է պատրաստվում դիտորդություն իրականացնել։
«Ազատություն»․ - Ճիշտ եք, պարոն Կոնջորյան, բայց դրա արդյունքում ադրբեջանական զորքերը հետ չեն քաշվել, հետևաբար ասվում է, որ ՀԱՊԿ-ի դիտորդներն էլ, քիչ թե շատ, չեղածից լավ կարող էին լինել։
Կոնջորյան․ - Գիտեք, ես կարծում եմ, որ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում՝ Ադրբեջանի սահմանին, կարևոր նշանակություն է ունեցել իրավիճակի կայունացման համար, իսկ ՀԱՊԿ-ի մասով, եկեք չմոռանանք, որ ՀԱՊԿ-ը մեր անվտանգային գործընկերն է, մենք ՀԱՊԿ անդամ ենք, մենք ունենք իրավապայմանագրային պարտավորություններ միմյանց հանդեպ, ՀԱՊԿ-ն ունի նաև ճգնաժամային իրավիճակներում գործողություններ անելու համապատասխան կանոնակագ, որտեղ հստակ գրված են քայլերի հաջորդականությունները։ Ամեն դեպքում, մենք պիտի հասկանանք, որ մենք տարբեր բաների մասին ենք խոսում, բայց այնուամենայնիվ մենք մեր ՀԱՊԿ գործընկերներից ակնկալում ենք, որպեսզի նախ ՀԱՊԿ-ը քաղաքական հստակ գնահատական տա, որ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմանի վրա հարձակում և Ադրբեջանը օկուպացրել է տարածքներ, և դրանից բխող արդեն ՀԱՊԿ-ի գործողություններ, որոնք պիտի բխեն այդ գնահատականից, բայց մենք նաև մյուս կողմից տեսնում ենք, որ օրինակ, Եվրամիությունն, իր տարբեր ինստիտուտներով շատ միանշանակ և աներկբա գնահատական է տվել ադրբեջանական ագրեսիային, օրինակ ԵԽ բանաձևերը և այլն։
Եվրամիության 100 քաղաքացիական դիտորդները, որոնցից 50-ն անզեն, Հայաստան են ժամանել փետրվարի 20-ին։ Մոսկվան Եվրամիության այս քայլը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ է գնահատել՝ շեշտելով՝ Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության ներկայության մեջ տեսնում է բացառապես աշխարհաքաղաքական ֆոն։
«Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ մենք արձանագրում ենք Եվրամիության և ամբողջ Արևմուտքի ցանկությունը՝ ամեն կերպ ամրապնդվել մեր դաշնակից Հայաստանում, և մենք այդ փորձերում տեսնում ենք բացառապես աշխարհաքաղաքական ֆոն՝ հեռու Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորման շահերից։ Ամեն ինչ արվում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և նրա պատմական դերը, որպես անվտանգության գլխավոր երաշխավորի, թուլացնելու համար», -ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Օրերս Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ այս որոշման մեջ աշխարահաքաղաքական ենթատեքստ չկա։ Ըստ Փաշինյանի՝ գլխավոր պատճառն այն է, որ ի տարբերություն ՀԱՊԿ-ի, Եվրամիությունը հստակ արձանագրել է, թե որն է Հայաստանի Հանրապետության տարածքը։