«Սուրմալու» տոնավաճառի առևտրականները սովորականի պես այսօր առավոտյան բացել էին իրենց տաղավարները։ Հաճախորդներ ընդունել, սակայն, չհասցրին։ Կեսօրին պարզվեց՝ տոնավաճառի գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սուրմալու»-ի հրդեհն ամբողջությամբ մարված չէ, բայց կառավարելի է. փլուզման վտանգը մնում է. ԱԻ նախարարԱնցած ամռանը տեղի ունեցած հուժկու պայթյունից ամիսներ անց Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը այստեղ դարձյալ ստուգումներ է անցկացրել ու բազմաթիվ խախտումներ հայտնաբերել, որոնք, ըստ կառույցի, կարող են անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։
Տեսչականը որոշել է այսօրվանից առևտրի կենտրոնի աշխատանքն արգելել, մինչև հայտնաբերված խախտումների վերացումը, ժամկետներ չեն նշվում։
«Սուրմալու»-ի առևտրականները, որոնք դեռ չէին էլ հասցրել ծանոթանալ այս որոշմանը, չէին կողմնորոշովում հավաքվեն-գնա՞ն, թե՞ սպասեն։ Պատմում էին՝ իրենց միայն ասել են, որ շուկան փակվում է։ Մեկը բացատրություն էր պահանջում, մյուսը սպասում էր, ոմանք էլ խումբ-խումբ հավաքված քննարկում էին, թե ինչ են անելու։ Ղեկավարությունից պարզաբանումներ չկային։
Առևտրի կենտրոնի տնօրինության կարծիքն ու մեկնաբանությունը լրագրողներին էլ տեղում ստանալ չհաջողվեց։ Անվանգության աշխատակիցներն ասում էին՝ ոչինչ չգիտենք։ Տնօրինության գրասենյակում էլ հակված չէին զրուցելու, հավաքված տղամարդիկ պնդում էին՝ իրենք ոչինչ ասել չեն կարող։ Ավելի ուշ ևս չհաջողվեց մեկնաբանություն ստանալ տնօրինությունից՝ պարզելու, թե որքան ժամանակում են մտադիր վերացնել խախտումները, և ինչու նույնիսկ ողբերգական հրդեհից հետո դրանք չեն վերացվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրենը երկու ամսով կալանավորվեցԱռնվազն 16, այդ թվում մեկ երեխայի կյանք խլած պայթյունի գործով այժմ հինգ մեղադրյալ կա, բոլորն էլ տոնավաճառի աշխատակիցներ են։ Նրանք ազատություն մեջ են։ Կալանավորված է միայն առևտրի կենտրոնի տնօրեին Իրինա Մադաթովան։ Բայց նա մեղադրվում է ոչ թե հենց պայթյունի, այլ դրանից ավելի քան մեկ տարի առաջ տեղի ունեցած հրդեհի դրվագով։
Պայթյունից հետո պարզվեց, որ տոնավաճառում տեղի ունեցած տեսչական ստուգումներին ու հայտնաբերված խախտումներին ոչ մի գործողություն չի հետևել, «Սուրմալու»-ն անխափան գործել է։ Մեղադրյալների շարքում, սակայն, ոչ մի պետական պաշտոնյա չկա։ Ընդ որում, պայթյունից հետո հարուցված քրեական գործի շրջանակում դատախազության միջնորդությամբ տեսչական մարմինն այստեղ ստուգումներ էր իրականացրել ու բազմաթիվ խախտումներ էր հայտնաբերել։ Այդուհանդերձ, տոնավաճառի աշխատանքը կասեցնելու որոշում ամիսներ շարունակ չէր կայացվում։ Ասում էին՝ քանի որ այս ստուգումը իրավապահների միջնորդությամբ էր, հենց նրանք պետք է որոշեին առևտրի կենտրոնի ճակատագիրը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սուրմալու»-ի տարածքում որոնողական աշխատանքները դադարեցվեցին․ կա առնվազն 16 զոհ, մեկ անհետ կորածի դին չհայտնաբերվեցՍտացվում է, որ տոնավաճառը, որտեղ դեռ անվտանգության կանոնների բազմաթիվ խախտումներ կան, ու որտեղ ցանկացած պահի կարող էր մեկ այլ պատահար լինել, կես տարի անխափան գործել է՝ չնայած խնդիրների մասին պատկան մարմինները գիտեին։
Տեսչական խոսնակ Ելենա Զոհրաբյանը պարզաբանում է, որ այս անգամ հենց իրենք են սկսել ստուգումը, ուստի կարող էին գործունեությունն արգելելու որոշում կայացնել. - «Ամբողջ փաթեթը տրամադրել էինք վարույթ իրականացնող մարմնին։ Այս տարվա մարտի 3-ի հանձնարարականով տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականի հիման վրա, նորից հրդեհատեխնիկական հետազոտություն ենք իրականացրել արդեն «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության այն հատվածում, որտեղ փաստացի տնտեսական գործունեություն էր ծավալվում։ Եվ արձանագրված խախտումների հիմքով կայացվել է անհապաղ դրա գործունեության դադարեցման որոշում»։
Զոհրաբյանը թվարկում է այսօր առկա խնդիրներից հիմնականները՝ նկուղային հարկերում այրվող նյութեր կան, բայց չկան հրդեհաշիջման միջոցներ. - «Նյութերի պահման ընթացքում, օրինակ, հաշվի չեն առնվում դրանց հրդեհավտանգ ֆիզիկաքիմիական հատկությունները, խոնավ ներգործության բոցավառվելու ընդունակությունները հաշվի չի առնվում, հրդեհաշիջման նյութերի հետ համատեղելիությունը հաշվի չի առնվում, էլեկտրասնուցման հետ կապված մի շարք խնդիրներ են արձանագրվել, պահեստային շինություններում են բազմաթիվ խնդիրներ արձանագրվել»
Տեսչական մարմինը վերջերս նման ստուգումներ է անցկացրել նաև այլ խոշոր օբյեկտներում։ Ավելի վաղ մի քանի օրով փակ էին Ոսկու շուկան և Մալաթիայի տոնավաճառը, կասեցվել էր Եղվարդի համակցված կերերի գործարանի գործունեությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Տեսչական մարմինը «Մալաթիա» տոնավաճառում 17 խախտում է հայտնաբերելՏեսչական մարմինը որոշել է, որ «Մալաթիան» կբացվի միայն ամենահրատապ խնդիրները շտկելուց հետո