ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն այսօր կլինի Ջերմուկում

Երկօրյա այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այսօր Ջերմուկ է մեկնելու՝ ծանոթանալու անցած սեպետեմբերի ռազմական գործողություններից հետո ստեղծված սահմանային իրավիճակին։

Անցած տարվա ներխուժումից հետո ադրբեջանական զորքերը, ըստ պաշտոնական աղբյուրների, 4.5 կմ հեռավորության վրա են Ջերմուկից։

Վարչապետի աշխատակազմից այլ մանրամասներ չեն հաղորդում ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի այցի մասին՝ տեղեկացնելով միայն, որ Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի նախկին ղեկավարն օրվա ընթացքում ճեպազրույց կունենա լրագրողների հետ։

Ռասմուսենը, ով այժմ «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահն է, Երևանում երեկ հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, ՊՆ Սուրեն Պապիկյանի հետ։

Ռասմուսենի հանդիպումը Փաշինյանի հետ, 1-ը մարտի, 2023թ․

Կարճ հաղորդագրություններից տեղեկանում ենք միայն, որ մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցերի շուրջ, մասնավորապես, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած ճգնաժամի վերաբերյալ, անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի սահմաններին գրեթե մեկ ամիս դիտորդություն անող ԵՄ քաղաքացիական առաքելությանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում ԵՄ առաքելությունը գործարկել է իր նոր կենտրոնակայանը Եղեգնաձորում

Երեկ օրվա երկրորդ կեսին ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը հանդիպել է նաև հայաստանյան մի շարք լրատվամիջոցների խմբագիրների և փորձագետների հետ։

Անդերս Ֆոգ Ռասմուսենը 2000-ականների եղել է Դանիայի վարչապետը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 2009-2014 թվականներին, 2016-2019թ. մայիսի 17-ը եղել է Ուկրաինայի նախագահի՝ Պետրո Պորոշենկոյի ոչ կադրային խորհրդականը: 2022 թվականի հունիսից նրա ղեկավարած «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպությունը աշխատում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի հետ։

Կազմակերպությունը, ըստ համացանցում առկա տեղեկությունների խորհրդատվական աշխատանքեր է կատարել նաև Ճապոնիայի, Թայվանի և Ալբանիայի կառավարություննների հետ։

Արդյոք Հայաստանի կառավարությունը ևս դիմելու է «Ռասմուսեն գլոբալ» քաղաքական խորհրդատվական կազմակերպությանը, առայժմ հայտնի չէ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռասմուսենը Հայաստանի պաշտոնյաների հետ քննարկել է տարածաշրջանի վերջին զարգացումները