Մատչելիության հղումներ

«Մենք ենք մեր երկրում ապրում, մենք պետք ա պահենք». Ջերմուկում վիրավորված կամավորական


Լևոն Մարտիրոսյանը վիրավորվել է 17 օր առաջ՝ Ջերմուկի դիրքերում, մեկ աչքի տեսողությունն այս պահին՝ չկա, բայց կա առաջնագիծ վերադառնալու ցանկություն:

Հրաձիգ Լևոնը «Վարդանանք» ջոկատի կամավորներից է՝ հենց 13-ի գիշերը խմբով Ջերմուկ են հասել իրենց նշանակման վայր։

«Կամավոր բոլորս էլ գնում ենք, ստիպողական ոչ մի բան չկա, պարտավորվածություն չկար», - ասաց Մարտիրոսյանը:

Ադրբեջանական անօդաչուների հարվածից ջոկատի 8 կամավորներ զոհվել են՝ նաև հրամանատարը՝ Մանվել Խաչատրյանը, 9-հոգի վիրավորվել է՝ Լևոնը նրանց հետ, պատմում է՝ որոշ ժամանակ սպասել են կրակոցները հանդարտվեն՝ նոր իրենց տեղափոխող մեքենան մոտենա. առաջնագծում շարժվող ամեն բան թիրախ է:

«ԱԹՍ-ները գնացին, հասկացան՝ երևի իրանք իրանց խնդիրը կատարեցին, կազմակերպեցինք անշարժ վիճակ՝ չնկատեն, որ շարժ կա, հետո նոր արդեն զորամասից օգնությունը եկել ա», - ներկայացրեց նա:

Ջերմուկի, Վայքի հիվանդանոցներից Երևան՝ Զինվորական հոսպիտալ, ապա «Աստղիկ» բուժկենտրոն: Բուժումը դեռ պետք է շարունակի և ավելի ուշ պարզ կդառնա՝ տեսողությունը կվերականգնվի, թե՝ ոչ: Այս անգամ էլ 44-օրյայի պես ինտենսիվ հրետակոծություն էր, ասում է Մարտիրոսյանը:

Լևոն Մարտիրոսյանը ընդամենը 33 տարեկան է ու բացակա չունի ոչ մի պատերազմից՝ մասնակցել է քառօրյային՝ Մատաղիսում է եղել, հետո 44-օրյա պատերազմին՝ Ջաբրայիլ, Հադրութ, Քաշաթաղի գյուղեր՝ դարձյալ որպես կամավոր, նախորդ տարվա նոյեմբերին Իշխանասարի մարտերին էր մասնակցում, հետո արդեն Ջերմուկն էր:

Կինն ասում է ՝ միշտ պատրաստ պայուսակ ունի, ինքը հաջողացնում է միայն վերջին պահին այդտեղ քաղցրավենիք խցկել. «Ինքը ոչ մեկին չի լսում, իրան էդ թեմայով ընդհանրապես ոչինչ պետք ա չասենք, ինքը գնում ա, կանխել չի լինի»:

Սահմանը կահավորված է, թե՝ ոչ, զինամթերքի խնդիր կա- չկա, այս հարցերին Լևոն Մարտիրոսյանը չի պատասխանի, ընդհանարապես համբերատար է. «Հա, որ 100 տոկոսանոց ապահովելու հլը շատ տեղ ունենք, որ իդեալական լինի, բայց պետք է հաշվի առնենք մի բան, որ նեղն ենք էլի, մեր երկիրը էդքան չի կարա միանգամից, որովհետև շատ կորուստ տվեցինք»:

Դիրքը, որտեղ Լևոնն ու իրենց ջոկատն էին, մնացել է հայկական, բայց թե՛ Ջերմուկի, թե՛ Գեղարքունիքի ու Սյունիքի հատվածներում այս վերջին մարտերի ընթացքում ադրբեջանական կողմը առաջ է եկել: Լևոնն ասում է՝ որտեղ առաջ են գալիս, շատ արագ սկսում են ամրանալ, ինժեներական աշխատանք կատարել:

«Մենք եթե անենք՝ մեզ ասելու են՝ դուք ագրեսոր եք, էլի հարձակվաք, մենք էլ չենք ձգտում պատերազմի, ոնց որ մեր ղեկավարությունը, մեր բանակը չի ոզում գնա պատերազմի, նախահարձակ չի լինում, դրա համար իրանք են նախահարձակը, որովհետև հարձակվելուց իրանք շատ մեծ ուժեր են դնում, որ կարողանան թեկուզ էդ մի սարը, էդ երկու դիրքը վերցնեն: Իրանք կարող ա 200-300 զոհ տան էդ 7-8 հոգով պահվող դիրքը վերցնեն: Իրանք չեն ափսոսում իրանց բանակը, իրանց զինվորը, զենքը», - ընդգծեց Մարտիրոսյանը:

Եթե մարտական գործողություններ չկան, Լևոնը եռամսյա հավաքների է գնում, հանգիստ նստել չկա, տանը զինվորական հագուկապի մի ողջ զգեստապահարան է, տարբեր սեզոնների: Խաղաղ կյանքի փորձ այնուամենայնիվ արել է, 11 տարի առաջ գնացել է Աղավնոյում ապրելու. «Ֆերմա սարքեցինք, այգիներ սարքեցինք»:​

Աղավնոյի դպրոցում ֆիզկուլտուրա էր դասավանդում, Բերձորի սպորտդպրոցում բռնցքամարտ էր պարապում, սպորտի վարպետ է: Ամուսնացավ, ծնվեցին Դիգրանն ու Դավիթը, հետո արդեն սկսվեցին պատերազմները:

Պարտադի՞ր է կամավոր լինել բոլոր պատերազմներում ՝ հարցը նրան ապշեցնում է. «Մենք ենք մեր երկրում ապրում, մենք պետք ա պահենք մեր երկիրը»:​

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG