Լաչինի արդեն գրեթե երեք ամիս չբացվող միջանցքի, Արցախում հրադադարի խախտման վերջին դեպքերի ու նոր զոհերի ֆոնին տարածաշրջանում են Մինսկի խմբի արևմտյան երկրների դիվանագետները։ Ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյը երեկ արդեն հանդիպել է վարչապետին:
Նիկոլ Փաշինյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, դիվանագետի հետ քննարկել է կիրակի Արցախում տեղի ունեցած ադրբեջանական հարձակումը, որի հետևանքով 3 արցախցի ոստիկան է սպանվել։
Բաքվում ունեցած հանդիպումներից հետո այսօր Երևան ժամանած ամերիկացի համանախագահ Լու Բոնոն ևս հանդիպելու է վարչապետին, ինչպես շեշտում են ԱՄՆ դեսպանատնից, առաջ մղելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։
Միացյալ Նահանգները չի պատրաստվում դեմ լինել միջնորդական որևէ առաջարկի
Ամերիկացի բանագնացի այցին ժամեր առաջ անդրադարձել է Պետքարտուղարության խոսնակը։ Նեդ Փրայսն ասել է, որ դիվանագետը տարածաշրջանում է՝ «ընդգծելու, որ առաջընթացի միակ ճանապարհը ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունն է»:
«Եվ ինչպես ընդգծել է պետքարտուղարը, Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին», - նշել է նա։
Անդրադառնալով կիրակի օրն Արցախում տեղի ունեցած արյունալի միջադեպին՝ Պետքարտուղարության ներկայացուցիչը շեշտել է՝ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում։ Փրայսը ընդգծել է նաև, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում դեմ լինել միջնորդական որևէ առաջարկի, այդ թվում՝ ռուսականին։
Նա նշել է, որ Վաշինգտոնը ոչ թե միջնորդ է, այլ Երևանի և Բաքվի գործընկերը. «Կարծում եմ՝ մենք և՛ խոսքով, և՛ գործով ցույց ենք տվել երկու երկրների հետ մեր հարաբերությունների բնույթը, երկու երկրներին միավորելու մեր կարողությունը, մեր ցանկությունն ու պատրաստակամությունը՝ օգնելու լրացուցիչ առաջընթաց ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում։ Մենք դա չենք անում որպես Մոսկվայի հետ մրցելու միջոց։ Մենք դա անում ենք՝ ձգտելով հասնել այս երկու երկրների միջև երկարատև վեճի կարգավորմանն ու լուծմանը, ցավոք, մի վեճի, որը հետևողականորեն մարդկային կյանքեր է խլում, ինչպես եղավ մարտի 5-ին»:
Լու Բոնոն, որ Երևանում արդեն հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղարին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնում մեկ ամիս առաջ է նշանակվել։ Սա նրա առաջին այցն է տարածաշրջան։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը երեկ ամերիկացի դիվանագետը, որը նաև Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդականն է, հայտարարել էր՝ Վաշինգտոնի վերջնական նպատակը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն է։
Բոնոն կարևորել էր նաև Երևանի և Բաքվի միջև ուղիղ շփումները՝ շեշտելով՝ իր այցի նպատակը կողմերի երկխոսությունն է։
Ալիևն էլ իր հերթին գոհունակություն էր հայտնել իր ու Հայաստանի ղեկավարի միջև փետրվարի 18-ին կայացած հանդիպման արդյունքների առթիվ։ Մյունխենյան այդ հանդիպմանը Գերմանիայում ԱՄՆ պետքարտուղարի հետ միասին մասնակցում էր նաև Լու Բոնոն։
Փետրվարին էլ տարածաշրջան էր այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գծով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ պատվիրակ Իգոր Խովաևը, հանդիպել Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին։
Ռուսաստանցի դիվանագետը, կողմերի տարածած պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ քննարկել էր Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանի և Բաքվի միջև միջնորդական ջանքերում պետք է խուսափել մրցակցությունից․ ՌԴ ԱԳՆ«Կողմերն այս կերպ փորձում են տարածաշրջանում ռիսկերը կառավարելի դարձնել»
Ի՞նչ կարող է նշանակել Վաշինգտոնի, Փարիզի ու Մոսկվայի այս դիվանագիտական ակտիվությունը, քաղաքագետ Արեգ Քոչինյանի գնահատմամբ՝ կողմերն այս կերպ փորձում են տարածաշրջանում ռիսկերը կառավարելի դարձնել։
«Եվ Լաչինի միջանցքի փակ պահելը, հատկապես դատարանի որոշումից հետո, և վերջին սրացումները, զինված միջադեպերը, և Ադրբեջանի քաղաքական ղեկավարության փոխանցած մեսիջները Արցախի ղեկավարությանը առ այն, որ պետք է խոսել ինտեգրացիայից, կամ կլինեն ավելի մեծ բարդացումներ, այդ բոլորը ցուցանիշ են և վկայություն են նրա, որ իրավիճակը միայն լարվում է, ուստի ավելի քան տրամաբանական է, որ համանախագահ երկրները՝ Ֆրանսիան, Նահանգները և ինչ-որ չափով նաև Ռուսաստանը փորձում են, այսպես ասած, ռիսկերը կառավարելի դարձնել: Ուրիշ հարց, թե այդ երկրներն ինչքան են պատրաստ ներդրում անել տարածաշրջանում»:
Քաղաքագետ չի շտապում կանխատեսել՝ արդյոք որևէ ազդեցություն կունենա համանախագահների այցը տարածաշրջան, օրակարգի մանրամասներից քիչ բան է հայտնի։ Ասում է՝ հայկական կողմի համար մեծ ձեռքբերում կլինի անգամ ներկայիս իրավիճակի պահպանումը։