Վաղը Ստամբուլում՝ Դոլմաբահչեի պալատում գումարվելու է պետական պաշտոնյաների, տարբեր կառույցների և մասնագետների հատուկ ժողովը, որի օրակարգում կլինի բնական արհավիքրներին՝ երկրաշարժերին, հեղեղումներին, սողանքներին, երաշտին և հրդեհներին արձագանքելու ազգային հայեցակարգի մշակումը:
«Վտանգներից պաշտպանվելու Թուրքիայի ազգային վահան» հայեցակարգ ստեղծելու որոշումն ընդունվել է անմիջապես վերջին ավերիչ երկրաշարժից հետո:
Փետրվարի 6-ին Թուրքիայում 7.7 և 7.6 մագնիտուդով երկրաշարժերի հետևանքով զոհվել է ավելի քան 45 հազար մարդ: Ցնցումները մեծ ավերածություններ են առաջացրել երկրի 11 մարզերում, որտեղ բնակվել է մոտ 14 միլիոն մարդ:
Իշխանությունները խոստովանել են, որ երկրաշարժին հաջորդած առաջին ժամերին պատկան ծառայությունների աշխատանքում էական թերացումներ են եղել:
Թուրքիայում ենթադրում են, որ հայեցակարգի ստեղծումը կօգնի բնակավայրերին ավելի պատրաստ լինել տարատեսակ արհավիրքներին:
Դոլմաբահչե պալատում վաղվա քննարկումը նախագահելու է Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հայեցակարգի ստեղծման աշխատանքը համակարգելու է Թուրքիայի շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության և ուրբանիզացիայի նախարար Մուրաթ Քուրումը:
Նիստի ընթացքում կքննարկվի ոչ միայն երկրաշարժերի հետևանքների վերացման գործընթացն, այլև աշխատանքը, որն անհրաժեշտ է կատարել երկրի սեյսմավտանգ այլ շրջաններում:
Նիստին պետական պաշտոնյաներից զատ մասնակցելու են սեյսմաբաններ, երկրաբաններ, ճարտարապետներ, սոցիոլոգներ և այլ մասնագետներ:
Նախօրեին Էրդողանը նաև հայտնել է, որ երկրում կստեղծվի Արհավիրքների հետևանքների վերացման հատուկ հիմնադրամ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանը կրկին մեկնել է աղետի գոտի