Ստեփանակերտից հակադարձում են Ալիևին՝ Ղարաբաղում Ռուբեն Վարդանյանի գտնվելը Արցախի ներքին գործն է

Ստեփանակերտից հակադարձում են Իլհամ Ալիևին՝ Ղարաբաղում Ռուբեն Վարդանյանի գտնվելը և ծավալած գործունեությունը Արցախի ներքին գործն է։

Անցած շաբաթ օրը Մյունխենում տեղի ունեցած համաժողովին, որին մասնակցում էր նաև Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը նախապայման դրեց՝ Ղարաբաղում ապրող հայ էթնիկ փոքրամասնության հետ պատրաստ են քննարկել նրանց անվտանգության և իրավունքների հարցերը, բայց դա կանեն միայն այն ժամանակ, երբ Ռուբեն Վարդանյանը հեռանա իրենց հողից։

«Մենք պատրաստ ենք դա անել, բայց հայ համայնքի այն ներկայացուցիչների հետ, որոնք ապրել են, ծնվել են Ղարաբաղում, բայց ոչ այն անձի հետ, ով ներմուծվել է Ռուսաստանից՝ Ղարաբաղում բարձր պաշտոն զբաղեցնելու համար։ Գուցե ներմուծվելը ճիշտ բառ չէ, ես կնախընտրեի մաքսանենգ ճանապարհով ներմուծելը, որովհետև ոչ ոք չգիտի, ինչպես նա հայտնվեց Ղարաբաղում, ինչպես է նրան հաջողվում ետ գնալ Երևան, հետո Մոսկվա, հետո էլի Երևանով գալ Ղարաբաղ։ Միայն այս փաստը ցույց է տալիս, որ չկա շրջափակում... Մենք պատրաստ ենք սկսել գործնական քննարկումներ Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ես դա ասել եմ իմ հայ գործընկերոջը՝ ԱՄՆ պետքարտուղար Բինքենի ներկայությամբ, բայց դա կանենք այն ժամանակ, երբ Ռուսաստանի քաղաքացի, քրեական օլիգարխ Վարդանյանը հեռանա մեր տարածքից», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եռակողմ հայտարարության մեջ առկա է Լեռնային Ղարաբաղը, և փաստաթղթի տակ առկա է Ալիևի ստորագրությունը. Փաշինյան

Ալիևին առայժմ հակադարձել է Արցախի նախագահի մամուլի խոսնակը։ Լուսինե Ավանեսյանը «Արցախպրեսս»-ին ասել է, որ Արցախը համայն հայության հայրենիքն է` անկախ ծննդավայրից։

«Բազմաթիվ պատերազմական, կոռուպցիոն և այլ բնույթի հանցագործությունների կատարման կամ ղեկավարման մեջ հիմնավոր կերպով կասկածվող Ադրբեջանի նախագահը, որն այս պահին ուղղակի ղեկավարում է 120 հազար հայերի շրջափակման ահաբեկչական օպերացիան, հերթական անգամ Մյունխենում խոսելով Ռուբեն Վարդանյանին Արցախից հեռացնելու մասին, փորձում է լեգիտիմացնել Արցախը հայությունից և ողջ աշխարհից մեկուսացնելու հանցագործությունը», - նշել է Ավանեսյանը:

Ի դեպ, Ռուբեն Վարդանյանի հասեցին Ալիևի հնչեցրած մեղադրանքներին ու դրած նախապայմանին վարչապետ Փաշինյանը որևէ կերպ չարձագանքեց և չհակադարձեց։

Արցախում պետնախարարի պաշտոնանկության թեման նոր թափ է ստանում

Ղարաբաղից Ռուբեն Վարդանյանին հեռացնելու Ալիևի հերթական նախապայման-պահանջին զուգահեռ, Արցախում պետնախարարի պաշտոնանկության թեման նոր թափ է ստանում։ Արցախցի ընդդիմադիր գործիչ Տիգրան Պետրոսյանը պնդում է՝ առաջիկայում նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատելու է պետնախարար Ռուբեն Վարդանյանին՝ այդ պաշտոնում նշանակելով Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին։

«Ես կարծում եմ, որ իրոք Ռուբեն Վարդանյանին հեռացնելու է Արայիկ Հարությունյանը, և ժողովրդի մեջ մեծ հիասթափություն է լինելու», - ասաց Տիգրան Պետրոսյանը:

Ընդդիմադիր գործիչը պնդում է, թե այս տեղեկությունը ստացել է նախօրեին, Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի, ապա նախագահ Արայիկ Հարությունյանի և պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպումներից հետո։

«Տեղի է ունեցել սկզբից հանդիպում Գուրգեն Ներսիսյանի հետ, որի ընթացքում նա ինձ հայտնեց, որ որոշումն արդեն կայացված է, և Ռուբեն Վարդանյանը պետք է գնա: Թե ի՞նչ մեթոդով կգնա, ինչպիսի՞ կարգով կգնա, նրան հայտնի չէ, բայց ասել է, որ գնում է, և Արայիկ Հարությունյանն առաջարկել է նրան պետնախարարի պաշտոնը», - ներկայացրեց Պետրոսյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստեփանակերտից ոչ հերքում, ոչ էլ հաստատում են լուրերը, թե Արցախի նախագահն ու պետնախարարը Մոսկվա են գնացել

Ավելի ուշ, ըստ Տիգրան Պետրոսյանի, ինքը հանդիպել է պետնախարար Ռուբեն Վարդանյանին և հասկացել, որ նրան պաշտոնից ազատելու որոշումը դրսից է պարտադրվում, թե կոնկրետ որտեղից, չի մանրամասնում։

«Հետո ես հանդիպել եմ Ռուբեն Վարդանյանին, որտեղ, ինչպես հասկացել եմ, դրսից ասել են թե՛ Արայիկ Հարությունյանին, թե՛ նրան, որ դու պիտի դուրս գաս, Արայիկ Հարությունյանին ասել են, որ պիտի դու մնաս: Ես չեմ մանրանա՝ ինչու և այլն, որովհետև շատ բաներից տեղյակ չեմ, գիտեմ, որ Ռուբեն Վարդանյանն ասում է՝ որ ինքը հրաժարական չի գրելու և Արայիկ Հարությունյանն է ստիպված իրեն հանելու», - պատմեց ընդդիմադիր գործիչը:

Ոչ նախագահ Հարությունյանը, ոչ պետնախարար Վարդանյանը և ոչ էլ դատախազ Ներսիսյանը առայժմ չեն հաստատել այս տեղեկությունը։

Մինչ Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության շուրջ քննարկումները շարունակվում են, պետնախարարը երեկ ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրը՝ ելույթը սկսելով Նժդեհի խոսքերով։ Վարդանյանն ասել է, որ 100 տարի առաջ և այսօր ստեղծված իրավիճակները շատ նման են, պետք է դասեր քաղել և չկրկնել նույն սխալները։

«Շանսերը, որ մենք կարանք հաղթահարենք այս իրավիճակը, ցածր է, բայց դա բարձր է, քան 0-ն», - նշել է Արցախի պետնախարարը:

Այսօր՝ Ղարաբաղյան շարժման 35 -րդ տարվա կապակցությամբ Արցախի պետնախարարն ասել է, որ բոլոր փորձություններով հանդերձ՝ Արցախը հայկական պահելու կամքն անսասան է:

«Բոլոր նրանք, ովքեր քննարկում են ու փորձում առանց մեզ վճռել Արցախի ճակատագիրը, այդպես էլ չեն հասկանում, որ մեր ճակատագիրը մենք մեր ձեռքն ենք վերցրել 35 տարի առաջ այս օրը»,- նշել է Ռուբեն Վարդանյանը։

Ի դեպ, Արայիկ Հարությունյանն ու Ռուբեն Վարդանյանը այսօր միասին Ստեփանակերտում մասնակցել են ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված միջոցառմանը։