Իրանի նախագահը պնդում է, թե ցույցերը դադարել են, և ցուցարարները՝ պարտվել, բայց բողոքի ակցիաները շարունակվում են

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին իսլամական հեղափոխության 44-ամյակի կապակցությամբ դիմում է հանրությանը, Թեհրան, 11 փետրվարի, 2023թ.

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին պնդում է, թե ցույցերը դադարել են, և ցուցարարները «համազգային պարտություն են կրել»: Այդ մասին նա ասել է փետրվարի 11-ին՝ Իսլամական հեղափոխության 44-ամյակին նվիրված ուղերձում:

Ամեն տարի այդ օրը պետական մակարդակով կազմակերպվում են հեղափոխությանը նվիրված հանդիսավոր միջոցառումներ, որոնց ընթացքում իշխանամետ ամբոխները վանկարկում են «Մա՛հ Ամերիկային» և «Մա՛հ Իսրայելին» կարգախոսները և այրում այդ երկու երկրների դրոշները:

Երկիրը ղեկավարող այաթոլլաները և պետական լրատվամիջոցներն այս միջոցառումները ներկայացնում են որպես ժողովրդի և իշխանության միասնության վառ օրինակ, մինչդեռ, այս տարվա փետրվարին Իրանում շարունակվել են ցույցերը, որոնք սկսվել են դեռ 2022-ի սեպտեմբերին՝ ոստիկանության բաժանմունքում 22-ամյա ծագումով քուրդ կնոջ՝ Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ:

Երիտասարդ կնոջն անցյալ տարվա սեպտեմբերի 16-ին ձերբակալել է «բարոյականության ոստիկանությունը» կանանց մահմեդական գլխաշորը՝ հիջաբը ոճ պատշաճ ձևով կրելու համար: Նա, ըստ իշխանության վարկածի, բաժանմունքում մահացել է սրտի կաթվածից:

Նրա հարազատները և բարեկամները պնդում են, որ Ամինին ոստիկանների կողմից նվաստացուցիչ վերաբերմունքի և ծեծի է ենթարկվել: Կնոջ մահվան լուրն արագ տարածվել է, և Իրանի ամբողջ տարածքում բողոքի լայնածավալ ակցիաներ են սկսվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը ևս երեք մարդու մահապատժի ենթարկեց
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի նախագահը ներքին խնդիրների համար կրկին մեղադրել է դրսի թշնամիներին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանում ցույցերը չեն մարում, լայնածավալ գործադուլներ են. իշխանությունը սաստկացնում է ճնշումները

Ցուցարարներն առաջին օրերին պահանջել են չեղարկել հիջաբը պարտադիր կրելու պահանջը, բայց բողոքի ակցիաների ընդարձակմանը զուգահեռ սկսել են ներկայացնել նաև քաղաքական պահանջներ և նույնիսկ նոր հեղափոխության կոչեր:

Փետրվարի 11-ին Թեհրանի Ազատության հրապարակում արտասանած ելույթում նախագահ Ռայիսին ասել է, թե «բողոքի ցույցերը կազմակերպել են Իրանի թշնամիներն, ովքեր ուզում են խոչընդոտել երկրի հետհեղափոխական զարգացումն ու նոր նվաճումների ձեռքբերումը»:

Մինչդեռ, ընդհատակում գործող իրավապաշտպան և լրատվական կառույցները համացանցում տարածել են տեսահոլովակներ շարունակվող ցույցերի մասին և հանրությանը կոչ են արել հաջորդ շաբաթ միանալ ակցիաներին ու բանկերից հանել ֆինանսական միջոցները:

Իրավապահների հետ բախումներում զոհված ցուցարարներ Նիկա Շաքրամիի, Նավիդ Աֆքարիի և Մինո Մաջիդիի ընտանիքները Թվիթերում ստեղծել են #BoycottIRIDay հեշթեգ, որով կոչ են արել հանրությանն, ինչպես նաև Իրանում հավատարմագրված օտարերկրացի դիվանագետներին բոյկոտել հեղափոխության տարեդարձի միջոցառումները:

Համացանցում տարածվել են հանրային վայրերում տեղադրված պետական քարոզով պաստառների հրկիզման տեսագրություններ: Ցուցարարները վանկարկել են «Մա՛հ դիկտատորին» կարգախոսը, որի հասցեատերը գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին է:

Ցույցեր են տեղի ունենում ոչ միայն մայրաքաղաք Թեհրանում, այլև Ամոլում, Քելաչայում, Բոջնուրդում, Համեդանում և այլ բնակավայրերում:

Մահսա Ամինիի մահվանը հաջորդած հակակառավարական ցույցերում սպանվել է ավելի քան 500 մարդ, այդ թվում՝ 71 երեխա:

Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, սեպտեմբերի երկրորդ կեսից մեկնարկած ցույցերի և ընդհարումների ընթացքում ձերբակալվել է մոտ 22 հազար մարդ: Նորվեգիայում տեղակայված Մարդու իրավունքների կենտրոնի փոխանցմամբ, կալանավորված ընդդիմադիրներից մոտ 100-ը կարող է մահվան դատապարտվել:

Այաթոլլաների ռեժիմը հայտարարել է, թե առանց վարանելու ամենակոշտ մեթոդներրով է պայքարելու այդ ցույցերի դեմ:

Վերլուծաբանների համոզմամբ, Իրանում 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո այսչափ լայնածավալ ցույցեր և երթեր տեղի չեն ունեցել: