Մատչելիության հղումներ

Իրանում ցույցերը չեն մարում, լայնածավալ գործադուլներ են. իշխանությունը սաստկացնում է ճնշումները


Չնայած զանգվածային ձերբակալություններին, ուժայինների կոշտ դիմադրությանը՝ Իրանում հակակառավարական ցույցերը չեն մարում: Դրանք ավելի կազմակերպված բնույթ են ստանում, վկայակոչելով տեղից ստացվող տեսանյութերը՝ հայտնում են արտերկրում գործող իրանական լրատվամիջոցները։

Մի շարք աղբյուրների համաձայն՝ երկրի խոշորագույն քաղաքներում, այդ թվում՝ Իսպահանում, Մաշհադում, Թեհրանում լայնածավալ գործադուլներ են սկսվել, հարյուրավոր քաղաքացիներ հրաժարվում են վերադառնալ աշխատավայր։ Գործադուլներին են միացել բեռնատար մեքենաների հարյուրավոր վարորդներ՝ փորձելով կաթվածահար անել տնտեսությունը։

Իրանում ցույցերն ընթանում են սեպտեմբերի 16-ից, երբ հարյուրավոր մարդիկ փողոց դուրս եկան լսելով մահմեդական գլխաշորը ոչ պատշաճ ձևով կրելու համար բերման ենթարկված երիտասարդ կնոջ մահվան լուրը։ Ծագումով քուրդ 22-ամյա Մահսա Ամինին մահացել է ոստիկանական բաժանմունքում, շատերի, այդ թվում՝ նրա հարազատների համոզմամբ՝ ուժայինների բռնությունների հետևանքով։ Իրանի իրավապահները հերքում են այս վարկածը՝ պնդելով, որ երիտասարդ կնոջ մահվան պատճառը մինչ այդ ունեցած հիվանդություններն են։

Ցույցերի ընթացքում սպանվել է 488 հոգի, այդ թվում՝ կանայք և երեխաներ. ՄԻՊ

Նախ՝ կանանց իրավունքների և ազատություների, ապա նաև իշխանությունների հրաժարականի պահանջով ցույցերի ավելի քան 1400 մասնակից է բանտարկվել, 488 մարդ, ներառյալ՝ տասնյակ կանայք և երեխաներ սպանվել են անվտանգության ուժերի կողմից բողոքի ակցիաները ցրելու ընթացքում. սրանք արտերկրում գործող Իրանի մարդու իրավունքների խմբի հրապարակած վերջին տվյալներն են։ Իրանցի իրավապաշտպանների նոր զեկույցի համաձայն՝ միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում սպանվել է 16 մարդ։

Ավելի քան երկու ամիս շարունակվող զանգվածային բողոքի ալիքը ճնշելու նպատակով Իրանի իշխանությունները ցույցերի մի խումբ մասնակիցների նկատմամբ մահապատժի դատավճիռներ են սահմանում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ մոտ երկու տասնյակ ցուցարարների նման խիստ պատիժ է սպառնում։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը Իրանում ստեղծված իրավիճակը ծայրաստիճան ծանր է գնահատում։ Կառույցի կողմից վերջերս Իրանի հարցով հանձնակատար նշանակված Ջավաիդ Ռեհմանը հայտարարել է, որ այաթոլլաների ռեժիմը հետզհետե ավելի է սաստկացնում ճնշումները՝ լայնորեն կիրառելով մահապատժի դատավճիռ ցուցարարների նկատմամբ։

«Ես վախենում եմ, որ իրանական ռեժիմը կատաղի կարձագանքի Մարդու իրավունքների խորհրդի բանաձևին՝ դիմելով ավելի շատ բռնությունների և ճնշումների», - Reuters-ին ասել է Ռեհմանը՝ նկատի ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի քվեարկությունը, որի նպատակն է հետաքննություն սկսել Իրանում՝ պարզելու ցույցերի ընթացքում տեղի ունեցած արյունալի միջադեպերի մեղավորներին։

Թեհրանը, սակայն, արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում համագործակցել այդ հարցով։ Իրանի իշխանությունները օտար թշնամիներին և նրանց գործակալներին են մեղադրում երկրում չմարող բողոքի ալիքի համար՝ պնդելով, որ հազարավոր իրանցիների դրսից են հրահրում՝ ազատություն և իրավունքների պաշտպանություն պահանջել։

Իրանը բազմիցս բախվել է քաղաքացիական ընդհարումների, ցույցերի

Ավելի քան տասը շաբաթ շարունակվող հակակառավարական այս ցույցերը Իրանի վերջին տասնամյակների թերևս ամենաարյունալի շարժումներից մեկն է, թեև ինչպես մինչև 1979 թվականի հեղափոխությունը, այնպես էլ դրանից հետո երկիրը բազմիցս բախվել է քաղաքացիական ընդհարումների, բողոքի ցույցերի։ Դրանցից մի քանիսը առանցքային են համարվում և ճանապարհ են հարթել առանց գլխաշորի ժամանակակից այս ցույցերի համար:

Ավելի քան մեկ դար առաջ՝ 1906 թվականին, Իրանի սահմանադրական հեղափոխությունը դարձավ առաջին ժողովրդական շարժումը Մերձավոր Արևելքում։ Կառավարական կոռուպցիայի և արտաքին ազդեցության դեմ երիտասարդ հեղափոխականների առաջնորդած ցույցերի արդյունքում երկիրն ընդունեց նոր սահմանադրությունը, որը կտրուկ նվազեցրեց միապետության իշխանությունը, ինչպես նաև խորհրդարանում ձայների իրավունք տրվեցին կրոնական և ազգային փոքրամասնություններին։

Հենց այդ սահմանադրության շնորհիվ ընտրված ընդդիմադիր ուժերից մեկն էլ տարիներ անց առաջնորդեց այսպես կոչված՝ նավթի ազգայնացման պահանջով շարժումը։ Մոհամեդ Մոսադեգի գլխավորած «Ազգային ճակատ» կուսակցությունը դարձավ շահի կողմից ֆինանսների կառավարման գլխավոր ընդդիմախոսը, որը պահանջեց չեղարկել նավթային թանկարժեք գործարքները Խորհրդային Միության, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետ։ Իրանի միապետը շռայլ հնարավորություններ էր ընձեռել այդ գերտերություններին երկրի հարուստ բնական ռեսուրսների շահագործման հարցում։ Բազամահազարանոց ցույցերի ճնշման արդյունքում ի վերջո իշխանությունը տեղի տվեց՝ ազգայնացնելով բնական հարստությունները, ստիպված լինելով միլիոնավոր դոլարներ փոխհատուցել երբեմնի առևտրային գործընկերներին։

Սա, ինչպես պատմաբաններն են նշում, 1979 թվականի հեղափոխության փոքր տարբերակն էր։ Հետագա տասնամյակների ընթացքում Իրանի իշխող վերնախավի նկատմամբ ժողովրդական ցասումը միայն աճում էր։ Թագավորական ընտանիքի ճոխ կենսակերպի ֆոնին հատկապես 70-ական թվականներին իրանական հասարակությունը մխրճվել էր տնտեսական ծանր ճգնաժամի մեջ․ խորացել էին ֆինանսատնտեսական դժվարությունները, գնաճը հասել էր քառասուն տոկոսի, կաթվածահար էր շինարարության ոլորտը, որտեղ գրեթե մեկ միլիոն բանվոր էր աշխատում։ Երկրով մեկ բողոքի ցույցերին այլևս ի վիճակի չլինելով դիմադրել՝ Իրանի միապետն ընտանիքի հետ լքեց Իրանը։ Մի քանի օր անց աքսորից վերադարձավ ընդհատակյա ընդդիմության առաջնորդ այաթոլլա Խոմեյնին՝ իր ձեռքը վերցնելով իշխանության ղեկը։

Շիա վերնախավը երկրում սահմանեց գաղափարական խիստ օրենքներ և համակարգեր՝ ոգեշնչված շարիաթի օրենքներով և պարտադրված, այսպես կոչված, բարոյականության ոստիկանության կողմից: Այս օրենքները ներառում էին ԶԼՄ-ների վերահսկողություն, սեռերի տարանջատում հասարակական վայրերում, ալկոհոլի արգելք և պարտադիր հիջաբ կանանց համար:

Այաթոլլաների կառավարման խիստ ռեժիմը, կոշտ սահմանափակումները, համատարած վերահսկողությունը չկաշկանդեցին Կանաչների շարժման մասնակիցներին, որոնք շաբաթներ շարունակ բողոքում էին նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Մահմուդ Ահմադինեջադի դեմ՝ կասկածի տակ դնելով քվեարկության պաշտոնական տվյալները։ Արյունալի ցույցեր են տեղի ունեցել նաև Ահմադինեջադին հաջորդած Հասան Ռոհանիի կառավարման տարիներին՝ հիմնականում տնտեսական խնդիրների լուծման պահանջով։ Արևմտյան ցավոտ պատժամիջոցները ծանր հարված են հասցրել մեծ եկամուտներ ապահովող նավթաարդյունաբերական ոլորտին, ինչը հանգեցրել էր աննախադեպ գնաճի, գործազրկության բարձր մակարդակի։ 2019 թվականի նոյեմբերը Իրանի ժամանակակից պատմության ամենաարյունալի ամիսն է։ Նավթի գների աննախադեպ թանկացման դեմ պայքարող ավելի քան 1500 ցուցարար էր սպանվել ուժայինների կողմից։

Իրանում ցույցերը չեն մարում, լայնածավալ գործադուլներ են. իշխանությունը սաստկացնում է ճնշումները
please wait

No media source currently available

0:00 0:04:19 0:00

XS
SM
MD
LG