Հայաստան ժամանող Եվրամիության առաքելության կազմում նաև ֆրանսիացի ժանդարմներ կլինեն 

Եվրամիությունը փորձում է դուրս մղել Ռուսաստանին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից, հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը՝ անդրադառնալով այս ամիս Հայաստանում Եվրամիության անզեն, քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայմանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ գործողություններն ուղղված են Ռուսաստանին Ադրբեջան - Հայաստան գործընթացից հեռացնելուն. Բաքվում ՌԴ դեսպան

Դեսպանը նաև կասկածի տակ է դրել այդ առաքելության քաղաքացիական լինելու փաստը՝ իբրև փաստարկ ներկայացնելով այն, որ դիտորդական առաքելության կազմում ֆրանսիացի ժանդարմներ են լինելու. - «Չպետք է խաբվել քաղաքացաիական առաքելություն տերմինով։ Դուք ինքներդ ասացիք, որ կան հիմքեր ենթադրելու, որ այն այդքան էլ քաղաքացիական չի լինելու։ Ես լսել եմ... արդեն խոսակցություններ կան այն մասին, որ այդ առաքելության կազմում ընդգրկվելու են ֆրանսիացի ժանդարմներ»։

Շարունակելով այս միտքը, Ռուսաստանի դեսպանը շեշտել է, որ առաքելությունն ինքնին Եվրամիության ընդհանուր քաղաքականության վարողն է անվտանգության և պաշտպանության ոլորտում, և հնարավոր է, որ այն վերածվի ռազմական բաղադրիչներով ներկայության։ Ըստ Բոչարնիկովի, հնարավոր է, որ այս առաքելությունը կսկսի ընդլայնվել դեպի Լեռնային Ղարաբաղի տարածք, ինչը կլինի մանդատի խախտում. - «Եթե այդպիսի փորձեր արվեն ընդլայնելու այդ առաքելության ներկայությունը Արցախում, դա կարող է խնդիրներ առաջացնել տարածաշրջանում ռուս խաղաղապահների և սահմանապահների համար: Նման խնդիրներն անվտանգության ռիսկ են պարունակում ողջ տարածաշրջանի, ողջ Հարավային Կովկասի համար: Մեզ՝ այս տարածաշրջանի բնակիչներիս, պետք չեն արտատարածաշրջանային ուժեր այստեղ մեր խնդիրները լուծելու համար»։

Այն, որ այս ամիս Հայաստան ժամանող դիտորդական առաքելության կազմում ընդգրկվելու են ֆրանսիացի 8 ժանդարմներ, Սիվիլնեթի հետ զրույցում հաստատել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն։ Պատգամավորն ասել է, թե Եվրամիության առաքելությունը կլինի իրենց «աչքերն ու ականջները տեղում», և դրա ներկայությունը պետք է զսպի նոր հարձակումները։ Լուազոն հույս է հայտնել, որ Ադրբեջանը բարեխղճորեն կհամագործակցի առաքելության հետ՝ միաժամանակ տեղեկացնելով, որ առաքելությունը Հայաստանում կգործի փետրվարի 20-ից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը ողջունում է Հայաստան լիարժեք քաղաքացիական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշումը

Իշխանությունից այսպես են արձագանքում Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի հայտարարություններին. - «Հայաստանի Հանրապետությունը, որպես սուվերեն երկիր, չի խորշելու դիմելու բոլոր այն միջոցներին, որ կապահովեն մեր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը» (Աժ պատգամավոր Սոնա Ղազարյան, «Քաղաքացիական պայմանագիր»)։

Ղազարյանը նաև անհիմն է համարում դեսպանի այն պնդումը, թե Հայաստանում առաքելություն տեղակայելով Եվրամիությունը փորձում է դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից։ Նրա խոսքով, Եվրամիությունը հստակ նշել է իր առաքելության քաղաքացիական ու անզեն բնույթը. - «Թե' Եվրոպական միությունը և թե' Ռուսաստանի Դաշնությունը, որպես Հայաստանի Հանրապետության սուվերենությամբ հետաքրքրված սուբյեկտներ, պետք է նաև պատրաստ լինեն համագործակցել հողի վրա, որպեսզի թույլ չտալ ավտորիտար ռեժիմների ընդլայնումը տարածաշրջանում և իրենց ուժեղացումը և իհարկե նկրտումները Հայաստանի Հանրապետության նկատմամբ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ի տարբերություն ՀԱՊԿ -ի, Եվրամիությունը հստակ արձանագրել է, թե որն է Հայաստանի տարածքը. Փաշինյան«Առանց քաղաքական գնահատական տալու, գալիս են ի՞նչ անեն». ՔՊ-ից արձագանքում են Սերգեյ Լավրովի հայտարարությունըՀայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու առաջարկը դեռ սեղանին է. ԼավրովԵՄ առաքելության գալը Հայաստան չափազանց կարևոր է, Երևանը չպետք է իր քաղաքականությունը փոխի Մոսկվայի պատճառով․ Խարազյան

Ինչ վերաբերում է ռուս դիվանագետի այն հայտարարությանը, թե չի բացառվում, որ ԵՄ առաքելությունը ընդլայնվի նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում, իշխանական պատգամավորն ասաց, թե այս պահին նման առաքելության մասին խոսք չկա. - «Ես կարող եմ խորհրդարանական դիվանագիտության մակարդակով ասել, որ նման խոսույթ մենք չունենք, նպատակներ նույնպես»։

Ընդդիմությունում մինչդեռ չեն բացառում, որ Արևմուտքը Հայաստանում ԵՄ դիտորդներ տեղակայելով փորձում է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասում է, որ տարածաշրջանում հետաքրքրություններ ունեցող ուժերը՝ Ռուսաստանը, Եվրամիությունը և Միացյալ Նահանգները բավական ակտիվ ազդեցության պայքար են մղում. - «Եվ նրանց յուրաքանչյուր քայլում և գործողությունում կարող է լինել միմյանց հաշվին սեփական ազդեցությունը մեծացնելու գործընթաց»։

Տիգրան Աբրահամյան

Աբրահամյանի խոսքով, մինչև այս պահը հայտնի չէ, թե ինչ գործառույթներ է իրականացնելու ԵՄ առաքելությունը Հայաստանի սահմանամերձ հատվածներում, տեխնիկական ինչ միջոցների գործադրմամբ. - «Որևէ մեկը չի կարող բացառել, որ ինչ-որ փուլում դա կդառնա նաև ռազմական ներկայություն։ Եվ որևէ մեկը չի կարող բացառել, որ դա Ռուսաստանի հետ շատ ավելի սուր դիմակայության թեմա կդառնա»։

Հարցին, թե հիմնավոր համարո՞ւմ է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի արտահայտած մտավախությունը, որ նրանք կարող են փորձել տարածվել Լեռնային Ղարաբաղ, Աբրահամյանն արձագանքեց. - «Դրա հետ կապված հայտարարություններ եղել են, եղել են Հայաստանի իշխանությունների կողմից, որով առնվազն չի բացառվել նաև ՄԱԿ-ի մանդատի ներքո բազմազգ խաղաղապահ առաքելության իրականացման... Եվ այս պարագայում, բնականաբար, դա գոնե նվազագույնը տեսականորեն պետք է դիտարկել»։

Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայվելու է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը բազմիցս պաշտոնական հայտարարություններում ցույց է տվել իր բացասական դիրքորոշումը։ Ադրբեջանն էլ է վերապահումներ հայտնել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն պնդում է, թե ԵՄ նոր առաքելության ներկայության չարաշահումը վտանգավոր է երկխոսության մեխանիզմների համար