«Ազատություն». - Դուք համաձա՞յն եք, որ սխալ է բանակցել Ռուսաստանի և Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի հարցով։
Զուրաբյան. - Կարելի է գնալ էդ բանակցությունների, ասել, որ մենք համաձայն չենք, որ էդ հարցի լուծումը կապվի այլ հարցերի հետ։ Դա կարելի է գնալ անել։ Բայց հրաժարվել ընդհանրապես գնալ բանակցությունների, քանի դեռ էդ հարցը լուծված չի, սա արդեն մանկամտություն է։ Դուք ո՞ւմ եք շանտաժում։ Ասում եք՝ մինչև հարցը չլուծվի, մենք չենք գա բանակցությունների։
«Ազատություն». - Ընդհակառակը, շանտաժի չեն ենթարկվում, ասում են՝ քանի դեռ մեզ փակ միջանցքով սպառնում եք, մենք էդ բանակցության մեջ չենք մտնում։
Զուրաբյան. - Շատ լավ։ Դե թող գնան էդ բանակցություններին էդ նույն բանը ասեն, որ մենք շանտաժի չենք ենթարկվի, էդ հարցը լրիվ այլ հարց է, էդ հարցը դուք պետք է լուծեք անկախ ամեն ինչից, մենք եկել ենք լուծելու խաղաղության հարցը։ Երբ խաղաղության հարցը լուծենք, էն մնացած հարցերն էլ կարանք լուծենք։ Կամ՝ սա զուգահեռ, մենք չենք քննարկում, սա պետք ա լուծվի։ Այսինքն՝ էն դիրքորոշումը, որ Հայաստանը ունի և որը ինքը պատկերացնում ա, որ պիտի էս խաղաղության հիմքում դրվի, ինքը պետք է գնա ասի։ Էդ ի՞նչ դեմարշ ա... այսինքն՝ էդ դեմարշը ինչ-որ էֆեկտ ա տալո՞ւ։ Ինչի՞ են իրանք մտածում, որ եթե բանակցությունների չեն գնում, դա սթափեցնելու ա Ադրբեջանին, Ռուսաստանին, կամ իրանց վրա ինչ-որ ազդեցություն ա ունենալու։
«Ազատություն». - Որովհետև ազդակներ են ստանում, որ իրենց կանչում են բանակցել, թե ինչպես բացել Լաչինի միջանցքը։ Իսկ դա արդեն բանակցված-վերջացած է նոյեմբերի 9-ի փաստաթղթով։ Էդտեղ ի՞նչ պիտի Երևանը քննարկի։
Զուրաբյան. - Ոչ ուզում եմ ինչ-որ արգումենտներ բերել, որին կարող են օգտվել հետո ադրբեջանցիք կամ այլ կողմեր... Հարցեր կան, որ սկզբունքորեն Հայաստանն էլ չի լուծել։ Օրինակ, որ ФСБ-ի վերահսկողությամբ պետք է ինչ-որ ուղիներ ստեղծեն։ Համաձայն եմ, որ դա միջանցք չի, էնտեղ միջանցք բառ չկա, և ընդհանրապես ուրիշ ռեժիմ ա նախատեսվում, բայց իրանք էլ էդ հարցը չեն լուծել, ճի՞շտ ա։ Թեկուզ իրենց պատկերացումներով էդ հարցը լուծված չի։ Ամբողջ դետալներին չենք տիրապետում ո'չ ես, ո'չ դուք, ո'չ որևէ մեկը, որ նստած չի էդ սեղանի շուրջը։ Իմ ասած միայն հետևյալն ա՝ գնացեք խոսացեք։ Էդ դեմարշները ո՞ւմ են օգնելու։ Եկեք հարցը սենց դնենք՝ էս հարցերի լուծման վրա ո՞վ ավելի շատ ազդեցություն ունի հիմա՝ Ադրբեջանը, Ռուսաստանը և Թուրքիա՞ն, թե՞ Արևմուտքը։ Եթե տեսնում ենք, որ Արևմուտքը ըստ էության դատապարտող հայտարարություններից բացի, ուրիշ ոչ մի բան չի կարող անել, որովհետև, ասենք, չի կարող սանկցիաներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Շատ պարզ պատճառներով։ Որովհետև դա իրանց շահերից չի բխում։ Իրենց հիմա շատ պետք ա ադրբեջանական նավթն ու գազը։ Եթե իրենք չեն կարող դա անել, էդ դեպքում դու գնում ես Արևմուտքի հետ բանակցում ես, որը շատ լավ ես անում, որ անում ես։ Մեր մոտեցումը միշտ դա է եղել, որ բոլորի հետ պիտի բանակցես, պիտի ինչ-որ նշանակություն ունեցող որևէ գործոնի հետ պիտի լինես մշտական բանակցությունների մեջ։ էդտեղ որևէ խնդիր չկա։ Շատ կարևոր նվաճում էր այդ եվրոպական դիտորդական միսիայի ժամանելը Հայաստան, երկու տարով տեղավորվելը Հայաստանում, որովհետև, չնայած զինված չեն, չնայած լուրջ մանդատ չունեն, չնայած եթե Ադրբեջանը ինչ-որ ագրեսիա սկսի, չեն կարող այդ հարյուր մարդը որևէ կերպ դրա դեմն առնել, բայց դա դիվանագիտական առումով որոշակի զսպիչ դեր խաղում է։ Հիմա, նման զսպիչ դեր խաղացող այլ բաղադրիչներ է պետք կառուցել, որից առաջինը մեր բանակի ուժեղացումն է և ֆորտիֆիկացիաների կառուցումն է մեն առաջնագծի վրա։ Բայց կան նաև այլ բաներ։ Օրինակի համար, մերժել ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելությունը... շատ լավ մենք գիտեինք, որ էդ պետությունների ուշքը չի գնում պաշտպանելու Հայաստանի անվտանգությունը կամ տարածքային ամբողջականությունը, բայց դիվանագիտությունը մնում է դիվանագիտություն։ Դրանից, համենայն դեպս, վնաս չէր լինի, կլիներ ևս մի փոքր զսպիչ բաղադրիչ, որով, եթե այդ ամեն ինչը արվեր բոլոր ուղղություններով, կարող էր կամաց-կամաց կառուցվել մի անվտանգության լուրջ համակարգ, որը ավելի հստակ ու ավելի էֆեկտիվ զսպեր Ադրբեջանի հնարավոր ագրեսիան։
«Ազատություն». - Նրանց դերը ոչ թե փոքր զսպիչ բանն է, այլ նրանք դաշնակցային պարտավորություններ ունեին ադրբեջանական զորքերի Հայաստան ներխուժումից հետո գալ և նրանց վռնդել։
Զուրաբյան. - Համաձայն եմ, իրենք շատ վատ դաշնակիցներ են, ես դա չեմ էլ վիճարկում։ Եվ սա իհարկե պրոբլեմատիկ է, սա բացատրություն էլ ունի՝ Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունները, իրենց էդ խաղաղությունը, երկրորդ ֆրոնտը չբացելու անհանգստությունը։ Այդ ամեն ինչը Ռուսաստանի համար շատ ավելի կարևոր է, բայց միևնույն է, սա դաշնակցային պարտավորությունների տապալում է։ Եթե դաշնակիցը տապավել ա ու չի անում ինչ-որ բան, դա չի նշանակում, որ պիտի ասես՝ կա'մ ամեն ինչ, կա'մ ոչինչ։ Մեզ համար անգամ պուճուր բաները, ոնց որ ասում են՝ շնից մազը նույնիսկ շատ կարևոր բան է։ Մենք էսօր գտնվում ենք ահավոր խոցելի վիճակում։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.