Եվրամիության առաքելության գալը Հայաստան և դրա տեղակայումը Հայաստանում ծայրաստիճան կարևոր է, և Հայաստանը չպետք է իր քաղաքականությունը փոխի պարզապես, եթե Ռուսաստանի կողմից նման հայտարարություն է հնչում, «Ազատության» հետ զրույցում ասաց Միացյալ Նահանգներում Հայաստանի նախկին փոխդեսպան Արմեն Խարազյանը:
Ընդգծելով, որ Եվրամիության հետ աշխատելն ու Եվրամիության առաքելությունը Հայաստան ուղարկելը Ռուսաստանի կողմից դիտվում է իբրև հանդուգն և Ռուսաստանի համար անակնկալ քայլ՝ Խարազյանը միևնույն ժամանակ շեշտեց՝ Հայաստանը պետք է շարունակի անել այն, ինչ անում է։
«Սակայն մեկ պահ կա՝ ակնհայտորեն հայ-ռուսական անհամաձայնություն կա, դժգոհություն կա ռուսների մոտ Հայաստանի քայլերից, և էստեղ Հայաստանը պետք է կարողանա հասկանալ՝ կա՞ որևէ քայլ, որ ինքը կարող է անել, որպեսզի Ռուսաստանի հետ հարաբերությունների այսօրվա ընթացքը չունենա շարունակություն և որ Ռուսաստանի համար Հայաստանի քայլերն անակնկալ չլինեն», - ասաց փոխդեսպանը՝ շեշտելով․ - «Ըստ իս՝ կա։ Տարիներ շարունակ հայկական կողմը ռուսների հետ իր հարաբերություններում առաջնորդվելով ռուսներին չնեղացնելու, նրանց հաճոյանալու սկզբունքներով, սովորեցրել է Ռուսաստանին, որ Հայաստանն ինքնուրույն նման քայլեր ձեռնարկելու անընդունակ է, այսօր ռուսների համար սա անակնկալ է, որ Հայաստանը կարողանում է ինքնուրույն քայլեր անել։ Կարծում եմ, որ եթե կարողանա Հայաստանը հաղթահարել իր՝ Ռուսաստանի հետ առկա հարաբերություններում այս հոգեբանական անբարենպաստ շերտը, ապա Ռուսաստանի ռեակցիան ապագա քայլերին, որոնք թերևս չեն համապատասխանի իր շահերին, կամ իր շահերի մասին իր պատկերացումներին, չի լինի այսքան սուր»։
Ըստ փոխդեսպանի՝ անհրաժեշտ է, որ Հայաստանը կարողանա Ռուսաստանի մոտ, ռուսական իր գործընկերների մոտ ձևավորի հարգալիր վերաբերմունք Հայաստանի նկատմամբ՝ հարգանք ներշնչի իր քայլերով։
«Առաջին հերթին անհրաժեշտ է, որ Հայաստանը քաղաքական որոշում ընդունի՝ այլևս Ռուսաստանի հետ հարաբերություններում թույլ չտալու իրեն արտահայտություններ, որոնց հիմնական մոտիվացիան ռուսահաճությունն է, չպետք է նման խնդիր լինի։ Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանի հետ շփումներում պետք է արտահայտի մեկ հետևողական քաղաքականություն, որը նույնպես պետք է հնչի ռուսների առջև, ինչպես պետք է հնչի եվրոպացիների կամ ամերիկացիների հետ հարաբերություններում։ Հայաստանը պետք է հետևողական լինի իր քաղաքականության մեջ», - եզրափակեց Արմեն Խարազյանը։
Հունվարի վերջին ԵՄ խորհուրդը համաձայնություն տվեց Հայաստանի տարածքում քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծմանը։ Մոսկվան կոշտ արձագանքեց Բրյուսելի այս որոշմանը՝ հայտարարելով՝ Եվրամիության ներկայացուցիչները կարող են «միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները»։ «Ամեն գնով Հայաստանում տեղն ամրապնդելու, Ռուսաստանի միջնորդական ջանքերը մի կողմ մղելու Եվրամիության փորձերը կարող են վնաս հասցնել տարածաշրջանի խաղաղ զարգացմանը ձգտող հայերի և ադրբեջանցիների հիմնարար շահերին»,- ասված է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունում։
Արմեն Խարազյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև։ Հարցազրույցը ձայնագրվել է Արմեն Խարազյանի մահից ժամեր առաջ։ Միացյալ Նահանգներում Հայաստանի նախկին փոխդեսպանը մահացել է հունվարի 27-ին, նախնական տվյալներով, սրտի կաթվածից։