Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ժամանել է Լոնդոն։ Հրապարակված տեսանյութում բրիտանական թագավորական ռազմաօդային ուժերի օդանավի մոտ նրան դիմավորում է Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը։ Զելենսկին Ինստագրամի իր էջում լուսանկար է տեղադրել իրեն դիմավորելու պահից ու գրել, որ Միացյալ Թագավորությունը առաջիններից մեկն է օգնության հասել Ուկրաինային։
«Այսօր ես Լոնդոնում եմ՝ անձամբ շնորհակալություն հայտնելու Բրիտանիայի ժողովրդին նրանց աջակցության և վարչապետ Ռիշի Սունակին իր առաջնորդության համար»,- գրել է Զելենսկին։
«Բարի՛ գալուստ Մեծ Բրիտանիա»,- Թվիթերում գրել է Ռիշի Սունակը։
Ավելի վաղ նա ասել էր, թե նախագահ Զելենսկու այցը Միացյալ Թագավորություն վկայում է նրա երկրի քաջության, վճռականության և պայքարի, ինպես նաև երկու երկրների միջև անխախտ բարեկամության մասին։
Օդանավականից նրանք ուղևորվել են Բրիտանիայի կառավարություն, որտեղ կայացել են նրանց բանակցությունները։
Ավելի ուշ Բրիտանիայի խորհրդարանում Ռիշի Սունակն ասել է, որ Ուկրաինային ցուցաբերվող ռազմական օգնությունն ընդլայնվում է։
«Մեր նպատակը մնում է ապահովելու Ուկրաինայի հաղթանակն այս հակամարտությունում։ Վլադիմիր Պուտինի ագրեսիան ոչ մի կերպ չի կարող հաջողված համարվել, ուստի այս տարի մենք ընդլայնում և արագացնում ենք մեր ռազմական աջակցությունն Ուկրաինային։ Սա որոշում է, որն ընդունել եմ որպես վարչապետ»,- ասել է Սունակը։
Վեսթմինսթերյան պալատում բրիտանացի օրենսդիրներն ու քաղաքական գործիչները Զելենսկուն դիմավորել են խանադավառությամբ և բուռն ծափահարություններով։
«Մենք գիտենք՝ Ռուսաստանը կպարտվի, և մենք իրապես գիտենք, որ հաղթանակը կփոխի աշխարհը»,- իր էմոցիոնալ ելույթում ասել է Զելենսկին։
«Մենք ազատություն ունենք, տվե՛ք մեզ թևեր այն պաշտպանելու»,- ասել է նա՝ ռազմական ինքնաթիռներ խնդրելով Բրիտանիայից։
Բուքինգհեմյան պալատը հաղորդում է, որ Զելեսկուն ընդունել է նաև Չարլզ Երրորդ թագավորը։
Զելենսկու այցի ծրագրի մասին նշվում է, որ նա հանդիպելու է նաև Բրիտանիայում վերապատրաստվող ուկրաինացի զինվորականներին։
Զելեսնսկու այցի օրը Լոնդոնը նաև հայտարարեց Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների քանակն ընդլայնելու մասին։ Պատժամիջոցների ցանկում ընդգրկվեցին ևս վեց ձեռնարկություններ, որոնք ռուսական բանակին ռազմատեխնիկական դրոններ են մատակարարում, ինչպես նաև ութ հոգի՝ գործարար Բորիս Տիտովը, նավթային մենեջեր Նիկոլայ Եգորովը, «Ռեգնում» քարոզչական մեդիայի սեփականատեր Սերգեյ Ռուդնովը։ Պատժամիջոցների տակ ընկած անհատների թվում է նաև Սվետլանա Կրիվոնոգիխը։ Նրա մասին «Պրոյեկտ» ծրագիրն ավելի վաղ գրել էր, որ մտերիմ հարաբերություններ է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ Դեռևս Լենինգրադից նրանք ճանաչել են իրար։ Սվետլանա Կրիվոնոգիխը ապրել է կոմունալ բնակարանում, հետո միանգամից հարստացել է, դարձել «Ռոսիա» բանկի բաժնետեր, «նրա ունեցվածքը գնահատվում է հարյուր միլիոն դոլար, իսկ նրա աղջիկը բավականին նման է Պուտինին»։
Պատժամիջոցների ցանկն ընդլայնելուց բացի, Բրիտանիան ավելացնում է Ուկրաինային մատակարարվող զենքի ծավալները։ Անցած փետրվարից Լոնդոնը 2 միլիարդ 300 միլիոն բրիտանական ֆունտի ռազմական օգնություն է ցուցաբերել Ուկրաինային, ինչը երկրորդն է ԱՄՆ-ից հետո։ Ռիշի Սունակը նաև նշել է, որ ուկրաիանցի զինվորակնների ուսուցման գործընթացում ներառվում են նաև օդաչուներ և ծովայիններ։ Վերապատրաստվելուց հետո ուկրաինացի օդաչուներն արդեն կարող են թռիչքներ կատարել ՆԱՏՕ-ի ստանդարտ օդանավերով։ Նա նաև նշել է, որ Բրիտանիան առաջիններից մեկը որոշեց «Չելենջեր» տանկեր տրամադրել Ուկրաինային, ինչը նպաստեց, որ մյուս երկրները ևս նման որոշումներ կայացնեն։
Զելենսկու այցի նախօրեին Գերմանիան, Նիդեռլանդները և Դանիան խոստացել են հարյուրից ավելի «Լեոպարդ 1» տանկեր տրամադրել Ուկրաինային։ Ավելի վաղ Միացյալ Նահանգները հայտնել էր Ուկրաինային հեռահար հրթիռային համակարգեր տրամադրելու մասին։
Ուկրաինան մտավախություն ունի, որ ռուսական ուժերը մի քանի ուղղություններով լայնածավալ հարձակման են պատրաստվում և դիմակայելու համար դաշնակիցներից ժամանակակից զենք է խնդրում։
Հինգշաբթի օրը Զելենսկուն սպասում են Բրյուսելում, որտեղ հանդիպելու է Եվրամիության անդամ երկրների ու կառավարությունների ղեկավարներին։ Պատերազմի սկզբից ի վեր սա եզակի դեպքերից է, երբ Զելենսկին դուրս է գալիս Ուկրաինայի սահմաններից, մինչ այս անցած դեկտեմբերին նա մեկնել էր Վաշինգտոն։