Արցախի կառավարությունն աջակցություն կտրամադրի աշխատանքը կորցրածներին ու գործազուրկ ծնողների երեխաներին

Առավոտյան Կարմիր խաչի մեքենաներով Արցախից 6 հիվանդներ են տեղափոխվել Երևան. ուռուցքային, սրտանոթային հիվանդություններով ու անհապաղ վիրահատության կարիք ունեցող հիվանդներ են։ Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած կադրերում երևում է, թե ինչպես են արցախցիները Լաչինի միջանցքի փակ հատվածում կանգ առել իրենց բնապահպան անվանող ադրբեջանցիների կոչերի ներքո:

«Այսօր տեղափոխել ենք 6 հիվանդի իրենց ուղեկցողների հետ միասին Լաչինի ճանապարհով, որպեսզի Երևանում, Հայաստանի տարբեր բուժհաստատություններում իրենք իրենց բուժումը շարունակեն: Ինչպես նաև նախորդ անգամների դեպքում այս անունները մեզ փոխանցել են առողջապահության ոլորտի պատասխանատուները», - «Ազատությանն» ասաց ԿԽՄԿ արցախյան առաքելության մամլո խոսնակ Էթերի Մուսայելյանը:

Հիվանդներին տեղափոխող շարասյան մեջ նաև Կարմիր խաչի բեռնատարն է։ Կազմակերպության արցախյան առաքելության խոսնակի տեղեկացմամբ՝ այդ մեքենան Ստեփանակերտ կվերադառնա դեղորայքով ու բուժպարագաներով:

Նարինե Դանիելյանն օրեր շարունակ սպասում է, երբ հնարավոր կլինի իրեն ու 9-ամյա որդուն Երևան՝ հիվանդանոց հասցնել: Ծնված օրից հաշմանդամությամբ ապրող տղայի վիճակը վերջին շրջանում ծանրացել է. «Սպասում եմ, որ բերեմ, վիրաբուժականում էլ պիտի պառկի, բացի այդ, կարևոր հետազոտությունների, որ այստեղ չեն անում»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շրջափակման 54-րդ օրը Արցախում նոր խնդիրներ են ի հայտ եկել


55 օր է Արցախը բլոկադայի մեջ է, վերջին օրերին դատարկված վաճառասեղաններին սկսել է միրգ-բանջարեղեն, նրբերշիկ ու կոնֆետ երևալ:

Ոչինչ գնել չի կարողանում Սիլվա Գևորգյանը, 8 անչափահաս երեխա ունի. «Գումար չկա, ճիշտն ասած: Նաև հերթ է, չենք կարողանում: Երեխաս հիվանդ է, չեմ կարողանում թողնեմ, դուրս գամ, մի բան առնեմ»:

Երխաներից մեկը մտավոր ու ֆիզիկական զարգացման հապաղում ունի: Մայրն ասում է՝ նրան մենակ չի կարող թողնել ու հերթերում ժամերով կանգնել, ոչ մի մանդարին ու նարինջ իրենց տուն չի մտել. «Շատ է հերթը լինում, մինչև իմանում եմ, գնում եմ, ախր երեխուս նայող չկա: Սպասում եմ, մինչև մամաս գալիս է, գնում եմ, է հա, պրծավ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Բազմաթիվ ընտանիքներ բրնձի, ձեթի, շաքարի կտրոն ունեն, բայց փող չունեն». Արցախի շրջափակման 53-րդ օրն է


Որոշ ապրանքատեսակներ՝ ձեթ, շաքար, բրինձ, կտրոնով են վաճառում: Ստեփանակերտի բնակչուհին օպերատիվ շտաբին առաջարկ ունի՝ միրգ-բանջարեղենն էլ կտրոնով դարձրեք, որ մարդիկ կարողանան ձեռք բերել, եթե իհարկե փող ունեն, ինքն օրինակ՝ իր ոչ բոլոր կտրոններն է օգտագործել՝ փող չկա։

Շրջափակման պատճառով 5100 մարդ կորցրել է աշխատանքը, եկամտի աղբյուրը: Կառավարությունն այս իրավիճակը մեղմելու համար որոշել է այս քաղաքացիներին նվազագույն աշխատավարձի չափով գումար հատկացնել:

«Նրանք կդիմեն նախարարություն և կստանան մինչև 68 հազար դրամ աջակցություն», - ասաց Արցախի սոցիալական զարգացման նախարար Արմեն Մանգասարյանը:

Նրա խոսքով՝ աջակցություն կտրամադրվի նաև այն ընտանքիների երեխաներին, որոնց ծնողները աշխատանք չունեն. «Յուրաքանչուր երեխայի մասով կտրամադրվի 40 հազարական դրամ աջակցություն ֆինանսական: Եթե ծնողներից մեկը չի աշխատում, ապա 20 հազար դրամ»:

Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Նարինե Դանիելյանը լսել է՝ վաղը մի քանի խանութներ երշիկ ու նրբերշիկ են ստանալու, առավոտ շուտ պետք է հերթ կանգնեն:

Your browser doesn’t support HTML5

Արցախի կառավարությունն աջակցություն կտրամադրի աշխատանքը կորցրածներին ու գործազուրկ ծնողների երեխաներին