Մատչելիության հղումներ

Թեժ լեզվակռիվ Աժ-ում. ընդդիմադիրները լսումներ են հրավիրել Լաչինի միջանցքի թեմայով


Արցախի պաշարման 54-րդ օրը ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը խորհրդարանում լսումներ էր հրավիրել Լաչինի միջանցը փակելու թեմայով։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ ընդդիմությունը սկսեց նիստը, որ հետո վերածվեց թեժ լեզվակռվի։

Արցախի պաշարման 54-րդ օրը ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը խորհրդարանում լսումներ էր հրավիրել Լաչինի միջանցը փակելու թեմայով։

Ինչո՞ւ ադրբեջանցիները չեն հեռանում Լաչինի միջանցքից։ Ինչպե՞ս սրան նպաստեց Փաշինյանի իշխանության քաղաքականությունը։ Արցախը աշխարհին կապող միակ ճանապարհը բացելու ի՞նչ ուղիներ կան։ Այս հարցերը քննարկելու համար խորհրդարանի դահլիճում էին ընդդիմադիր խմբակցությունները, արտախորհրդարանական գործիչները և միայն մեկ իշխանական պատգամավոր։

«Իշխանությունները շրջանառության մեջ են դրել հետևյալ թեզը. առաջին, Ղարաբաղը պետք է հանձնենք, որպեսզի Հայաստանը փրկենք», - ասաց ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

Նրա խոսքով, Փաշինյանը Արցախի ճակատագիրը վճռել է անցած տարեվերջին Պրահայում՝ Միշել - Մակրոն - Փաշինյան - Ալիև քառակողմ հանդիպման ժամանակ. - «Այդ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Ղարաբաղը դիտարկել որպես Ադրբեջանի մաս»։

Անդրանիկ Թևանյան
Անդրանիկ Թևանյան

Փաշինյանի հակասական խոսքերի ու գործողությունների վերլուծությունը մի ելք է ուրվագծում, եզրահանգեց պատգամավորը. - «[Լաչինի միջանցքը] Պարբերաբար փակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում քաղաքական փոփոխություն չի եղել, քաղաքականության փոփոխություն չի եղել։ Իսկ էդ քաղաքականության փոփոխությունը նշանակում է իշխանափոխություն»։

Գործող իշխանության փոփոխությամբ է հնարավոր կանխել Հայաստանի ու Արցախի գլխին պայթող սպառնալիքները։ Այս կարծիքին էր նաև Հանրապետական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը։ Արցախյան հարցը, նրա համոզմամբ, մութ կողմեր ունի, պետք է բացահայտվի՝ ինչ է խոստացել Փաշինյանը Ադրբեջանին. - «Անհրաժեշտ է համախմբվել և հասնել իշխանափոխության, որից հետո միայն ցանկացած լուծում կարելի կլինի կյանքի կոչել՝ ի շահ և ի բարօրություն մեր երկրի ու մեր ժողովրդի»։

Գուրգեն Արսենյան
Գուրգեն Արսենյան

Իշխող խմբակցությունից դահլիճում էր միայն պատգամավոր Գուրգեն Արսենյանը։ Իշխանական պատգամավորը խաղաղ լսում էր Արցախին ու արցախցիներին սպառնացող վտանգների մասին ելույթները։ Զայրացավ, երբ այդ ելույթներն ավարտվեցին իշխանափոխության մասին եզրահանգումներով։ Մոտեցավ ամբիոնին ու կշտամբեց ընդդիմադիրներին. - «Ինչի՞ մասին եք խոսում, էս ի՞նչ սպառնալիքներ եք ուղղում Հայաստանի գործող իշխանությանը, օրինական իշխանությանը։ Դուք տե՞ր եք ձեր սպառնալիքներին... Ձեր դատավճիռը տվել ա ժողովուրդը, տվել ա ընտրությունների ընթացքում... Անընդհատ 120 հազար Ղարաբաղի բնակիչներ... 3 միլիոն Հայաստանի բնակիչներ, պատասխանատու ենք մենք էդ մարդկանց համար, պատասխանատու ենք մեր երկրի համար։ Ձեր գործունեությունը ուղղեք Հայաստանի պետական շահերի սպասարկմանը։ Այն, ինչ որ դուք անում եք, չի բխում մեր երկրի շահերից»։

Իշխանությանը պաշտպանելուց հետո Արսենյանը լքեց դահլիճն ու քայլեց ուղիղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի աշխատասենյակ։

Իշխող թիմից Ռուբեն Ռուբինյանը հեռավար էր հեևւել լսումներին։ Իր կարծիքը Ֆեյսբուքում է գրել։ Իշխանության ընդդիմախոսների ելույթներից եզրահանգել է, թե նրանք փորձել են նոյեմբերի 9-ի հայտարարությունը խախտած կողմերին ազատել պատասխանատվությունից։

«Նույն այն վարչապետը, որը որ խոսում էր նշաձողը իջեցնելու մասին, հստակ 2021 թվականի սեպտեմբերի 2-ին հայտարարել էր, որ Արցախի ժողովրդի ինքնորշման իրավունքը սրբազան է», - ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։

2021 թվականի ընտրություններից հետո Հայաստանի կառավարությունը պարտավորվել էր Արցախի խնդիրը լուծել ինքնորոշման իրավունքի հիման վրա, հիշեցրեց Պողոսյանը։ Սակայն մեկ տարի անց Փաշինյանը հանկարծ հայտարարեց, թե պետք է իջեցնել կարգավորման նշաձողը, մոռացավ ինքնորոշման իրավունքի մասին. - «Արդյոք Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունները իրավունք ունեն նման ձևով մոտենալ Արցախի հիմնահարցին։ Ո'չ, չունե'ն։ Դա հակասահմանադրական է առաջին հերթին»։

Անկախության հռչակագրով է ամրագրվել՝ Հայաստանը ճանաչում է Արցախի ինքնորոշման փաստը։ Այս հռչակագրով է մեր պետականությունը ստեղծվել, շեշետեց սահմանադրագետը, և որևէ իշխանություն իրավուքն չունի այդ սկզբունքից. - «Ցանկացած պայմանագիր, որը որ Հայաստանի Հանրապետությունը կարող է կնքել այդ առումով, կլինի հակասահմանադրական»։

Արցախի հարցի թեմայով ընդդիմությունը հայտարարության երկրորդ նախագիծ է մշակել, որը դեռ չի քննարկվել։ Առաջինը տապալվեց, քանի որ իշխանությունը չմասնակցեց քվեարկությանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG