Ստեփանակերտի կենտրոնական շուկայում և միրգ-բանջարեղենի խանութներում արդեն իրացվում են նարինջ և մանդարին, հայտնում է Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը՝ նշելով՝ ավելի վաղ մեկնարկել է գազարի իրացման գործընթացը:
Աշխատանքներ են տարվում Արցախի շրջաններում ևս նշված ապրանքատեսակների բաշխումը իրականացնելու համար:
Հանձնաժողովը սպառողներին հորդորում է զերծ մնալ հրապարակված գներից ավելի բարձր գներով նշված ապրանքատեսակները ձեռք բերելուց, իսկ նման դեպքերին առնչվելուն պես ահազանգել թեժ գծերի միջոցով:
Շրջափակման արդեն 52-րդ օրն է։ Արցախցիների խնդիրները չեն թեթևանում. հոսանքն օրական 6 ժամով անջատվում է։ Երեկ Արցախից նաև հայտնեցին, որ կտրոնային համակարգի ներդրումը որոշակի չափով մեղմել է պարենային խնդիրը, սակայն բնակչությունը շարունակում է զրկված մնալ մի շարք կարևոր ապրանքատեսակներ ձեռք բերելու հնարավորությունից, ինչպես նաև առկա է բենզինի և դիզվառելիքի պաշարների սղություն։ Գազամատակարարումը թեև վերականգնվել է, բայց էներգետիկ համակարգի մեծ ծանրաբեռնվածության պատճառով կապույտ վառելիք ունեն միայն Ստեփանակերտի բնակիչները: