Կապիտան Եղիշե Հակոբյանը ցուցմունք տալու մտադրություն ունի՝ հենց նրա առողջական, հոգեբանական վիճակը բարելավվի, «ԱԶատությանը» փոխանցեց Ազատի զինվորական կացարանի ողբերգական հրդեհի մեղադրյալներից Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
«Ցուցմունք տալու ցանկություն հայտնել է, ինչի մասին վարույթ իրականացնող մարմնին իրազեկել է Եղիշե Հակոբյանը։ Իսկ նրան առաջադրված մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, դա կհայտնի, երևի ցուցմունք կտա այդ կապակցությամբ, արդեն, ըստ էության, դիրքորոշումը կպարզվի», - ասաց Հովսեփ Սարգսյանը։
15 զինծառայողի կյանք խլած հրդեհից ժամեր անց վարչապետի ներկայացրած վարկածը մինչև այժմ էլ համարվում է հիմնականը․ Եղիշե Հակոբյանը, բենզինով լի 5 լիտրանոց տարան վերցրել ու փորձել է դրանով թեժացնել վառարանի կրակը։ Հրդեհը տարածվել է դեպի զինվորների ննջարան, որտեղ էլ քնած մահացել են 15 զինծառայողներ։ Կապիտան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու հոդվածով։
Փաստաբանը հիշեցնում է՝ խոսքն անզգույշ մեղքի մասին է, մեղադրանքն էլ, ըստ նրա, խիստ նախնական է։
«Բավականին ճշգրտումների խնդիր կա, վարույթ իրականացնող մարմինն այդ կապակցությամբ քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկել է բազմաթիվ գործողություններ, նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատագենետիկական, թմրաբանական համալիր փորձաքննություններ», - ասաց Սարգսյանը։
Փաստաբանը երեկ զրուցել է կապիտանի հետ, ծանոթացել հասանելի դատավարական փաստաթղթերի հետ, կարծում է, որ իրավապահները ստուգում են բոլոր վարկածները, ինքն էլ, հետևելով նաև զոհված զինծառայողների հարազատների տեսակետներին, ասում է՝ զինծառայողների քնած մնալու հանգամանքը խնդրահարույց է։
«Դե էդպես մեկ վայրկյանում կամ հինգ րոպեում չի լինում, դա որոշակի ժամանակահատված է պահանջում, որպեսզի հրդեհը զարգանա, տարածվի, առաջացնի որոշակի վիճակներ և այլն», - ասաց փաստաբանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրդեհի զոհ դարձած զինծառայողների հարազատների հարցերը դեռ անպատասխան ենՍարգսյանը հույս ունի, որ փորձաքննությունները կբացահայտնեն, թե որն է եղել զինվորների մահվան պատճառը, արդյոք հրդեհը։ Ազատի հրդեհի գործով կապիտան Հակոբյանից բացի ևս երկու զինվորականների է մեղադրանք առաջադրվել՝ պաշտոնեական անփութության համար։ Ըստ իրավապահների՝ նրանք զինվորական կացարանը չէին ապահովել հրդեհից պաշտպանվելու միջոցներով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զինվորական կացարանում հրդեհի գործով երկրորդ սպան է կալանավորվել